22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
Խորհրդային Միութեան լուծի տակ գտնւող հանրապետութիւնների ժողովուրդները կոմունիզմի երկաթէ վարագոյրով անջատւած էին արտաքին ազատ աշխարհից ու զրկւած էին խօսքի, մամուլի, խղճի, հաւաքների, միութիւնների, գործադուլների եւ օտար երկրների հետ յարաբերութեան մէջ մտնելու իրաւունքից՝ խորհրդային աշխարհը մի լայնածաւալ բանտ էր՝ շրջափակւած երկաթեայ փշալարերով:
Մարդ անհատը տրորւած էր ու զոհւում էր յանուն կոմունիստական վարչակարգի ինքնահաստատման նպատակի: Կոմունիստական կուսակցութեան սահմանած խիստ նեղ գծից ամենափոքր շեղումի համար՝ քաղաքացիներն աքսորւում էին սառուցեալ Սիբիրի բռնի աշխատանքի ճամբարները: Նման պայմաններում Խորհրդային Միութեան հիմնական կռւան հանդիսացող Կա. Գէ. Բէ. կազմակերպութիւնը անհաշտ պատերազմ էր ծաւալել հայոց ազգային գաղափարախօսութեան ջատագով եւ անկախ պետականութեան հիմնադիր Հ. Յ. Դաշնակցութեան դէմ:
Յատկանշելի է, որ բոլշեւիզմի եւ Դաշնակցութեան պատերազմն ընթանում էր անհաւասար պայմաններում, գաղափարական, քարոզչական եւ քաղաքական հարթութիւնների վրայ: Չնայած նրան, որ Խորհրդային Միութիւնն օժտւած էր պետական տեղեկատւական եւ նիւթական բացառիկ հնարաւորութիւններով, սակայն այս հնարաւորութիւնները խաբուսիկ էին, քանի որ հայ ժողովրդի հաւաքական ազգային մտածելակերպը զարգացած էր այլ ուղղութեամբ, որով ամրագրւած էր ազգային միութեան գործօնը:
Դարեր շարունակ հայ ժողովուրդը իր կուրծքը դէմ տւած օտար ուժերի հայակուլ յարձակումներին՝ միշտ կառչած էր մնացել սեփական հողին եւ ազատ ու անկախ պետականութեան կերտման սուրբ գաղափարին: Հ. Յ. Դաշնակցութիւնը իր յեղափոխական եւ ազատագրական գաղափարները տարածում է հայ ազգի բոլոր խաւերում, որովհետեւ նրա դաւանած գաղափարները հոգեհարազատ եւ ճշմարիտ էին եւ բխում էին հայ ժողովրդի լայն զանգւածների իրական շահերից, իսկ բոլշեւիզմը փորձում էր իր կեղծ գաղափարները տարածել հրով ու սրով, որովհետեւ ժողովրդական ճակատում բախւում էր խոշոր դժւարութիւնների՝ իր խօսքի ու գործի մէջ գոյութիւն ունեցող ակնյայտ հակասութիւնների պատճառով:
Այսպէս՝ հերթական անգամ հայ ժողովրդին յայտնի դարձաւ, որ հայկական իրական շահերի պաշտպանը հանդիսանում էր Հ. Յ. Դաշնակցութիւնը եւ բոլշեւիզմը արդէն սնանկացած գաղափարաբանութիւն էր, ուստի՝ պէտք էր ամէն գնով սատարել կոմունիստական վարչակարգի անխուսափելի փլուզման ու բռնութեան կործանման գործին լծւած Հ. Յ. Դաշնակցութեան:
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment