Հրապարակւել են Ցեղասպանութեան հարցում թուրք դիւանագէտներին ուղղորդող 10 կէտերը
«Շփումներ հաստատէք հայկական սփիւռքի ներկայացուցիչների հետ»


«Հայերի առջև բացէք թուրքական դիւանագիտական առաքելութեան դռները»

17:43 • 21.04.10
Անկարան յատուկ ցուցումներ է ուղարկել աշխարհի տարբեր երկրներում հաւատարմագրւած իր բոլոր դիւանագիտական առաքելութիւններին:
Թուրքական Hurriyet օրաթերթը ներկայացնում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան` բոլոր թուրքական դեսպանատներին և հիւպատոսարաններին ուղարկւած «գործողութեան պլանում» տեղ գտած 10 կէտերը.
1. Շփումներ հաստատէք այն երկրի հայկական սփիւռքի ներկայացուցիչների հետ, որտեղ դուք գտնւում էք: Հայերի առջև բացէք թուրքական դիւանագիտական առաքելութեան դռները և նրանց նոյնպէս մասնակից դարձրէք ձեր կազմակերպած միջոցառումներին:
2. Մասնակցէք հայերի ազդեցիկ կազմակերպութիւնների միջոցառումներին և ժողովներին, բացատրէք նրանց Թուրքիայի դիրքորոշումը:
3. Հայկական սփիւռքում հիմնականում երեք խումբ կայ` Ցեղասպանութեան հարցում շահ հետապնդողներ, Թուրքիայից գաղթած, սակայն դեռևս կապեր պահպանողներ, Ցեղասպանութեան հարցում աւելի չափաւոր դիրքորոշում ունեցողներ: Յատկապէս կապեր հաստատէք այդ վերջին խմբի ներկայացուցիչների հետ: Սակայն մի անտեսէք նաև Թուրքիային դէմ հանդէս եկողներին: Նրանց նոյնպէս հրաւիրէք դեսպանատներում և գլխաւոր հիւպատոսութիւններում կազմակերպւող միջոցառումներին:
4. Այն երկրներում, որտեղ դուք գտնւում էք, մի անտեսէք հայ դիւանագէտներին: Անպայման ընդունէք նրանց հրաւէրներն ու մասնակցէք նրանց կողմից կազմակերպւող հաւաքոյթներին:
5. Շփումներ հաստատէք այն երկրների համալսարաննների, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ, որտեղ դուք գտնւում էք: Ելոյթով հանդէս եկէք նրանց կողմից կազմակերպւող միջոցառումների ժամանակ: Իւրաքանչիւր առիթի դէպքում ներկայացրէք, բացատրէք Ցեղասպանութեան հետ կապւած Թուրքիայի դիրքորոշումը:
6. Շփումներ հաստատէք այն երկրների մտաւորականների հետ, որտեղ դուք գտնւում էք, և նրանց ներկայացրէք Թուրքիայի դիրքորոշումը:
7. Զարգացրէք ձեր կապերը Թուրքիայի հետ մօտ յարաբերութիւններ ունեցող Բալկանեան, Մերձաւոր Արևելքի, հարևան երկրների դիւանագէտների հետ: Ցեղասպանութեան թեման օրակարգ բերէք այդ երկրների դիւանագէտների հետ կազմակերպւող համաժողովների ընթացքում: Ստեղծէք այնպիսի պայմաններ, որոնց դէպքում երրորդ երկրների դիւանագէտները, յատկապէս նրանք, ովքեր ջերմ են վերաբերւում Թուրքիային, կը կարողանան ծանօթանալ Թուրքիայի դիրքորոշմանը:
8. Թուրքիայի դիրքորոշումը ներկայացնելիս յատկապէս շեշտադրում արէք Անկարայի առաջարկած և Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւններում տեղ գտած «պատմաբանների համատեղ յանձնաժողովի» վրայ: Ձեր հիմնական ուղերձը պէտք է լինի պատմութիւնը պատմաբաններին թողնելը:
9. Ուշադրութիւն հրաւիրէք Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վրայ: Նշէք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև յարաբերութիւնների բարելաւումը նպաստելու է երկու երկրների ժողովուրդների բարօրութեանը:
10. Ընդգծէք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների զարգացումը նպաստելու է Կովկասում կայունութեան հաստատմանը: Այդ շրջանակում բացատրէք, որ ողջ տարածաշրջանում կայունութեան ապահովման համար անհրաժեշտ է ոչ միայն Երևան-Անկարա մերձեցումը, այլ նաև Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորումը»:

Tert.am

0 Պատգամ: