Շարժւէք խղճի մտօք.

Պատգամաւորներին կոչ է անում «Մենք Դէմ Ենք

Օտարալեզու Դպրոցների Վերաբացմանը

Նախաձեռնութիւնը»


«Թոյլ մի՛ տւէք, որպէսզի հեռացող ապաշնորհ պաշտօնեաներն իրենց այս
քայլով վերջնականապէս կործանեն մեր կրթութիւնը»


10:20 • 21.12.10
«Մենք դէ՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ ցաւով արձանագրում է, որ չնայած բազմաթիւ բողոքի ակցիաներին, ցոյցերին, քննարկումներին, «Ազգային ժողովի «որակեալ» մեծամասնութիւնը կրկին պատրաստւում է ոչ միայն քննարկել «Լեզւի մասին» և «Հանրակրթութեան մասին» օրէնքներում փոփոխութիւններ մտցնելու առաջարկը, այլև երկրորդ ընթերցմամբ քւէարկել դրանց օգտին»:
«Մենք` նախաձեռնութեան անդամներս և նախաձեռնութեանը միացած բազմաթիւ հասարակական-քաղաքական, արւեստի ու գիտութեան գործիչները, ֆէյսբուքեան խմբում գրանցւած երեքուկէս հազար անդամները, մի վերջին անգամ դիմում ենք Ազգային ժողովի պատգամաւորներին: Արդէն իսկ առկայ է նախադէպ, երբ պատգամաւորները, չնայած վերևից իջեցւած պատւէրին և Հայաստանում ընդունւած արատաւոր աւանդոյթին, օրէնքի քւէարկութեան ժամանակ վարւում են այնպէս, ինչպէս նրանցից պահանջում է սեփական խիղճը: Բոլոր այն պատգամաւորները, ովքեր օրերս տապալեցին «Աղբահանութեան մասին» օրէնքի ընդունումը, պէտք է գիտակցեն, որ Հայոց Լեզուն, ազգային դպրոցն ու դրանց վրայ խարսխւած անկախ պետականութիւնը բազմապատիկ անգամ աւելի կարևոր արժէքներ են, քան ցանկացած այսօրէական սոցիալական խնդիր, և եթէ այդ այրերն ու տիկնայք մէկ անգամ իրենց մէջ ուժ են գտել շարժւելու սեփական խղճի մտօք և ընդդէմ Համակարգի, ապա երկրորդ անգամ պարզապէս պարտաւոր են անել դա` յանուն մեր ազգային ժառանգութեան և արժանավայել ապագայի»,– ասւում է յայտարարութեան մէջ։
Նախաձեռնութիւնը պատգամաւորներին կոչ է անում. «Թոյլ մի՛ տւէք, որպէսզի հեռացող ապաշնորհ պաշտօնեաներն իրենց այս քայլով վերջնականապէս կործանեն մեր կրթութիւնը: Նրանք արդէն գնում են, իսկ դուք դեռ մէկ տարի ունէք, ինչից յետոյ գալու են ընտրութիւններ, որտեղ խոստանում ենք յիշեցնել և՛ լաւը, եթէ դէմ քւէարկէք օրինագծին, և՛ վատը, եթէ յանկարծ որոշէք կողմ քւէարկել դրան»։
Յիշեցնենք, որ նախորդ շաբաթւանից մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը երէկ օրւայ վերջում սկսեց քննարկել «Լեզւի մասին» և «Հանրակրթութեան մասին» օրինագծերը, որոնք նախատեսում են օտարալեզու դպրոցների բացում:


Tert.am

0 Պատգամ: