Մի՜ վերածէք Ամանորը որկրամոլութեան տօնի.

Իրենց ընտրազանգւածին խորհուրդ են

տալիս ազգի ընտրեալները



Դեկտեմբեր 31, 2010 12:31
Մի՜ վերածէք Ամանորը որկրամոլութեան տօնի. իրենց ընտրազանգւածին խորհուրդ են տալիս ազգի ընտրեալները: Ինչպէս պարզւեց մեր բլից հարցազրոյցների ժամանակ օրէնսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, նրանք մեծամասամբ նոր տարւայ սեղանին վերաբերում են անտարբերութեամբ եւ խորհուրդ են տալիս իրենց ընտրողներին չընկնել յատուկ աժիոտաժի մէջ՝ տօնական ուտելիքներ պատրաստելու համար:
Սակայն ազնիւ լինելու համար նշենք, որ արտաքնապէս նրանց տեսքին նայելով դժւար է հաւատալ, որ պատգամաւորները որոշակի արհամարհանքով են վերաբերում ուտելիքներին ընդհանրապէս եւ ամանորեայ կերակրատեսակներին մասնաւորպէս: Իսկ ահա «ձիգ» եւ նիհար «էլեկտորատի» տեսքին նայելով, որը փողոցներով «թափառում է» խորը մտահոգ հայեացքներով, կարելի է դատել, որ ամանորեայ կերակուրներն ամենեւին էլ ընդգրկւած չեն նրանց ամէնօրեայ առաջնահերթային խնդիրների մէջ:
Ամէն դէպքում մենք փորձեցինք պարզել, թէ ամանորեայ ո՞ր կերակրատեսակներն են առաւելապէս նախընտրում, «առանձնայատուկ ախորժակով չտարբերւող» Հայ խորհրդարանականները:
Հարցումների արդիւնքում շքերթի առաջին տեղը գրաւում է աւանդական տոլման: Ընդ որում, մեծ պահանաջարկ ունեն բոլոր տեսակի տոլմաները` թփով, կաղմաբով, բադրիջանով եւ այլն: Տոլմայի սիրահարներն են Հայաստանի հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչ Յովհանէս Սահակեանը, ԱԺ փոխխօսնակ Սամւէլ Նիկոյեանը, ով ի դէպ նախընտրում է ամառային տոլմայ:
Ընդ որում, Սամւէլ Նիկոյեանը խոստուանեց, որ նոյնիսկ կարիք չունի մտածելու, թէ որն է իր սիրած կերակրատեսակը:
«Իմ ամենասիրելի ուտեստը տոլման է, որն անփոխարինելի է: Ինձ համար ամէն ինչ սկսում է այդ կերակրատեսակով եւ աւարտւում է դրանով»,- ասաց նա:
Իսկ ահա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակեանն արդէն երկրորդ տարին շարունակ հաւաստիացնում է, որ անտարբեր է ուտելիքների նկատմամբ: «Ընդհանրապէս նախընտրում եմ սուպեր, իսկ ամանորեայ ուտեստների նկատմամբ անտարբեր եմ, սեղանին մօտենում եմ միայն նրա համար, որպէսզի բերանս ինչ-որ բան գցեմ խմելուց յետոյ, դէ ալկոհոլի ազդեցութիւնը չեզոքացնելու համար»,-խոստուանեց նա:
Իսկ ահա ՀՀԿ-ական Կարինէ Աճեմեանը յատկապես համեղ է պատրաստում հնդկահաւը, եւ ամէն ինչ անում է, որպէսզի այն զարդարի ամանորեայ սեղանը:
Չնայած զբաղւածութեանը, խոհարարական հմտութիւնները չի կորցրել «Օրինաց երկիր» խմբակցութեան նախագահ Հեղինէ Բիշարեանը, ում խօսքից կարելի է ենթադրել, որ գիշերներն անց է կացնում խոհանոցում: «Երկաթէ լէյդիի» ամանորեայ նախընտրութիւնների ցանկում, սակայն, չկայ տոլման: Հեղինէ Բիշարեանն ամենաշատը սիրում է քիւֆթան` պանրով եւ մայոնեզով: Դեսերտները եւս առանձնանում են Բիշարեանի ընտանիքում, քանի որ որպէս դեսերտ նա մատուցում է ոչ թէ աւանդական թխւածքներ, այլ ազգային ղափամայ:
«Սակայն ես անձամբ նախընտրում եմ աղանդեր, այդ պատճառով փորձում եմ ամէն օր թարմ սալաթ պատրաստել իմ հիւրերի համար»,-ասաց Բիշարեանը:
Նա նաեւ նշեց, որ շատ գումար չի ծախսում չրեղէն առնելու համար, քանի որ ամռան ընթացքում նա այնքան է պատրաստում, որ նոյնիսկ բաժանում է բարեկամներին:
«Սակայն այս տարի այդ հարցում ես մի քիչ թերացայ, քանի որ մրգերը շատ թանկ էին»,-վրդոււած նշեց Բիշարեանը:
Ընդհանուր առմամբ Բիշարեանը գլուխ գովեց, որ կարող է պատրաստել բոլոր այն ուտեստները, որոնք յայտնի են մեզ: Ընդ որում նա յայտարարեց, որ չի սիրում Նոր տարին վերածել որկրամոլութեան տօնի:
Զրոյցի ժամանակ նա նաեւ յայտնեց, որ արդէն 13 տարի շարունակ «Օրինաց երկրի» բարձրաստիճան անդամները Ամանորի գիշերը միասին են դիմաւորում:
«Այս տարիների ընացքում այդ աւանդոյթը չի խախտւել: Հաւաքւում ենք 23:00-ին եւ ցրւում առաւօտեան՝ բոլորը կերած, ուրախ, բարձր տրամադրութիւնով»,-խոստովանեց Բիշարեանը` յաւելելով, որ արդէն ժամը 5-ի մօտ ՕԵԿ-ի կերած-խմած անդամները, ովքեր չեն սիրում Նոր տարին վերածել որկրամոլութեան տօնի, նաեւ խաշ են ուտում:
Ամենահամեստը ամանորեայ ուտեստների նախընտրութեան հարցում ընդդիմութեան ներկայացուցիչներն են:
«Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Մարտիրոսեանը հաւաստիացրեց, որ Ամանորին բոլոր տօնական ուտեստներից նախընտրում է սովորական սպասը: Դէ ինչ, դրա մէջ էլ առաւելութիւն կայ, կարելի է խուսափել ստամոքսի խանգարումներից:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: