Իրանը Ռուսաստանին, Չինաստանին
ու ԵՄ-ին հրաւիրում է այցելել իր
միջուկային օբյէկտներ
20:47 • 04.01.11
Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնում՝ ՄԱԳԱՏԷ-ում, Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանին Ռուսաստանի, Չինաստանի, ինչպէս նաև ԵՄ դիւանագէտներին հրաւիրել է այցելել Իրանի միջուկային օբյէկտներ:
Այս մասին յայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով գործակալութեան տնօրինութեան տակ յայտնւած Սոլթանիի նամակը:Նամակում նշւում է նաև, որ այցի օպտիմալ ժամանակահատւածը 2011 թ. յունւարի 15 և 16-ն է:
Յիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ժնևում աւարտւեցին իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւնները:
Իրանական դօսյէի քննարկման յաջորդ փուլը սպասւում է, որ տեղի կունենայ այս տարեսկզբին Ստամբուլում: Աւելի վաղ, իրանական իշխանութիւններն առաջարկել էին միջազգային միջնորդների վեցեակի՝ Ռուսաստանի, ԱՄՆ, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ բանակցութիւնների յաջուրդ փուլն անցկացնել լրագրողների ներկայութեամբ: Թեհրանի յայտարարութեամբ՝ Իրանը պատրաստ է, որ Յունւարին սպասւելիք նստաշրջանի ժամանակ կողմերի միջև բանակցութիւններն արձանագրւեն մամուլի ներկայացուցիչների կողմից:
Նշենք, որ անցած տարւայ մայիսին Թեհրանը համաձայնել էր թուրք և բրազիլացի միջնորդների առաջարկութեանը, որի համաձայն մօտ 1,2 տոննայ ցածր հարստացւած իրանական ուրանը պէտք է արտահանւի Թուրքիա՝ 20 տոկոս հարստացւած 120 կգ–ի դիմաց:Իրանը, սակայն, սպառնացել էր, որ համաձայնագիրը չի վաւերացւի, եթէ ՄԱԿ-ի ԱԽ-ում համաձայնութիւն ձեռք բերեն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու շուրջ:
2010 թ. յունիսի 9-ին ՄԱԿ-ի ԱԽ –ն կողմ քւէարկեց Իրանի Իսլամական Հանրապետութեան նկատմամբ նոր պատժամիջոցային բանաձևի ընդունմանը:
Չորրորդ պատժամիջոցային բանաձևը, որին կողմ քւէարկեցին այդ թւում՝ Ռուսաստանը և Չինաստանը, խստացնում էր էմբարգոն Թեհրանի զէնքի վաճառքի նկատմամբ և ընդլայնւում էր այն իրանական կազմակերպութիւնների ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառւում:
Այդ բանաձևը արգելում էր Իրանին ծանր զէնք, ինչպէս օրինակ հրթիռներ հարւածային ուղղաթիռներ գնել: Բանաձևը կոչ է անում նաև պատժամիջոցներ կիրառել արտասահմանում գտնւող այն իրանական բանկերի նկատմամբ, որոնք կասկածւում են միջուկային և հրթիռային ծրագրերի մէջ մասնակցութիւն ունենալու համար:
Նոր բանաձևը նաև կոչ է անում նաև վերահսկման ռեժիմ սահմանել իրանական ծովային նաւերի նկատմամբ, ինչպիսին որ գործում է Կօրէայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետութեան նկատմամբ:
Նշենք, որ յունիսի 9-ին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմանը կողմ քւէարկեցին ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամները՝ Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը, Անգլիան, Ֆրանսիան:
Եօթ ոչ մշտական անդամները՝ Աւստրիան, Բոսնիան և Հերցեգովինան, Գաբոն, Մեքսիկան, Նիգերիան, Ուգանդան, Ճապոնիան, Բրազիլիան և Թուրքիան դէմ քւէարկեցին, իսկ Լիբանանը ձեռնպահ մնաց:

Tert.am

0 Պատգամ: