Google-ը և ԱՄՆ–ի հակաօդային

պաշտպանութիւնը կհետևեն

Սանտա Կլաուզի թռիչքներին


10:41 • 25.12.10
Google ինտերնէտ–կորպորացիան և Հիւսիսային Ամերիկայի հակաօդային ուժերի միացեալ ղեկավարութիւնը՝ NORAD, Սուրբ Ծննդեան նախօրէին սկսել են հետևել Սանտա Կլաուզի (Ձմեռ Պապի) տեղաշարժին։
Ինչպէս տեղեկացնում է NORAD–ը, դեկտեմբերի 24–ին, Հիւսիսային բևեռից օդ է բարձրացել կախարդական սահնակ, որը բեռնւած է աւելի քան 60 հազար տոննայ նւէրներով 2 միլիարդ երեխաների համար։Սանտայի ճանապարհորդութեանը կարող են հետևել բոլոր ցանկացողները NORAD–ի յատուկ կայքում, իսկ նրա գտնւելու կոնկրէտ վայրը հասանելի է մի քանի ծառայութիւնների միջոցով, ինչպիսին է, օրինակ, Google Maps–ը (դրա համար անհրաժեշտ է որոնում կատարել Santa NORAD բառերով)։Սանտա Կլաուզի կախարդական սահնակի ճանապարհորդութեանը կարելի է հետևել նաև Facebook –ում և Twitter–ում։
Սանտային հետևելու աւանդոյթը գալիս է 1955թ–ից, երբ Sears Robebuck & Co թերթը հրապարակեց Սանտայի հեռախօսահամարը, որով երեխաները կարող էին նրան զանգահարել։ Սակայն թերթում տեղի ունեցած վրիպակի պատճառով երեխաները զանգահարում էին ռազմաօդային ուժերի մայրցամաքային ղեկավարութիւն (CONAD)՝ NORAD–ի նախորդին։ Քանի որ զանգերի քանակը մեծացել էր, զինւորականները սկսեցին երեխաներին տեղեկատւութիւն տալ Սանտայի գտնւելու վայրի մասին, որը նրանք իմանում էին իրենց ռադարներից։ Google–ը միացել է այդ աւանդոյթին 2004թ., իսկ 2007թ. դարձել է NORAD–ի գործընկերը։
Յիշեցնենք, որ աւելի վաղ հաղորդւում էր, որ ամերիկեան Կանզաս Սիթի քաղաքում երևացել է տարօրինակ Սանտա Կլաուզ՝ շրջապատւած ոստիկաններով և էլֆերով, որը աղքատ թաղամասերի բնակիչներին 100 դոլլարանոց թղթադրամներ էր բաժանում։

Tert.am

0 Պատգամ: