Thursday, December 30, 2010

2011-ին ընդառաջ

2011-ին ընդառաջ


Ամփոփելով 2010-ը պէտք է նկատել, որ այն ՀՀ-ի համար հերթական լճացման տարի էր՝ նման բրեժնեւեան շրջանի մառազմին։ Ներքին ու արտաքին կեանքում համատարած ձախողումներ էին, իսկ ձեռքբերումներն ի հեճուկս վարչակազմի էր։
Օրինակ՝ Հայաստանին յաջողւեց մասամբ դուրս գալ «նախաձեռնողական» որակւած դիւանագիտութեան տակից, բայց դա ոչ թէ Սերժ Սարգսեանի, այլ արտաքին ինչ-ինչ հանգամանքների և Ալիև-Էրդողան զոյգի յիմարութեան ու ագահութեան շնորհիւ։ Թէ չէ Սարգսեանին որ մնար՝ նա իր «ֆուտբոլասիրութեամբ» Հայաստանն ակամայից կդարձնէր թուրք-ադրբեջանական «պռախադնոյ դվոռ», և մենք այսօր ոչ թէ Նոր տարի, այլ, ասենք, Բայրամ կանէինք։
Ինչ վերաբերում է Սարգսեանի «մէկ օլիգարխի տնտեսութեան» կառուցմանը միտւած «նախաձեռնողականութեանը», ապա այն թափ է հաւաքում ու նորանոր աւերածութիւններ գործում մեր երկրում։
Վատ պարողներին խանգարող «հանգամանքները»
Վագրի տարին աւարտւեց հաւի ձւի շուկայում տիրող ճգնաժամով, և ինչպէս սովետական ժամանակաշրջանում էր լինում՝ հեռուստատեսութեամբ հիմա ցոյց է տրւում, թէ ձւի պլանը գերակատարվել է, այն է՝ որևէ խնդիր չկայ, բայց մարդիկ խանութներից կա՛մ չեն կարողանում հաւկիթ գնել, կա՛մ էլ հայաստանեան հաւերի ածած ձուն, պատկերաւոր ասած, արդէն ոսկու գնի է հաւասարւել։
Ընդհանուր առմամբ գնահատելով Սերժ Սարգսեանի և Տիգրան Սարգսեանի վարած տնտեսական քաղաքականութիւնը՝ կարելի է երկու պաշտօնական ցուցանիշ ներկայացնել, որոնք շատ խօսուն են։ Այդ ցուցանիշներն են՝ Հայաստան ժամանողների և այստեղից մեկնողների բացասական հաշւեկշիռը (շուրջ 60 000 մարդ) և ինֆլեացիան (մօտ 10%)։ Սա՛ է ՀՀ իշխանութիւնների որդեգրած տնտեսական քաղաքականութեան իրական գնահատականը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Կառավարութիւնը շատ վատ է աշխատել, իսկ Կենտրոնական բանկը խախտել է ՀՀ Սահմանադրութեան համապատասխան նորմը և չի ապահովել գների կայունութիւնը, բայց նման երևոյթները Սերժ Սարգսեանի համար, բնականաբար, չեն դառնում անընդունելի և անհանդուրժելի, քանի որ հէնց ի՛նքն է այդ անհանդուրժելի ու անընդունելի երևոյթների թիւ 1 ճարտարապետն ու պատասխանատուն։
Իրականութիւնն այն է, որ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի համար անհանդուրժելի ու անընդունելի են միայն այն երևոյթները, որոնք անձամբ իր ֆինանսատնտեսական ու աթոռային շահերի դէմ են։ Մնացած դէպքերում անհանդուրժելի երևոյթները խրախուսւում են։ Օրինակներ որքան ուզէք։
Այսպէս. երկրի արտաքին պարտքը երկու տարում կրկնապատկւում է, իսկ բերւած վարկերը, մեղմ ասած, անարդիւնաւէտ են օգտագործւում, բայց «տիրացուն» շարունակում է «Հայկական աշխարհ» կառուցել՝ ձեռքի հետ յաղթահարելով սեփական շրջապատի ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Այս ամէնը ոչ միայն անհանդուրժելի չի դառնում, այլ ոմանց ախորժակը ուտելիս է բացւում. յաջորդ տարի նախատեսւում է Հայաստանի արտաքին պարտքը հասցնել 4,2 միլիարդ դոլարի։ Այսինքն՝ արտաքին տնտեսական «նախաձեռնողականութիւնը» շարունակւելու է։
Մենք երկրորդ տարին անընդմէջ տնտեսական անկում ենք արձանագրում (այս տարւայ 2%-ից մի փոքր աւել ՀՆԱ աճն անւանական է, քանի որ կայ երկնիշ ինֆլեացիա), բայց վարչապետն ինքնագոհ շարունակում է non stop ռեժիմով հարցազրոյցներ տալ ու դեմագոգիայի շքահանդէս կազմակերպել։
Ի դէպ, շատ խորհրդանշական էր, որ Տ. Սարգսեանի՛ գլխաւորած կառավարութիւնը բախւեց ձւի խնդրի հետ։ Մի փոքր վերափոխելով յայտնի ասացւածքը՝ կարող ենք արձանագրել, որ վատ «պարող» կառավարութեանը նոյնիսկ ձւի շուկան է խանգարում։
Ալիևը՝ ՀՀ անվտանգութեան երաշխաւոր
Հայ-թրքական գործընթացը, որը սահուն կերպով վերածւել էր Հայաստանի վրայ Ղարաբաղի հարցով ճնշումներ բանեցնելու մեխանիզմի, Իլհամ Ալիևի անհեռատեսութեան ու նաւթադոլարների հոտից առաջացած խելապակասութեան շնորհիւ գրողի ծոցն ուղարկւեց, ինչի համար պէտք է շնորհակալ լինել մեր հարևան երկրի ղեկավարին։
Չլինէին Ալիևի ճնշումները Թուրքիայի վրայ՝ մենք ականատեսն էինք լինելու անդառնալի «ֆուտբոլի», որի յամառ նախաձեռնողն էր դարձել Սերժ Սարգսեանը և որը ողջունում էր Սարգսեանի աթոռային մրցակից Լևոն Տէր-Պետրոսեանը։
Փաստօրէն՝ Իլհամ Հէյդարիչի հայամէտ դիրքորոշման շնորհիւ «ֆուտբոլային» դիւանագիտութիւնը չբերեց Հայաստանի անվտանգութեան կորստին, իսկ Սարգսեանի «նախաձեռնողականութ»եան» շնորհիւ հիմնովին արժէզրկւեց «Առանց Ղարաբաղեան հակամարտութեան եւ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման Հայաստանն անվտանգութեան, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելաւման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թէ ում ձեռքում կլինի իշխանութեան ղեկը» գաղափարախօսութիւնը և խաղից դուրս մնացին այդ գաղափարախօսութեան կրող ուժերը, ովքեր ներքաղաքական պայքարում յոյսը դրել էին Հայաստանի համար արտաքին անբարենպաստ զարգացումների վրայ՝ «Հեսա Ղարաբաղը կյանձնեն ու մենք կգանք իշխանութեան» թեմայով։
Տապալւելով «ֆուտբոլային» դիւանագիտութեան մէջ՝ Սերժ Սարգսեանը տապալեց նաև Հայ ազգային կոնգրէսում փոքրամասնութիւն կազմող «սերգոջանական» թևին, ինչի համար պէտք է շնորհակալ լինել անընդունելի և անհանդուրժելի Սերժ Սարգսեանից։ Բայց հասկանալի է, որ ՀՀ անվտանգութիւնը և զարգացումը չի կարող յաւերժ կախւած լինել ալիևների կամ էրդողանների, կներէք արտայայտութեանս, էշութիւնից և Սարգսեանի «հայրենասիրական» պոռթկումներից։ Մեր ճակատագիրը մե՛նք պէտք է տնօրինենք, այլ ոչ թէ հույս ունենանք, որ Ալիևն էլի մեզ կփրկի։ Դրա համար հարկաւոր է լցնել ներքաղաքական դաշտի վակուումը և գնալ համակարգային փոփոխութիւնների՝ նախապէս, իհարկէ, լուծելով իշխանափոխութեան հարցը։
2011-ն այդ առումով շատ կարևոր տարի է՝ նախապատրաստական աշխատանքների տարի։ Անհրաժեշտ է քաղաքական ուժերի և անհատների լայն կոնսոլիդացիայ ապահովել, և կառուցել Նոր Հայաստան։
Բոլորիս մաղթում եմ, որ 2011-ը լինի պայքարի ու յաղթանակի նախապատրաստման տարի։


Անդրանիկ Թևանեան

70r.am

0 Պատգամ: