120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ
Հ. Յ. Դաշնակցութեան յամառ
դիմադրութիւնը՝ հայահալած
քաղաքականութեան դէմ
20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
Հայաստանի վերջնական խորհրդայնացումով՝ հայ ազգն ստացաւ մի ծանր հարւած. կորան հայրենի սեփական հողում ժողովրդի իրական ազատութիւնը եւ անկախութիւնը, Հայաստանը դարձաւ Խորհրդային Միութեան մի փոքր «Հանրապետութիւն» եւ գերեվարւեց ազգի իրաւունքը:
Կոմունիստական ապազգային վարչակարգը հալածեց ազգային գաղափարախօսութիւնն ու արժէքները եւ դաժանաբար խեղդեց ազգային ղեկավարութեան կազմաւորման բոլոր փորձերը՝ Հայաստանում:
Հայ կոմունիստները, միանալով Մոսկւայի Կոմկուսի Բիւրոյի ղեկավարութեանը, իրենց գործակալների միջոցով Հայաստանում եւ Սփիւռքում դաւեր էին նիւթում՝ պառակտում առաջացնելով հայ ժողովրդի հատւածների միջեւ:
Սակայն, այնքան հզօր էր հայ ազգի անհատականութիւնը եւ ազատասիրութիւնը, որ 70 տարի ազգը ապրեց եւ դիմացաւ թէ՛ խորհրդային, եւ թէ՛ սփիւռքեան արհաւիրքին:Հ. Յ. Դաշնակցութեան յամառ դիմադրութեամբ եւ կազմակերպական անկոտրում կամքով, Հայատանում եւ Սփիւռքում, հայ ժողովրդի ծոցում շարունակւեցին վառ մնալ ազատութեան, իրաւունքի եւ պայքարի գաղափարները:
Այսպէս՝ մի կողմից սփիւռքեան հայահալած պայմաններում, իսկ միւս կողմից՝ Խորհրդային Միութեան կոմունիստ գործակալների դաւադիր հարւածների տակ, հայ կեանքից խզւելու եւ հայկական արժէքներից եւ ազատագրական պայքարից հեռու մնալու դատապարտւած մեծ թւով հայեր Սփիւռքում, Հ. Յ. Դաշնակցութեան ծոցում իրենց ստացած ազգային դաստիարակութեան շնորհիւ՝ հետագայում դարձան հայութեան պատիւ բերող հայորդիներ: Այսպէս՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման հարցը, Թուրքիայի պատասխանատւութիւնը եւ կոմունիստական վարչակարգից Հայաստանին փրկելու խնդիրը պէտք է մնային Հ. Յ. Դաշնակցութեան քաղաքական ռազմավարութեան օրակարգում:
Սփիւռքում գործող հայկական կազմակերպութիւնները, Հայ Դատի յանձնախմբերը եւ կուսակցութիւններն ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը լայն գործունէութիւն ծաւալեցին Հայ Դատի եւ Հայոց Ցեղապանութեան դատապարտման քարոզչութեան ուղղութեամբ՝ ձգտելով այն դարձնել միջազգային յարաբերութիւնների քննարկման հարց:
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment