Երևանի որոշումը Վաշինգտոնին չի զարմացրել

12:06 • 23.04.10
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին ճեպազրոյցի ընթացքում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի երէկւայ յայտարարութեանը, որով կասեցւում է Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը։
Քրոուլին նախ բառացիօրէն կրկնել է այն, ինչ աւելի վաղ Էստոնիայում յայտարարել էր ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը։
Ապա պատասխանելով լրագրողների այն հարցին, թէ ինչպէս է ինքը վերաբերւում ՀՀ նախագահի երեկւայ յայտարարութեանը, որը կատարւել է Բարաք Օբամայի ուղերձից երկու օր առաջ, ինչպէս նաև այն հարցին, թէ երկու օր առաջ Սերժ Սարգսեանի և Դմիտրի Մեդվեդևի միջև տեղի ունեցած հանդիպումը ինչպէս կարող էր անդրադառնալ այդ յայտարարութեան վրայ, Քրոուլին նշել է, որ այս ամէնի մէջ արտաքին ազդեցութիւն չի տեսնում։
«Նախագահ Սարգսեանի յայտարարութիւնը մեզ չի զարմացրել։ Մենք ինտենսիւ հանդիպումներ ենք ունեցել հայկական և թրքական կողմերի հետ այստեղ՝ Վաշինգտոնում։ Մենք նաև շարունակական կապ ենք պահում Ադրբեջանի հետ։ Եւ մենք հասկանում ենք, որ երկու կողմերը հասել են, չէի ասի, փակուղու, բայց մի տեսակ պատնէշի Արձանագրութիւնների վաւերացման հարցում։ Մեզ լաւատեսութիւն է ներշնչում այն, որ կողմերից ոչ մէկը դուրս չի եկել գործընթացից, բայց կարծում եմ՝ մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մեզ պարզապէս որոշակի ժամանակ է հարկաւոր գործընթացը կրկին շարունակելու համար նոր հնարաւորութիւն ստեղծելու համար։ Կարծում եմ՝ սա այն է, ինչ հայերն ակնարկում էին, որ պատրաստւում են անել, այդ պատճառով մեզ այդ յայտարարութիւնը չի զարմացրել»,- մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։
Պատասխանելով հարցին, թէ արդեօ՞ք գործընթացը կարող է տապալւել, Քրոուլին նշել է, որ «պաշտօնական Վաշինգտոնը գոհ է, որ թէ՛ Հայաստանը, թէ՛ Թուրքիան ջանքեր են գործադրում, որպէսզի գործընթացը չտապալւի։ Սա մեզ լաւատեսութեան որոշ առիթ է տալիս, որ աւելի երկարաժամկէտ հեռանկարում մենք կարող ենք ուղիներ գտնել գործընթացին վերադառնալու և արձանագրութիւնները կրկին առաջ մղելու համար»։
«Սա էր մեր մեսիջը՝ ուղղւած թէ՛ Հայաստանին, թէ՛ Թուրքիային Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպումներում. ընթացքի մէջ պահէք գործընթացը, եթէ ձեր կարծիքով՝ սա ճիշտ ժամանակը չէ, լաւ, մենք հետ քայլ կը կատարենք և կը վերագնահատենք, թէ ինչպէս կարելի է առաջ շարժւել։ Ահա թէ ինչու է Ֆիլիպ Գորդոնն ասել, որ որ սրանք խրախուսելի քայլեր են այն առումով, որ երկու կողմերը նւիրւած են մնում յարաբերութիւնների բարելաւման գործընթացին, քանի որ, ըստ իս, այդ ամէնը, վերջիվերջոյ, բխում է նրանց երկուսի շահերից։ Մենք պարզապէս պէտք է առաջ շարժւելու ուղի գտնենք»,- մեկնաբանել է Քրոուլին։
Tert.am

0 Պատգամ: