ՀՅԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Հրանտ Մարգարեան.-

«Ամենակարեւորը, որ մենք Հայաստանում արդէն

կայացած քաղաքական կուսակցութիւն ենք»



ԵՐԵՒԱՆ - «Ազատութիւն» կայանը հինգշաբթի, դեկտեմբերի 16-ին մի ընդարձակ հարցազրոյց կատարեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ. ընթացքում կայանը հարց է տւել, թէ Հ. Մարգարեանը ի՛նչն է համարում «Դաշնակցութեան ամենակարեւոր ձեռքբերումը՝ Հայաստանում հաստատւելուց յետոյ», որին նա պատասխանել է. «Ամենակարեւորը, որ մենք Հայաստանում արդէն կայացած քաղաքական կուսակցութիւն ենք:

Այլ կերպ ասած՝ մենք անցեալի հացը չենք ուտում: Չեմ ուզում խօսել Ղարաբաղեան պայքարում մեր ունեցած ներդրման մասին: Չեմ ուզում խօսել Հայաստանում ժողովրդավարութեան զարգացման համար տարւած մեր աշխատանքների շուրջ: Հայաստանում, դեռ խորհրդային ժամանակներից առկայ, իշխող ապազգային ուժին զուգահեռ ազգային գիծ բացելու ուղղութեամբ մեր ներդրման մասին նոյնպէս չեմ ուզում խօսել: Բայց, այն, որ մենք այս քսան տարիներում, ունենալով վերելքներ ու վայրէջքներ, այսօր հանդէս ենք գալիս որպէս ինքնուրոյն քաղաքական կազմակերպութիւն, դա փաստ է, մի կուսակցութիւն, որ կարող է դուրս գալ ասպարէզ ու բաց ճակատով նայել ժողովրդի աչքերին:

Այսօր Դաշնակցութիւնն ունի թռիչքային զարգացման բոլոր հնարաւորութիւնները»:Իսկ այն հարցին, թէ «Ո՞րն է գլխաւոր խնդիրը Դաշնակցութեան համար: Արդեօք իշխանափոխութի՞ւնը», Հ. Մարգարեանը պատասխանել է. «Միանշանակ կասեմ՝ մեր ժողովրդի միասնականութեան ապահովումը: Այսինքն՝ արդարութեան պայմաններում ազգային նպատակների շուրջ միասնականութիւն: Այսօրւայ գլխաւոր հարցը ես համարում եմ Ղարաբաղի հարցը: Մենք պատերազմում յաջողութիւններ ենք ունեցել՝ նւաճել ենք Ղարաբաղի ազատագրումը, որովհետեւ միասնական ենք եղել:

Ողջ ազգն էր միասնական՝ Հայաստան, Սփիւռք: Չենք ունեցել անկայուն վիճակ, ներքին պառակտումներ, առճակատումներ: Այդ պատճառով էլ՝ յաղթել ենք: Այսօր պատերազմը չի աւարտւել, այն շարունակւում է եւ այդ հարցի լուծումը նոր բարդացումներ է ստանում: Այսօր մեզ դարձեալ միասնականութիւն է պէտք, որպէսզի կարողանանք այս դարի ամենամեծ նւաճումը վերջնականօրէն ապահովել, Ղարաբաղի ազատագրումը յաւիտենականացնել»:Այս առթիւ Հայաստանի որդեգրած քաղաքականութեան մասին մի հարցի Հ. Մարգարեանը պատասխանելով՝ նշել է. «Երկու մասով պէտք է այդ խնդրին անդրադառնամ:

ՀՀ նախագահի ելոյթները, որ վերջին շրջանում եղել են, բաւականին դրական են, սակայն Աստանայում ստորագրւած փաստաթուղթը, որ հիմնւած էր Մադրիդեան սկզբունքների վրայ, մեզ համար ընդունելի չէ, բնականաբար՝ մտահոգիչ է ու խանգարող: Բանակցութիւններն այս նոր փուլում սխալ հիմքի վրայ սկսւեցին: Վերջին մէկ տարում, դրական առումով իհարկէ, Հայաստանի արտաքին քաղաքականութեան շեշտադրումները փոխւել են առաջին հանգրւաններում եղած շեշտադրումներից: Եթէ դա ընթացք է՝ սկզբունքային նոր մօտեցում, ապա պէտք է վերադառնալ զրօ կէտ, որովհետեւ բանակցութեան հիմքը չի կարող լինել ԼՂԻՄ-ը. բանակցութեան հիմքը պէտք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը»:

Իսկ այն հարցին, թէ կուսակցութիւնը իրապա՞շտ է համարում իշխանափոխութիւնը 2012 կամ 2013 թւականներին, Հ. Մարգարեանը պատասխանել է. «Ամէն ինչ պէտք է դիտարկել համեմատականութեան մէջ: Ես համարում եմ, որ ժողովրդի քաղաքականացման, կազմակերպւածութեան մակարդակը բաւարար չէ. զգում եմ, որ ժողովուրդը յաճախ է հակադրւում, մերժում, բայց թէ ինչո՛վ փոխարինի՝ դա չգիտի: Այստեղ է ողջ խնդիրը: Այս խնդիրն է, որ մենք պէտք է կարողանանք լուծել: Ժողովուրդը պէտք է գնայ ընտրութեան ու ծրագիր ընտրի՝ ուղղութիւն, ու վերջապէս ընտրի մարդկանց՝ իրենց կենսագրութեամբ, այլ ոչ թէ ընտրութեան գնայ, հակա-ի եւ կամ ընդդէմի հասկացութեամբ:

Եթէ ընտրութիւնների կարեւոր խնդիրներից մէկը արդար եւ թափանցիկ ընտրութիւնների կազմակերպումն է, միւս կարեւոր մասն էլ քաղաքականապէս կազմակերպւած ժողովուրդ ունենալն է: Ես հանդիպել եմ մարդկանց, որոնք քւէարկել են այս կամ այն կուսակցութեանը, որեւէ ուժի՝ որպէս հետեւանք գիւղապետի յորդորի եւ կամ կամաւոր՝ լսելով նրան: Ես հաւատում եմ, որ ժողովրդի քաղաքական գիտակցութիւնը գնալով բարձրանում է:

Վերջապէս, քսան տարւայ ընտրութիւնների փորձ կայ այս երկրում: Այս ամէնը պէտք է որ արդիւնք տայ, ժողովրդին պէտք է սթափեցնի, որպէսզի ժողովուրդը կարողանայ ճիշտ ընտրութիւն կատարել»:

«ԱԼԻՔ»

0 Պատգամ: