Մտորումներ՝
Հ.Յ.Դաշնակցութեան մասին
(120-ամեակի առիթով)
ՄԱՐԳԱՐ ՇԱՐԱԲԽԱՆԵԱՆ
Հ. Յ. Դաշնակցութիւնը, իր ծնւած օրից, հայ ժողովրդի ինքնութիւնն ու արժանապատւութիւնը ամրացնող եւ նրան իմաստ տւողը եղաւ մեր պատմութեան վերջին հարիւր քսան տարիների ընթացքում, որ քաղաքական այլազան վերիվայրումներով լեցուն մի պատմութիւն դարձաւ Արեւելեան ու Արեւմտեան Հայաստանում, ինչպէս նաեւ Սփիւռքում, ուր իր ժողովրդի գլխաւոր մասի հետ ապրեց տարագիր, բայց հակառակ իր «աքսորեալ» վիճակին՝ Հայաստանից հեռու կարողացաւ ամէն տեղ, ուր հայութիւն գոյութիւն ունէր, կազմակերպւել ու կազմակերպել, որպէսզի տարագիր հայի բեկորները կարողանան ոտքի վրայ մնալ ու տոկալ իր դէմ ծառացող բոլոր արգելքների դիմաց:
Գաղթական ժողովրդի այս անօրինակ պայքարում Դաշնակցութիւնը գլխաւոր դեր ունեցաւ անշուշտ՝ մեզ ծանօթ ազգային ու քաղաքական գործերը շօշափելի իրականութեանց վերածելով: Ուրիշ կերպ էլ չէր կարող անել նա, քանի իր կազմաւորումից ի վեր, հայ ժողովրդի գոյութիւնն ու յարատեւումը, այլ սրբազան նպատակների շարքում, իր գլխաւոր նպատակներից մէկն էր դարձրել, եթէ ոչ՝ գլխաւորագոյնը: Ժողովուրդը, մեծամասնութեամբ, գլխարկ է բարձրացնում ու խոնարհւում է Հ.Յ.Դաշնակցութեան կատարած այս ազգապահպան գործերի առջեւ՝ քաջ գիտակցելով նաեւ, որ առանց այս նւիրական գործերի՝ իր ազգային ոգին կը չքանար, կը խամրէր գաղթականութեան ազգակործան ճանապարհներին:
Հ. Յ. Դաշնակցութիւնը ծնունդ առաւ հայրենի հողերի վրայ հայ ժողովրդի ծոցից ու հաւատարմօրէն ծառայեց իր միակ տիրոջը՝ հայ ժողովրդին: Դաշնակցութեան համար հայրենիքի ու ժողովրդի շահերը մնացել են ու կը մնան անգերազանցելի: Նա անսակարկ կերպով ծառայել է նրանց ու կը ծառայի վստահաբար, որքան ժամանակ, որ գոյութիւն ունենայ նա՝ թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում: Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստանը, իր արեւելեան ու արեւմտեան տարածքներով, Արցախի հայապահպան գոյութեան պաշտպանումն ու պահպանումը, սրբութեան համազօր գաղափարապաշտութիւնն են դարձել իր եւ իր բազմահազար շարքայինների համար:
Դաշնակցութիւնը հաւատում է, որ հայ ժողովուրդը «անկատար տենչեր ունի դեռ շատ», անիրականացած գործեր, լինի ներկայ Հայաստանի, լինի Արցախի եւ լինի Հայ Դատի ճամբով իր տարած քաղաքական ու դիւանագիտական միջազգային աշխատանքներում:
Սփիւռքում, ներկայում, իր գոյութեան նպատակները երեք են՝
ա- Հայ Դատի լայնածիր աշխատանքները ամբողջական ու իրաւական դարձնելու աննահանջ հետապնդում.
բ- Գոյութիւն ունեցող հայ համայնքների հայապահպանում (նոյնպէս լայնածիր կերպով).
գ- Ներկայ Հայաստանի եւ Արցախի պետական, ժողովրդավարական համակարգի լիիրաւ ամրացում:
Այս վերջին կէտի լիարժէք իրականացման համար՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը, որ մէկ ու անբեկանելի գաղափարապաշտութիւն է (այսպէս է եղել այն միշտ) Սփիւռքում, Հայաստանում ու Արցախում իր ունեցած միակամ կառոյցներով, ճիգ ու հետեւողական աշխատանք չի խնայի նրանց հաստատման սիրոյն իր պայքարած քաղաքական դիրքորոշումների մէջ: Քաղաքական ու ներազգային կեանքում հեզահամբոյր թեքումներ ունեցող ու գործադրող կուսակցութիւն չէ այն:
Այդպէս երբեք չի եղել իր յեղափոխական ու ազգային երդւեալ մկրտումից ի վեր: Ազգային սրբազան դրոշմը, իր կատարած ազգանւէր գործերի շնորհիւ, տեսանելի է իր լայնամուր ճակատին: Եւ դա ամէն տեղ, ուր որ գոյութիւն է ունեցել եւ գոյութիւն ունի ներկայում:
Դաշնակցական շարքային լինելը ամէն հայի գործը չէ: Պէտք է արդար լինենք եւ ընդունենք այս ճշմարտութիւնը: Դաշնակցութեան ուղին փշոտ է ու տատասկոտ, որը յարատեւ նւիրում ու մանաւանդ անձնազոհութիւն է պահանջում ամէն շարքայինից, որ իր ազատ կամքով զինւորագրւել է Հ. Յ. Դաշնակցութեանը, նրա Կանոնագրի, Ծրագրի, զէնքի, զինանշանի ու դրօշի վրայ երդում է տւել, նախքան այս հսկայ բանակին անդամագրւելը: Ով որ տարբեր կարծիք ունի մեր կուսակցութեան մասին, թող գիտակցաբար ու արդարօրէն ընդունի իր սխալւած լինելը:
Ասէկոսէներ շատ կան բոլոր կուսակցութիւնների մասին: Միշտ էլ եղել են, այնքան ժամանակ, որքան որ կը գործի այն: Սակայն, ճշմարտութիւններն ու իրականութիւններն ակներեւ են ու հեշտութեամբ ճանաչելի: Կարեւորը դրանք բաց մտքով եւ բաց աչքերով տեսնելն ու իւրացնելն է: Հայ անհատը, ինչ մակարդակում էլ որ գտնւի նա, մեծ նշանակութիւն ունի Դաշնակցութեան համար: Իր ժողովրդի նկատմամբ, դիրքի, գործի եւ կամ կենցաղային մակարդակի տարբերութիւններ նկատի չի առել նա իր սկզբնական շրջաններից սկսած:
Մշակներից, բանւորներից, արհեստաւորներից, մտաւորականներից, աղքատներից, հարուստներից մինչեւ... իր առժամանակեայ, ներքին ու արտաքին ճակատներում եղող պատասխանատուները, կանոնագրային լիիրաւ նոյն իրաւունքներն ունեն եւ կամ նոյն պատիժներին են ենթակայ, եթէ գոյութիւն ունեցող հարցը կապ ունենայ Կանոնագրային, Ծրագրային ու գաղափարական հակադիրքաւորման հետ: Այս մարզում Դաշնակցութիւնը շատ խստապահանջ է եղել ու հաստատակամ: Դաշնակցութեան մէջ գոյութիւն են ունեցել նաեւ իրենց երդումը դրժողներ, մերժողներ, թուլամորթներ:
Հայ եւ օտար բոլոր կուսակցութիւնների յատուկ բնական երեւոյթ է դա, որ ամբողջութեամբ կախում ունի ենթակայի կիրառած դիրքից ու իր ցուցաբերած գաղափարական եւ գործելակերպային անհնազանդութիւնից:Հ. Յ. Դաշնակցութիւնը, Հայաստանի վերջին անկախացումից յետոյ՝ նոյն տարին, իր ղեկավար կառոյցի մի մասը փոխադրեց Երեւան, այնտեղ Հայաստանի հողի վրայ գործելու եւ օգտակար դառնալու պատահած քաղաքական փոփոխութեանց: Մի քանի տարի յետոյ, սակայն, նա դէմ-դիմաց եկաւ անտեղի ու անընդունելի դժւարութիւնների հետ, որոնք կազմակերպւել էին այդ տարիներում Հայաստանին «տէր» դարձած նոր համայնավարամիտ իշխանաւորների կողմից:
Նրանք, այդ նորելուկները, շուտով անդրադարձան, սակայն, թէ իրենց հայրենիքից երկրորդ անգամը լինելով աքսորւած այս կուսակցութիւնը, իր գաղափարաբանութիւնից վերջացած մի կուսակցութիւն չէ եւ ոչ էլ կռւելուց, պայքարելուց ձանձրացած ու յոգնած մի հաւաքականութիւն: Ու մի առ ժամանակ յետոյ՝ տեղի տւեցին իրենց առած այդ անպատւաբեր որոշման դիմաց: Կատարած սխալիդ անդրադառնալը եւս որոշ առաւելութիւն է, անկասկած:
Կարող էք վստահ լինել, սակայն, որ Դաշնակցութիւնը իր հարազատ երկրից աքսորելով, նոյնիսկ այն հանդիսաւոր կերպով «թաղելով», ինչպէս արեցին համայնավար Հայաստանի սկզբնական տարիներում մի սեւ դագաղ պատրաստելով եւ կափարիչի վրայ ՀՅԴ գրելով՝ այն գերեզման տարան ու փոսի մէջ նետեցին: Այսպիսով՝ թաղւած ու հանգուցեալ համարեցին Դաշնակցութեանը: Բայց, միթէ խաչւած, թաղւած ու հանգուցեա՞լ է համարւում Յիսուսը՝ իր միլիոնաւոր հաւատացեալների հոգիներում:Այս բոլորը կատարելով՝ ոչինչ չպակասեց Դաշնակցութեան ունեցած ներուժից, որը յաւիտենական է ու դիմացկուն:
Ու այս յաւիտենականութիւնն ու տոկունութիւնը Դաշնակցութիւնը ժառանգել է իրեն ծնունդ տւող հայ ժողովրդից, որը հերոսական անցեալ ունի ու իր պատմութեան նկատմամբ խոր գիտակցութիւն: Եկէք ընդունենք եւ խոստովանենք, դաշնակցական լինենք կամ ոչ, թէ Դաշնակցութիւնը հայութեան պարծանքն է: Իր կատարած 120 տարւայ բովանդակ գործերը ապացոյց են մեր ու ձեր զգացած այս պարծանքի, այս հպարտութեան, որը խորքում հայութեան սեփականութիւնն է, որովհետեւ Դաշնակցութիւնը ինքնանպատակ կուսակցութիւն չէ: Երբեք չի եղել նա: Իր նպատակը ժողովուրդն է ու հայրենիքը:
Ներկայում Դաշնակցութիւնը, որոշ ու մեզ ծանօթ հասարակական դժւարութիւններ յաղթահարելուց յետոյ, շնորհիւ ՀՀ Ազգային ժողովում իր ունեցած պատգամաւորների եւ ներքին ու արտաքին ճակատներում իր կատարած դիւանագիտական այլազան աշխատանքների, իր ազդեցիկ ներդրումն ունի ներկայ կառավարութեան ծրագրած ազգային եւ օտար քաղաքականութեանց մէջ: Պէտք է ընդունենք նաեւ, թէ ներկայում Հայաստանի քաղաքական կեանքում մեծ թւով ժողովրդականութիւն չունի այն, ինչպէս ունի (եւ ունեցել է միշտ) Սփիւռքում:
Սրա պատճառները ծանօթ են մեզ, որոնք համայնավարական տարիներում արմատացւել են հայրենի ժողովրդի մտածելակերպի մէջ: Եօթանասուն եւ աւելի տարիներ հակադաշնակցական քարոզչութիւն է լսել նա ու այդ տարիներում ինչ-որ կառավարական մենատէրների կողմից էր խօսւում, գրւում ու քարոզւում իրեն՝ ժողովրդին, նրանք հալած իւղի պէս էին ընդունում: «Ինչու» եւ «Ոչ» բառերը ժողովրդի համար գոյութիւն չունէին Համայնավար կուսակցութեան վարած հակաժողովրդական քաղաքականութեան մէջ, որը խորքում հաւաքական մենատիրութիւն էր:
Ձախաւեր ու անյաջող մենատիրութիւն: Անձեռնպահ կերպով ընդունենք, սակայն, որ ներկայ Հայաստանում ամբողջական ժողովրդավարութիւն գոյութիւն չունի եւ ոչ էլ ազատ կամքի ու մտածելակերպի ազատութիւն: Սրանց հասնելու համար՝ տարիներ են հարկաւոր: Հների հետ հին ու փտած մտածելակերպերը պէտք է բոլորովին անհետանան Հայաստանից: Դաշնակցութեան միակ յոյսը ներկայ ու գալիք երիտասարդութիւնն է: Առանց ազգային, գիտակից ու քաղաքագէտ երիտասարդութիւն ունենալու եւ նրան հայրենասիրութեամբ զինելու՝ շատ դժւար կը լինի մեր գոյութիւնը պահել ու պաշտպանել մեզ հարեւան թշնամի պետութիւններում:
Հ. Յ. Դաշնակցութիւնը արդարացի յոյսեր ունի Հայաստանում եւ Սփիւռքում հասակ առնող ու խելքը գլուխը եղող երիտասարդութեան վրայ: Մեղայ մեր յարատեւ աստւածներին, Հայկին, Արային, Վահագնին, թող մեր տարեցները, մեծերը, չվրդովւեն այս գրածներիս համար: Մեր պատմութիւնից մեզ ժառանգութիւն մնացած աւանդութիւնն է սա, որին պէտք է հնազանդւենք գիտակցօրէն, առանց իրար անցնելու, այլապէս՝ ազգովի անձնասպան կը լինենք, որի յանցանքը ուրիշի՝ թշնամու վրայ չպէտք է նետենք: Ասում են, թէ «Ազգերը չեն կորչում, այլ ինքնասպան են լինում»: Հ. Յ. Դաշնակցութիւնը բուռն կերպով հաւատում է ազգային ճշմարիտ դաստիարակութեանը եւ լիիրաւ ժողովրդավարութեանը, որովհետեւ առանց ժողովրդավարութեան՝ որպէս երկիր, պետականութիւն եւ ժողովուրդ՝ չենք կարող առաջադիմել, բարգաւաճել:
Ժողովրդավարութիւնն ու իրաւ եւ արդար կրթական համակարգը հիմնաքարերն են Հայաստանի տնտեսական, հասարակական ու քաղաքական, ներքին ու արտաքին հզօրացման: Հ. Յ. Դաշնակցութեան ծրագրում, որը մի սրբութիւն է իր անդամների համար, կարդում ենք հետեւեալը. «Ժողովրդավարութիւնը խարսխւում է մարդկային ու քաղաքական իրաւունքները եւ ազատութիւնները յարգելու վրայ: Նա օրէնքով պաշտպանում է բազմակարծութիւնը, բազմակուսակցականութիւնը եւ խօսքի, խղճի, մամուլի, ստեղծագործելու եւ աշխատանքի լիակատար ազատութիւնը»:
Ներկայ Հայաստանում լիիրաւ տարողութեամբ չի գործում նաեւ հասարակական արդարութիւն կոչւող ժողովրդանպաստ պետական համակարգը, որի իրականացման պաշտպանը հանդիսացել է միշտ Հ.Յ.Դաշնակցութիւնը: Ժողովրդավարութիւնն ու հասարակական արդարութիւնը մեծ տեղ են ունեցել (եւ դեռ ունեն) Դաշնակցութեան կատարած ընդհանրական գործունէութեանց մէջ՝ թէ՛ Սփիւռքում, եւ թէ՛, մանաւանդ, ներկայ Հայաստանում, ուր Ազգային ժողովում իր ունեցած լիարժէք պատգամաւորների միջոցով, նրանց բարելաւման համար՝ յարատեւ ու անզիջող պայքար է տանում այն:
Այս բոլորից յետոյ, անշուշտ, վերջնական խօսքը պատկանում է ժողովրդին եւ ոչ թէ՝ քողածածկ քաղաքականութիւն վարող ու բարձր խաւերին պատկանող իշխանաւորներին, որոնք յանկարծակի կերպով սկսում են մտածել ժողովրդի մասին ու նրա անունից են խօսում, մանաւանդ՝ քաղաքական նախընտրական պայքարների ժամանակ: Էլ չեմ խօսում նրանց ընտրւելուց, ժողովրդի քւէն ստանալուց յետոյ պատահածների մասին: Ի՜նչ-ի՜նչ խոստումներ են մոռացւում..:
Վստահ եմ, որ խելացի եւ գիտակից ընթերցողը ամբողջութեամբ հասկանալու է ասածս: Առարկայական լինելով եւ նկատի առնելով մանաւանդ Հայաստանի, Արցախի, Արեւմտեան Հայաստանի, Ջաւախքի, Սփիւռքի քաղաքական եւ հասարակական ներկայ իրավիճակները՝ անվերապահ կերպով կարող ենք ասել, թէ հայ ժողովուրդը, ամենուրեք, կարիք ունի Հ.Յ.Դաշնակցութեան հսկայ ներուժի, ինչպէս նաեւ իր հովանու տակ գործող բոլոր միութիւնների ու կազմակերպութիւնների, լինեն դրանք Երիտասարդական (Հայ Դատ), «Համազգային» (մշակութային), ՀՕՄ (բարեսիրական), ՀՄԸՄ (մարզական) եւայլն...եւայլն: Այս բոլորի մասին, բաց ու հեռասլաց ուղեղներով մտածելով, հայ ժողովրդին մնում է ի Սփիւռս աշխարհի ու յատկապէս ի Հայաստան աշխարհի թիկունք կանգնել Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, հաւատալ նրա ժողովրդանւէր ծրագրերին, օժանդակել նրա կատարած աշխատանքներին, որոնք կարող են միմիայն նպաստել, օգտակար հանդիսանալ հայ ժողովրդի ու Հայաստանի բարենպաստ ամրապնդմանը:
Հայաստանի քաղաքական ներկայ իրավիճակում ժողովրդանւէր փոփոխութիւններն անհրաժեշտ են: Քարացած ու պնդացած մտայնութիւնների փոփոխութիւնները եւս անհրաժեշտ են: Հ. Յ. Դաշնակցութիւնը պէտք է յարաճուն պայքար տանի այս բարեմիտ փոփոխութիւնների իրականացման համար:Համբերենք ու աննահանջ կերպով եւ հաւատքով պայքարենք: Ահա թէ ինչ է հրահանգում մեզ Հ. Յ. Դաշնակցութեան 120 տարիների հերոսական ու հայանւէր պատմութիւնը: Չմոռանանք մանաւանդ, որ «Մենք անկեղծ զինւոր ենք, ուխտել ենք ծառայել երկար ժամանակ...»:
ԵՐԵՒԱՆ,
ՆՈՅԵՄԲԵՐ 2010
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment