WIKILEAKS-Ը ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ Է

ՀԱՅ - ԹՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

ԱՌՆՉՒՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ



Շւէյցարիայի իշխանութիւնները, նախ եւ առաջ` արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը, Հայ - թրքական հաշտեցման գործընթացն ու երկկողմ արձանագրութիւնների ստորագրումն ընկալում էին որպէս պաշտօնական Բեռնի միջնորդական ջանքերի լուրջ յաջողութեան վկայութիւն: Այդ է վկայում WikiLeaks կայքում զետեղւած գաղտնի նամակը, որը 2009-ի հոկտեմբերի 8-ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին գրել է Բեռնում Միացեալ Նահանգների դեսպան Դոնալդ Բեյերը:
Ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրման նախօրէին գրւած այս ուղերձում ասւած է. - «Ես եւ Բեռնի դեսպանութեան ողջ աշխատակազմը անհամբերութեամբ ենք սպասում ձեր այցին: Այն, ըստ ամենայնի, նշանակալի իրադարձութիւն կդառնայ Հայ - թրքական յարաբերութիւնների կարգաւորման ճանապարհին, ինչն էլ, իր հերթին, կնպաստի Եւրատլանտեան անվտանգութեան համակարգի ամրապնդմանը»:
Ամերիկացի դեսպանը յատուկ ընդգծում է այն կարեւոր միջնորդական դերակատարութիւնը, որ պաշտօնական Երեւանի եւ Անկարայի շփումներում ստանձնել էր Շւէյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Միշլին Քալմի-Ռեյը:
«Տիկին Քալմի-Ռեյն այսօր իրեն բաւական վստահ է զգում, ինչը վերջին շրջանում արձանագրւած մի շարք արտաքին քաղաքական յաջողութիւնների արդիւնք է: Խօսքը շւէյցարական UBS բանկի եւ Միացեալ Նահանգների արդարադատութեան նախարարութեան միջեւ ձեռք բերւած համաձայնութեան, ինչպէս նաեւ Ժնեւում կազմակերպւած բանակցութիւնների մասին է, որոնց մասնակցեցին Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամ հինգ պետութիւնների եւ Գերմանիայի ներկայացուցիչները: Այդ յաջողութիւնների թւին կարելի է դասել նաեւ Հայ - թրքական արձանագրութիւնների` հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում կայանալիք ստորագրումը, որն ուղի է հարթելու երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման համար», - նշել է դեսպան Բեյերը` խորհուրդ տալով, սակայն, չանտեսել ներքաղաքական այն հնչեղութիւնը, որին արժանանում են Շւէյցարիայի արտգործնախարարի քայլերը:
«Թէեւ Քալմի-Ռեյը յաջողութիւնները տօնելու բաւարար պատճառներ ունի, այնուհանդերձ, նախարարի արտաքին քաղաքական ակտիւութիւնը Շւէյցարիայի քաղաքական դաշտում միանշանակ չի ընկալւում: Նման վերաբերմունքը, ըստ ամենայնի, շւէյցարական չեզոքութեան բազմադարեայ աւանդոյթի արդիւնքն է: Երբ խօսքը Շյցարիայի` որպէս միջնորդ պետութեան ներուժի կիրառմանն է վերաբերում, ինչպէս, օրինակ, Հայ - թրքական գործընթացի պարագայում է, ապա հանրային աջակցութիւնը երկրի ներսում բաւական ուժեղ է: Բայց աւելի «բարդ» դէպքերում Քալմի-Ռեյի տեսակէտները շւէյցարական հանրութեան լայն աջակցութեանը չեն արժանանում», - նշում է ամերիկացի դիւանագէտը` մասնաւորապէս յիշեցնելով այն ակտիւ աջակցութեան մասին, որ ցուցաբերեց Շւէյցարիայի արտաքին գործերի նախարարը Կոզովոյի անկախացման ընթացքում:

Գէորգ Ստամբոլցեան
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: