Հայ Առաքելական եկեղեցին նշում է

Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնը



15:21 • 05.01.11
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Յունւարի 5-ին և 6-ին նշում է Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնը:
Սուրբ ծնունդը Հայ Առաքելական եկեղեցին սկսում է տօնել Յունւարի 5-ի երեկոյեան, երբ բոլոր եկեղեցիներում մատուցւում է ճրագալոյցի Պատարագ: Ճրագալոյցի պատարագ տարին ընդամէնը 2 անգամ է մատուցւում` Սուրբ Ծննդեան և Սուրբ Յարութեան տօներին: Ճրագալոյց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյեան մարդիկ եկեղեցում վառւած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստւածային լոյս, եկեղեցու օրհնութիւն:
Յունւարի 6-ին կատարւում է Ջրօրհնէք, որը խորհրդանշում է Յորդանան գետում Քրիստոսի մկրտութիւնը: Խաչով և Սրբալոյս Միւռոնով օրհնւած հրաշագործ ջուրը բաժանւում է ժողովրդին` ի բժշկութիւն հոգևոր և մարմնաւոր ախտերի:
Սուրբ Ծննդեան տօնակատարութիւնների շարքում կատարւում է նաև Տնօրհնէքի արարողութիւն: Յունւարի 7-ը, ինչպէս և բոլոր տաղաւար տօներին յաջորդող օրերը, հանգուցեալների յիշատակութեան օր է` մեռելոց: Յունւարի 7-ին` Սուրբ Պատարագից յետոյ, բոլոր եկեղեցիներում կատարւում է հոգեհանգստեան արարողութիւն, որից յետոյ մարդիկ այցելում են հարազատների շիրիմները: Սուրբ Ծննդեան տօնի հանդիսութիւններն աւարտւում են Յունւարի 13-ին:
Երէկ` ժամը 17:30-ին, Հայաստանեայց Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցւեց ճրագալոյցի տօնական Սուրբ Պատարագ` ազդարարելով Սուրբ Ծննդեան աւետիսը: Մարդիկ եկեղեցում վառւած մոմերը իրենց հետ տուն տարեցին և սկսեցին տօնել Սուրբ Ծնունդը:
Յունւարի 6-ին` ժամը 11:00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցւի Սուրբ Ծննդեան տօնական Պատարագ, որից յետոյ կկատարւի Ջրօրհնէքի արարողութիւն: Օրհնւած ջուրը կբաժանւի ներկաներին:
Յունւարի 7-ին հանգուցեալների յիշատակութեան օրն է: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցւի Պատարագ, որից յետոյ կկատարւի հոգեհանգստեան կարգ, այնուհետև մարդիկ կայցելեն հարազատների շիրիմներին:
Յունւարի 13-ին Տիրօջ անւանակոչութեան օրն է: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում կմատուցւի Պատարագ:


Tert.am


0 Պատգամ: