Խոջալուի մասին ճշմարտութիւնը գրող ադրբեջանցի լրագրողին պահանջում են ազատ արձակել

14:54 • 23.04.10
Amnesty International կազմակերպութիւնը Ադրբեջանի իշխանութիւններին յորդորել է ազատ արձակել ահաբեկչութեան և զրպարտութեան կեղծ մեղադրանքներով ձերբակալւած լրագրողին։
Նշենք, որ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը վճռել է, որ լրագրողի ձերբակալութիւնն անարդարացի է եղել։ Դատարանի համաձայն՝ Էյնուլա Ֆատուլաևը, որը ձերբակալւել էր 2007թ. ապրիլին իշխանութիւնների հասցէին մի շարք քննադատական յօդւածներ գրելու համար, պէտք է անյապաղ ազատ արձակւի։
Նշենք, որ Էյնուլա Ֆատուլաևին իշխանութիւնները մեղադրում էին զրպարտութեան համար։ Նա երկու յօդւած էր տպագրել, որոնցում կասկածի տակ էր դնում Խոջալուի դէպքերի ադրբեջանական մեկնաբանութիւնը։
Աւելի ուշ ադրբեջանցի լրագրողի դէմ առաջ էին քաշւել նաև ահաբեկչութեան մեղադրանքներ՝ ահաբեկչական բնոյթի յօդւածներ գրելու համար, որոնցում նա քննադատութեան էր ենթարկում Ադրբեջանի կառավարութեան արտաքին քաղաքական որոշումները։
Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճռի համաձայն՝ Էյնուլա Ֆատուլաևի դէմ առաջ քաշւած մեղադրանքները խախտում են խօսքի իրաւունքը։
Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճիռը վերջնականապէս ուժի մէջ կը մտնի երեք ամիս անց, եթէ չբողոքարկւի։ Եւրոպական դատարանը Ադրբեջանի իշխանութիւններին կոչ է արել անյապաղ ազատ արձակել լրագրողին։Amnesty International-ը հաւատացած է, որ Էյնուլա Ֆատուլաևի ազատազրկումը լրագրողին լռեցնելու փորձ է։ Միջազգային կամզակերպութիւնը նրան համարում է խղճի բանտարկեալ։

Tert.am

0 Պատգամ: