Saturday, December 25, 2010

Մարօ Ղազարեան յիշատակին

Մարօ Ղազարեան յիշատակին

(Մահւան 40-օրեակի առթիւ)


Սրանից քառասուն օր առաջ՝ նոյեմբերի 9-ին, անսպասելի ձեւով, սրտի կաթւածով, իր մահկանացուն կնքեց օր. Մարօ Ղազարեանը. զաւակն էր Ղազար եւ Իշխանուհի Ղազարեանների:
Ծնւել էր 1965 թւականին՝ Փերիա գաւառի Սնկերտ գիւղում: Նախնական ուսումն ստացել էր իրենց գիւղում, իսկ 12 տարեկանում տեղափոխւել էր Նոր Ջուղա եւ ուսումը շարունակել «Քանանեան» դպրոցում, մինչեւ միջնակարգի վերջը, ապա ինքնակրթութեամբ զարգացրել էր անգլերէն լեզուն:
Շարունակ ինձ հետ կապի մէջ էր եւ անհրաժեշտ տեղեկութիւններ էր ուզում Նոր Ջուղայի եկեղեցիների եւ հայութեան մասին, նաեւ մի քանի անգամ ուզեց, որ պարսիկ զբօսաշրջիկներին բացատրութիւն տամ Նոր Ջուղայի հայութեան, ինչպէս եւ վանքի, Ս. Աստւածածին եւ Ս. Բեթղեհէմ եկեղեցիների մասին:
Անդամ էր Հայ կանանց գթութեան միութեան, ինչպէս եւ պարսկական մի քանի հիմնարկութիւնների եւ իր կարեաց սահմաններում աշխատում էր հայ մշակոյթը ծանօթացնել պարսիկ եւ այլազգի զբօսաշրջիկներին: 2007 թւականին քաղաքապետարանի կողմից ընտրւել է որպէս օրինակելի քաղաքացի՝ իր օգտակար ծառայութիւնների համար: Հանգուցեալն ունէր բարի եւ համեստ բնաւորութիւն, բայց անարդարութեան դէմ չէր լռում եւ աշխատում էր ըստ հնարաւորի ճշմարտութեան ուղիով քայլել:
Թաղմանը ներկայ էր հոծ բազմութիւն, հայ եւ պարսիկ, անգամ պետական հիմնարկներից:Եկեղեցում ըստ պատշաճի քարոզ ասաց պատարագիչ քահանան, իսկ եկեղեցու բակում՝ Լեւոն Մինասեանը յուզիչ ու արտասւախառն ձեւով՝ արցունք խլելով նաեւ հայ եւ պարսիկ ներկաներից:
Յարգանք նրա անմոռաց յիշատակին:

Լ.Գ.Մ.
ՆՈՐ ՋՈՒՂԱ
ԴԵԿՏ. 2010 Թ.
«ԱԼԻՔ»

0 Պատգամ: