Կրկին անգամ Հայոց պահանջատիրութեան
պայքարի շեշտադրումները փոխելու
անհրաժեշտութեան մասին
«Մեր ինչի՞ն է պէտք ԱՄՆ-ի գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, եթէ դա ինքնանպատակ է, ապա իմաստ չունի»
«Ինձ համար նպատակը ոչ թէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն է, այլ այդ ցեղասպանութեան հետեւանքների վերացումը: Այն է` Հայոց բարոյական, նիւթական եւ հողային իրաւունքների վերականգնումը»
Արա Պապեան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
Տեղի ունեցաւ այն, ինչ պիտի տեղի ունենար: Չնայած ամերիկահայ լոբբիստական կազմակերպութիւնների եւ ընդհանրապէս ամերիկահայերի բացառիկ լաւ աշխատանքին, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը չանդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին: Իհարկէ չմերժեց, բայց նաեւ չընդունեց: Կարծում եմ սխալ է ամերիկահայ համայնքից ակնկալել գրեթէ անհնարինը:
Ներկայ քաղաքական իրավիճակում ամերիկահայերի ջանքերը եւ ձայները չեն կարող աւելի ծանր կշռել, քան ամերիկեան միջինարեւելեան շահերը: Միացեալ Նահանգներն այսօր այն երկիրը չէ, որ յանուն վսեմ գաղափարների զոհաբերի իր շօշափելի շահը: Ամերիկահայերը նեղւելու իրաւունքն ունեն, քանի որ խորհրդարանականները չկատարեցին իրենց տված խոստումները:
Իսկ Հայաստանի իշխանութիւնները կարծում եմ խօսելու տեղ չունեն, քանի որ մի տարի առաջ հէնց այդ նույն շահի համար ուրացան սեփական երկրի ոտնահարւած իրաւունքները, պատրաստ էին եւ այսօր էլ պատրաստ են, քանի որ արձանագրութիւնները դեռ առկախ են, թուրքերին տալու Հայաստանի Հանրապետութեանը իրաւականօրէն ամրագրւած տարածքի զգալի մասը: Կարծում եմ, որ նաեւ այդ պատճառով էր, որ երես չունեցան, իրենց թուրք գործընկերների օրինակով, որեւէգրաւոր կամ բանաւոր խօսքով դիմելու Միացեալ Նահանգների իշխանութիւններին:
Ցաւօք նոյնը վերաբերում է, այսպէս կոչւած, Ազգային ժողովին, որը հէնց այդ օրերին զբաղւած էր մայրերնի լեզուն աճուրդի հանելով: Լռութիւնն ընդհանրապէս քաղաքականութիւն չէ: Իւրաքանչիւր համապատասխան պաշտօնեայ պարտաւոր է կարեւորագոյն հարցերում պարզաբանել իր մօտեցումները: Մենք` այս երկրի յարկատուներս եւ քւէարկողներս, կարեւորագոյն հարցերում կարիք ունենք իմանալու բոլոր պատկան կառոյցների եւ կուսակցութիւնների դիրքորոշումները` որպէսզի մեր եզրակացութիւններն անեք: Չէ որ կայ »ժամանակ ձգելոյ քարինս, եւ ժամանակ ժողովելոյ քարինս« (Ժողովօղ 3:5) եւ մի օր հաստատ քարերը նետելու ժամանակըգալու է: Ինչեւիցէ:
Այս յօդւածիս բուն նպատակը երէկ տեղի ունեցածի քննարկումը չէ: Խորքի մէջ, ինչ տեղի ունեցաւ երեկ` ընդամենը քաղաքական միջադէպ էր, ոչ աւելին: Աւելի կարեւոր է քննարկել որոշ հիմնարար հարցեր` իսկ մեր ինչի՞ն է պէտք ԱՄՆ-ի գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը: Եթէ դա ինքնանպատակ է, ապա իմաստ չունի: Եթէ դա արւում է հատուցումներ ստանալու նպատակով, ապա պիտի տրւի մէկ այլ, ոչ պակաս կարեւոր հարցի պատասխանը` ինչպէ՞ս խորհրդարանական բանաձեւը, որ իր բնոյթով կատարման համար ոչ պարտադիր է եւ ընդամենը մէկ ազգային օրէնսդիր մարմնի կողմից դիրքորոշման արտայայտում է, պիտի փոխակերպւի հատուցման:
Արդեօ՞ք, երբ Կանադայի եւ օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւններն ընդունեցին Հայոց Ցեղասպանութեան փաստը, դրանից փոխւեց Կանադայի քաղաքականութիւնը Թուրքիայի նկատմամբ: Բնականաբար` ոչ: Ուրեմն, եթէ մենք ուզում ենք արդար հատուցումների հասնել, իսկ դա ես համարում եմ միանգամայն օրինական ձգտում եւ իրականանալի նպատակ, ապա դա պիտի արւի մի մարմնի միջոցով, որի որոշումները.
ա/. բնոյթով միջազգային են, այսինքն գերակայ են ճանաչւել նաեւ Թուրքիայի Հանրապետութեան կողմից;
բ/. կատարման համար պարտադիր են, այսինքն ենթակայ չեն Թուրքիայի ներպետական քննարկումների: Այսինքն, նման որոշումը ոչ միայն պարտադիր պիտի լինի, այլեւ իր մէջ պիտի նախանշի, թէկուզեւ զուտ տեսական առումով, լուծման յստակ ճանապարհը: Արդի միջազգային հարաբերութիւններում այդպիսի կարգավիճակ եւ լիազորութիւններ ունեցող երկու մարմին կայ, դա միեւնոյն մէկ կառոյցի` ՄԱԿ-ի երկու բարձրագոյն քաղաքական եւ իրաւական մարմիններն են. Անվտանգութեան խորհուրդը (Security Council) եւ Արդարութեան միջազգային դատարանը (International Court of Justice):
Առաջին մարմնի բուն պատասխանատւութիւնը (ՄԱԿ- կանոնադրութիւն, յօդւած 24; UN Charter, article 24) »միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանումն է« (maintenance of international peace and security): Չեմ կարծում, որ որեւէ մէկը կարծում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետութեան իրաւունքների եւ տարածքային ամբողջականութեան 90 - ամեայ ոտնահարումը այսօր Անվտանգութեան խորհրդի որեւէ անդամ կգնահատի որպէս լուրջ վտանգ «միջազգային խաղաղութեանն ու անվտանգութեանը» :
Մեզ յուզող հարցերը յստակօրէն տեղաւորւում են նշածս երկրորդ մարմնի` Արդարութեան միջազգային դատարանի լիազօրութիւնների շրջանակի մէջ: Նշեալ դատարանն իրաւասու է քննարկելու Հայոց Ցեղասպանութեան հարցը, քանի որ ցեղասպանութիւնը զուտ պատմական իրադարձութիւն չէ, ինչպէս փորձում են ներկայացնել մեր թուրք բարեկամները:
Ցեղասպանութիւնը միջազգային յանցագործութիւն է, եւ որպէս միջազգային իրաւունքի եւմիջազգային իրաւունքի ոտնահարման հարց, ենթական է Արդարութեան միջազգային դատարանի իրաւասութեանը (Արդարութեան միջազգային դատարանի կանոնադրութիւն, յօդւած 36.2 ( բ, գ, դ,); Statute of the International Court of Justice, article 36.2(b, c, d)):Ընդհանրապէս մեր հարցերի փախանցումը քաղաքական դաշտից իրաւական դաշտ մեզ համար աւելի շահեկան է: Թէկուզ այն պատճառով, որ մենք ստիպւած չենք լինելու դիմակայել մեզանից քաղաքականապէս անհամեմատ ուժեղ թուրքական պետութեանը, այլ գործելու ենք իրաւահաւասարութեան դաշտում: Հարկ եմ համարում ընդգծել` այս անցումը պիտի լինի անշտապ, աստիճանական, բայց հետեւողական:
Մենք պիտի պատրաստ լինենք դրա համար: Ցաւօք չենք: Չինացուն հարցնում են` ե՞րբ է ծառ տնկելու յարմար ժամանակը: Չինացին պատասխանում է` դա քսան տարի առաջ էր: Մենք անկախացել ենք գրեթէ քսան տարի առաջ: Եթէ այն ժամանակներից սկսէինք մասնագէտներ պատրաստել` հիմա մի ողջ սերունդ կունենայինք: Պատմութիւնը վկայում է, որ իրաւական դաշտում յաջողութեան հասնելու հաւանականութիւնն աւելի մեծ է: Երբ ուսումնասիրում ենք իրաւական դաշտում Հայկական հարցի մի բաղադրիչը հանդիսացող Հայոց Ցեղասպանութեան քննարկումների ընթացքը, ապա միանգամայն ակնյայտ է դառնում իրաւական դաշտում պայքարի շահեկանութիւնը:
Չի եղել մի որեւէ իրաւական ատեան կամ Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող որեւէ իրաւական գնահատական, որտեղ կասկածի տակ դրւի Հայոց Ցեղասպանութեան համապատասխանութիւնը ցեղասպանութեան որակմանը: Այդպէս է եղել սկսած թուրքական ռազմական դատարանի դատավարութիւններից (այդ ժամանակ թէեւ ցեղասպանութիւն եզրը դեռեւս ստեղծւած չէր, սակայն դատարանն իր վճիռների մէջ տւել է դրա նկարագրական մասը), վերջացրած Wikileaks-ի Ջուլիան Ասանջի դատապաշտպան Ջեֆրի Ռոբերտսոնի (Geoffry Roberson) իրաւական վերլուծութիւնն ու գնահատականը:
Ամերիկեան իրաւագիտական միտքը նոյնպէս երբեւէ կասկածի տակ չի դրել Հայոց Ցեղասպանութեան համապատասխանութիւնը ցեղասպանութեան որակմանը: Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխման եւ պատժի միջազգայնագրի /կոնվենցիայի/ [յետայսու` Ցեղասպանութեան կոնվենցիա] (Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide, 1948) ստեղծման, զարգացման եւ իրաւական պարաւորութիւնների հարցերում ԱՄՆ-ի դերակատարութեան լւագոյն մասնագէտ Լորենս Ջ. Լը Բլանքը (Lawrence J. LeBlanc) վերապահութիւն ունենալով զանգւածային սպանութիւնների շատ դէպքերի նկատմամբ, «հրէաների եւ հայերի զանգւածային սպանութիւնները» (wholesale slaughtering of Jews and Armenians) միանշանակօրէն բնութագրում է որպէս »ցեղասպանութեան ակնառու օրինակներ« (prominent cases of genocide): Ինչքան հասկանում եմ` մենք ուզում ենք, որ ԱՄՆ Կոնգրէսը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ ընդունի որպէսզի Թուրքիան եւս հետեւի նրա օրինակին:
Համոզւած չեմ այդ փոխկապւածութեան մէջ: ԱՄՆ-ում վաղուց արդէն չկայ ռասայական խտրականութիւն, սակայն առ այսօր Թուրքիայում ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնները դիտարկւում են որպէս ստորադաս արարածներ: Չեք հաւատում ` քրդերից եւ զազաներից հարցրէք: Անձամբ ինձ բնաւ պէտք չէ, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը. ինձ պէտք է, որ նա հատուցի: Դրանք երկու տարբեր բաներ են: Թուրքիան կարող է ճանաչել, բայց չհատուցել: Կարող է չճանաչել, բայց հատուցել:
Ի վերջոյ մենք բարոյական, նիւթական, հողային իրաւունքներ ունենք ոչ թէ այն պատճառով, որ ցեղասպանութիւն է եղել, այլ որովհետեւ մեր իրաւունքներն ամրագրող համապատասխան միջազգային փաստաթղթեր կան: Փաստաթղթերը, այսինքն գործիքներն առկայ են, թէ ինչքան արդիւնաւէտ կօգտագործենք դրանք, արդէն մեզանից է կախւած: Շախմատային նոյն իրավիճակում մէկը կարող է յաղթել, իսկ միւսը պարտւել, թէեւ երկուսի համար էլ խաղի կանոնները նոյն են: Հիմա նորից գանք Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի երէկւայ քննարկմանը:
Մէկ անգամ էլ եմ ուզում յստակեցնել իմ դիրքորոշումը: Ես բնաւ դեմ չեմ, որ ԱՄՆ-ի Կոնգրէսն իր երկու պալատներով, ինչպէս նաեւ նախագահը, ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը: Սակայն ամէն ինչ աշխարհում իր գինն ունի: Եթէ այս գործընթացը, լինելով աւելի յուզական եւ երեւացող, կլանում է մեր պայքարի ողջ ներուժը, հետեւաբար անհնարին է դարձնում պայքարի այլ ուղիները, ես սկսում եմ կասկածել այդ ուղու արդիւնաւէտութեան վրայ: Երբեմն ինձ թւում է, որ թուրքերն ընդդիմանում են Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունմանը, ոչ թէ այն պատճառով, որ իսկապէս լուրջ վտանգ են տեսնում դրանում, այլ ուզում են մեզ զբաղւած պահել, որ իրենց համար աւելի վտանգավոր ուղիներով չգնանք:
Յիշենք նաեւ, որ Միացեալ Նահանգներն արդէն ճանաչել են հայերի Ցեղասպանութիւնը: Ըստ էութեան, Միացեալ Նահանգներն առաջին պետութիւնն է, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: ԱՄՆ դա արել է Ուրուգւայից եւ Արգենտինայից դեռեւս 14 տարի առաջ` 1951թ.-ին եւ Ցեղասպանութեան կոնվենցիայի ստորագրումից ընդամէնը 3 տարի յետոյ: ԱՄՆ-ի կառավարութիւնը ՄԱԿ-ի Արդարութեան միջազգային դատարանին 1951թ. Յունւարի յղած իր գրաւոր յայտարութեան մէջ բառացիօրէն հաւաստել է հետեւեալը. «Քրիստոնեաների հալածանքները հռոմէացիների կողմից, հայերի ջարդերը թուրքերի կողմից, միլիոնաւոր հրէաների եւ լեհերի ոչնչացումը նացիստների կողմից, ցեղասպանութիւն յանցագործութեան ակնյայտ օրինակներ են:
Այս հենքի վրայ է Միաւորւած ազգերի Վեհաժողովը քննութեան առել ցեղասպանութեան հարցը:» (The Roman persecutions of the Christians, the Turkish massacres of Armenians, the extermination of millions of Jews and Poles by the Nazis are outstanding examples of the crime of Genocide. This was the background when the General Assembly of the United Nations considered the problem of genocide. ) Վերոշարադրեալից յստակ է, որ հայերի ջարդերը թուրքերի կողմից Միացեալ Նահանգների կառավարութիւնը միանշանակօրէն դիտարկել է որպէս ցեղասպանութիւն յանցագործութեան ակնյայտ օրինակ:
Աւելին, սոյն յայտարարութիւնն անառարկելիօրէն փաստում է, որ ՄԱԿ-ի Վեհաժողովը Ցեղասպանութեան կոնվենցիան ընդունելիս (9 դեկտեմբերի, 1948թ.) ի մտի է ունեցել նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը: Ցեղասպանութեան կոնվենցիան ԱՄՆ-ի կողմից վաւերացւել է 1988թ. նոյեմբերի 25-ին: Ըստ այդմ, նշեալ փաստաթուղթը, համաձայն Միացեալ Նահանգների սահմանադրութեան 6-րդ յօդւածի 2-րդ կէտի, դարձել է երկրի օրէնսդրութեան բաղկացուցիչ մասը (supreme Law of the Land).Միացեալ Նահանգների կառավարութեան վերոհիշեալգրաւոր յայտարարութիւնից ուղիղ 30 տարի յետոյ` 1981թ.-ին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը մէկ անգամ եւս վերհաստատել է իր երկրի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ. «Ինչպէս հայերի ցեղասպանութիւնը դրանից առաջ եւ կամբոջիացիների ցեղասպանութիւնը, որը յաջորդեց դրան, ինչպէս նաեւ բազմաթիւ այլ ժողովուրդների նկատմամբ այդպիսի բազում հալածանքները, Հոլոքոստի դասերը երբէք չպէտք է մոռացւեն» (Like the genocide of the Armenians before it, and the genocide of the Cambodians which followed it – and like too many other such persecutions of too many other peoples – the lessons of the Holocaust must never be forgotten ). Ակնյայտ է, որ ներկայումս Միացեալ Նահանգների օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնները պատրաստ չեն մէկ անգամ եւս «թուրքերի կողմից հայերի ջարդերը» որակել որպէս ցեղասպանութիւն:
Անձամբ ես դրա կարիքը չեմ տեսնում: Ինձ համար նպատակը ոչ թէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն է, այլ այդ ցեղասպանութեան հետեւանքների վերացումը: Այն է` Հայոց բարոյական, նիւթական եւ հողային իրաւունքների վերականգնումը: Այստեղ տեղին է յիշել Հայոց բանստեղծ Պարոյր Սեւակի խօսքը.Խոստանում եմ բաց ճակատով զուր չխփւել հաստ պատերին: Ինչի՞ համար. Էլի պատը կմնայ պատ, կպակասի մի լաւ ճակատ: Եթէ պատը փակել է մեր ճանապարհը, ուրեմն այն շրջանցելու ուղիներ պէտք է որոնել:
Չի կարելի ողջ մարդկային եւ նիւթական ներուժը ծախսել անհեռանկար պայքարի մէջ: Կարեւորը նպատակին հասնելն է, իսկ ինչ ճանապարհով կգանք դրան` արդէն էական չէ:
Արա Պապեան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
23 դեկտեմբերի 2010թ.
0 Պատգամ:
Post a Comment