Թուրքիան Աղդամի եւ Ֆիզուլիի վերադարձի հարցում ստացել է համանախագահող երկրների աջակցութիւնը
«Սերժ Սարգսեանի վարած քաղաքականութեան ամենակարեւոր ձախողումն այն է, որ ՝ չյաջողւեց անջատել Հայ-թրքական գործընթացը Ղարաբաղեան կարգաւորումից»
17:06 / 27.04.2010
Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը կասեցնելու մասին Սերժ Սարգսեանի որոշումը, ըստ էութեան, փոփոխութիւն չի մտցնում ՀՀ ԱԺ-ում դրանց վաւերացման գործընթացի կագավիճակի մէջ: Նման յայտարարութեամբ ապրիլի 27-ին հանդէս է եկել ՀԱԿ կենտրոնական գրասենեակի համակարգող Լեւոն Զուրաբեանը։
Այս կապակցութեամբ ՀԱԿ-ի տարածած յայտարարութեան մէջ նշւում է, որ Սերժ Սարգսեանի վարած քաղաքականութեան ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակւած մտադրութիւնների եւ խոստումների՝ չյաջողւեց անջատել Հայ-թրքական գործընթացը Ղարաբաղեան կարգաւորումից, ինչի հետեւանքով Հայ-թրքական եւ Ղարաբաղեան կարգաւորման գործընթացները միջազգային հանրութեան կողմից այլեւս դիտարկւում են որպէս փաթեթով լուծւելիք միասնական խնդիր:
Միւս կարեւոր դրոյթը, որի վրայ ուշադրութիւն դարձրեց ՀԱԿ ներկայացուցիչը, այն է, որ ստանալով Ցեղասպանութեան ուրացումը եւ դրա փոխարէն ոչինչ չհատուցելով՝ Թուրքիան այժմ զարգացնում է յաջողութիւնը, սահմանի վերաբացման դիմաց պահանջելով Աղդամի եւ Ֆիզուլիի վերադարձը Ադրբեջանին. «Ըստ որոշ տւեալների, Թուրքիան արդէն ստացել է այդ հարցում համանախագահող տէրութիւնների աջակցութիւնը»,- համոզմունք յայտնեց Լեւոն Զուրաբեանը:
Ամփոփելով՝ նա նկատեց, որ «Սերժ Սարգսեանը ստիպւած մտաւ դիւանագիտական այնպիսի գործընթացների մէջ, որոնք թոյլ են տալիս իրեն ձեռք բերել միջազգային հանրութեան աջակցութիւնը եւ ամրապնդել իր խոցելի եւ ոչ-լեգիտիմ կառավարումը Հայաստանում: Կործանարար այս գործընթացի կասեցման միակ միջոցն այն է, որ դադարեցւեն բռնութեան եւ դրսի օժանդակութեանը կառչելու փորձերը եւ երկրում նախաձեռնւեն համերաշխութեան եւ ազգային համախմբման գործընթացներ, որոնք կը յանգեցնեն Հայաստանում ժողովրդավարութեան եւ լեգիտիմ իշխանութեան ձեւաւորմանը»:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: