ԵԽԽՎ լիագումար նիստում հրապարակւել է Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող յայտարարութիւն


17:29 • 29.04.10
Այսօր առաւօտեան Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի մեկնարկին հրապարակւել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող և դատապարտող յայտարարութիւն։
Այս մասին Ստրասբուրգից հեռախօսով Tert.am–ին տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանեան պատւիրակութեան անդամ, ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցութեան պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը։ Նրա խօսքով, նախօրէին հայկական պատւիրակութիւնը շրջանառութեան մէջ էր դրել Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող գրաւոր յայտարարութեան նախագիծ։
«Հաշւի առնելով, որ լրացաւ Հայոց Ցեղասպանութեան 95–ամեակը, և արձանագրելով, որ Ցեղասպանութեան ճանաչումը նպաստում է մարդկային արժանապատւութեան յարգմանը և մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելմանը, վկայակոչելով տարբեր երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, Վեհաժողովի ներքոստորագրեալ անդամները Վեհաժողովի անդամներին կոչ են անում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր 1915թ. Օսմանեան կայսրութեան իրականացրած Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ, որը կնպաստի, որ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչի նաև Թուրքիան, ինչն էլ կնպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև յարաբերութիւնների բնականոնեցմանը և տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը»,– գրաւոր յայտարարութեան հակիրճ բովանդակութիւնը ներկայացրեց Նաիրա Զոհրաբեանը։
Նրա խօսքով, հայկական պատւիրակութեան գրաւոր յայտարարութեանը միացել են Վեհաժողովի 15–ից աւելի երկրների ներկայացուցիչներ, այդ թւում այնպիսի երկրների ներկայացուցիչներ, որոնց երկրները դեռևս չեն ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը (օրինակ, յայտարարութեանը միացել է Մեծ Բրիտանիայի պատւիրակութեան ներկայացուցիչը)։
«Սահմանւած ընթացակարգով, երբ հաւաքւում է 20–ից աւելի ստորագրութիւն, իսկ մենք հաւաքել են շատ աւելի մեծ թւով ստորագրութիւններ, այդ յայտարարութիւնը յանձնւում է քարտուղարութիւն, և այսօր առաւօտեան արդէն Վեհաժողովի լիագումար նիստի մեկնարկին նիստը նախագահող ֆրանսիացի պատգամաւոր Ժան Կլոդ Մինյոնը հրապարակեց այդ յայտարարութիւնը՝ ասելով, որ այն բաց է ստորագրութիւնների համար, ցանկացողները կարող են միանալ»,–նշեց հայկական պատւիրակութեան ներկայացուցիչը՝ ուշադրութիւն հրաւիրելով այն հանգամանքի վրայ, որ այսօրւայ նիստը չղեկավարեց ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն։«Մենք այդպէս էլ ակնկալում էինք, որ Չավուշօղլուն չի վարի նիստը, որպէսզի խուսափի այդ յայտարարութեան հրապարակումից»,– ընդգծեց Զոհրաբեանը։
«Ես շատ կարևոր եմ համարում, որ Վեհաժողովի ամբիոնից հերթական անգամ հնչեցւեց Հայոց Ցեղասպանութեան մասին, հնչեցւեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտելու մասին և հնչեցւեց կոչ Թուրքիային՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանութիւնը»,– եզրափակեց Նաիրա Զոհրաբեանը։

Tert.am

0 Պատգամ: