Նոր տարւայ սեղանի համար դեռ ոչինչ չեմ գնել,


սպասում եմ աշխատավարձիս, ստանամ,


տեսնեմ՝ ինչ եմ անում





Դեկտեմբեր 30, 2010 10:44
Նոր տարւան մէկ օր է մնացել, սակայն մայրաքաղաքի մթերային խանութների աժիոտաժը նախորդ տարւայ խառնաշփոթի հետ չես համեմատի։ Այս տարի հայաստանցիները կարծես չեն շտապում րոպէ առաջ աւարտել իրենց ամանորեայ գնումները, նայում են ապրանքների բաձր գներին ու մի տեսակ «քոռ ու փոշման» հեռանում խանութներից։
Ինչեւէ, պարզելու համար, թէ ինչպէս են պատրաստւում դիմաւորել Նոր տարին մեր համաքաղաքացիները, Նոր տարւայ գնումների ո՞ր մասն են հասցրել անել եւ ի՞նչ են, առհասարակ, ունենալու իրենց ամանորեայ սեղաններին, NEWS.am-ի թղթակիցը փոքրիկ հարցում անցկացրեց Երեւանի փողոցներում։
Ինչպէս պարզւեց, ամանորեայ ուտեստների առաջատարը եւ Նոր տարւայ սեղանի «զարդը», սպասւածի նման, աւանդական բուդն է, որից հայերս ոչ մի կերպ, այնուամենայնիւ, չենք կարողանում հրաժարւել։
«Այս տարի ամէն ինչի գները շատ թանկ են, բայց ինչ անենք, սովորել ենք։ Նեղութիւն տալով է, պարտքով է, մէկ է, Նոր տարւայ սեղանին խոզի բուդ անպայման դնելու ենք, թէ չէ առանց դրա սեղանը մի տեսակ դատարկ է երեւում, ճոխ չի լինում»,- նշեց մի կին։ Մէկ ուրիշ անցորդ էլ նկատեց, որ թէպետ դէմ է Նոր տարին «հայաւարի», ծանրումեծ դիմաւորելու սովորութեանը, այնուամենայնիւ իրեն եւս այլ բան չի մնում, քան ամէն ինչ անել «ընդունւած կարգի համաձայն»։ «Դեռ ոչինչ չեմ գնել։ Սպասում եմ աշխատավարձիս, ստանամ, տեսնեմ՝ ինչ եմ անում։ Բուդը բացառւում է, հաստատ չեմ գնելու, բայց գիտեմ, որ միջին սեղան ունենալու համար մօտ 200 հազար դրամ, այսպէս թէ այնպէս, կծախսեմ։ Ոչ ոքի զարմացնելու ոչինչ չունեմ, ինձ չեմ «կոտորելու»,- ասաց նա։
Մի տղամարդ էլ ասաց, որ Ամանորի գնումների առումով ինքն իրեն սահմանափակումների մէջ չի դնում եւ ծախսում է այնքան, ինչքան սիրտն ուզում է։
Հետաքրքիր է, որ ամանորեայ սեղանի ճոխութեանը մեծ տեղ են տալիս նաեւ երիտասարդները։ Մի 18-20 տարեկան աղջիկ, օրինակ, ամենայն լրջութեամբ նկատեց, որ «Նոր տարւայ սեղանի ճոխութեան համար աւանդական խոզի բուդը պարտադիր է»։ Նոյն կարծիքն արտայայտեց նաեւ նրա ընկերուհին։
Մէկ այլ երեւանցի էլ նշեց, որ մինչ դեկտեմբերի 25-ը ինքը 150 հազար դրամ արդէն իսկ ծախսել է։ «Երեւի մի 50 հազար էլ դեռ կծախսեմ եւ դրանով կսահմանափակւեմ»,- ասաց նա։
Հարցւածներից միայն երկու-երեք հոգի նշեցին, որ Նոր տարին դիմաւորելու են համեստ ու զուսպ՝ առանց աւելորդութիւնների։ «Ի վերջոյ, այս կեանքում ուտելն ամենակարեւորը չէ։ Պարզապէս պէտք է ուրախանալ, տօնը նշել եւ ոչ թէ կենտրոնանալ ուտելու վրայ»,- ասաց մի կին՝ աւելացնելով, որ մեծ գումարներ արժէ ծախսել ճամփորդութիւնների, ուսման եւ հետաքրքիր գրքեր գնելու, բայց ոչ երբեք Նոր տարին ճոխ նշելու վրայ։ Մէկ ուրիշ կին էլ ասաց, որ այս տարի Նոր տարին դիմաւորելու է ընկերների հետ. «Մենք պարզապէս խորուած կուտենք եւ վերջ։ Կարեւորն ընկերութիւնն է»։
Հարցին, թէ ի՞նչ սպասելիքներ ունեն մեր համաքաղաքացիները գալիք Նապաստակի տարւանից, հարցւածներից գրեթէ բոլորն էլ նշեցին, որ մեծ յոյսերով են դիմաւորելու 2011-ը։ «Կարեւորը, որ գալիք տարում ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Մնացած ամէն ինչ մարդու համար է. մի օր լաւ կլինի, մի օր՝ վատ»,- նշեց նրանցից մէկը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: