Վստահել Աստծուն
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
ԲԱԲԳԷՆ ԵՊՍ. ՉԱՐԵԱՆ
ԲԱԲԳԷՆ ԵՊՍ. ՉԱՐԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ողջո՜յն հայրական դարաւոր Սուրբ Ամենափրկչեան վանքից՝ Ամանորի առթիւ:Մի նոր տարի՝ 2011 թւական...Մի նոր պատմութեան էջ է բացւում իւրաքանչիւրիս դիմաց: Ի՞նչ է գրւելու այդ նոր էջերի մէջ: Ինչպիսի՞ ապրելակերպ, ինչպիսի՞ մտածելակերպ, ինչպիսի՞ վերաբերմունք, ինչպիսի՞ դէպքեր եւ ինչպիսի՞ նոր իրագործումներ...Պէ՞տք է մտահոգւենք այս բոլորի համար, պէ՞տք է վախենանք մեր դիմաց բացւող նոր տարւայ համար, գալիք կեանքի համար:
Եթէ քրիստոնեայ ենք, կարիք չունենք մտահոգւելու, որովհետեւ մտահոգւելը թերահաւատութեան դրսեւորում է: Յիսուսն ասում է. «Մի՛ մտահոգւէք ձեր կեանքի համար, թէ ինչ էք ուտելու, եւ ո՛չ էլ ձեր մարմնի համար, թէ ինչ էք հագնելու, որովհետեւ կեանքն աւելի կարեւոր է քան՝ ուտելիքը եւ մարմինն աւելի կարեւոր է, քան՝ հագուստը» (Ղկ. 12:22-23): Չմտահոգւել, հոգ չանել կեանքի համար չի՛ նշանակում չծրագրաւորել, չի՛ նշանակում ապագային չնայել, չի՛ նշանակում չաշխատել, չստեղծագործել եւ չգոյատեւել:
Ճի՛շտ է, Աստւած կերակրում է թռչուններին, սակայն նրանք պէտք է գնան եւ փնտրտուք կատարեն: Աստւած նոյնպէս մարդուն կերակրում է, հանապազօրեայ հացն է տալիս, սակայն մարդն էլ պէտք է մտածի, աշխատի, մշակի, կառուցի, ստեղծագործի եւ գոյատեւի: Յիսուսն ասաց. «Աստւած ձեզ կերակուր եւ հագուստ է տալիս»: Հաւատո՞ւմ ենք դրան: Նա ասաց. «Եկէ՛ք Ինձ մօտ դուք՝ բոլորդ, յոգնածներ եւ բեռնաւորւածներ, եւ Ես հանգիստ կը տամ ձեզ» (Մտթ. 11:28): Հաւատո՞ւմ ենք: Տակաւին Նա ասում է. «Ով որ խմի այն ջրից, որ ես կը տամ նրան, յաւիտեան չի ծարաւի»: Հաւատո՞ւմ ենք: Արդեօք մեր մէջ հոսո՞ւմ է այդ կենսատու ջուրը, թէ պարզապէս թերահաւատներ ենք:
Վախենո՞ւմ ենք գալիքից եւ կեանքից:Պէտք է շարունակ յուսալ, վստահել եւ հաւատալ:Մարդկային իւրաքանչիւր կեանք Աստծու ամենատես աչքի հսկողութեան տակ է: Աստւած սիրող Հայր է: Նա թոյլ չի տայ, որ չարութեան մէջ ընկնենք, չարը խափանի մեզ. «Աստւած բարու համար գործակից է լինում նրանց՝ ովքեր սիրում են Իրեն» (Հռ. 8:28): Հոգ չանել վաղւայ համար, հագուստկապուստի համար, ուտելիքի համար նշանակում է՝ թերահաւատ չլինել, այլ վստահել եւ հաւատալ ճշմարիտ Աստծուն: Մենք պէտք է քաջ գիտակցենք, որ ճշմարիտ Աստծու զաւակներն ենք եւ Աստւած մեր բոլորի հայրն է՝ Իր անհուն սիրով, զօրութեամբ եւ իմաստութեամբ: Առանց Աստծու գիտութեան՝ ոչ մի ճնճղուկ գետին չի ընկնում: Մեր գլխի ամէն մի մազն անգամ հաշււած է Նրա կողմից: Հետեւաբար՝ նշանակում է, որ Աստւած գիտէ մեր բոլոր կարիքները:
Մի խօսքով՝ հոգ չանել, չմտահոգւել վաղւայ համար նշանակում է, որ Աստւած խոստացել է մեր բոլոր կարիքները հոգալ, եթէ մենք վստահենք ու փնտրենք Նրան: Վստահե՛նք Աստծու սիրոյն եւ հաւատարմութեանը։ Սիրե՛նք Նրան ամբողջ հոգով, սրտով, մտքով ու զօրութեամբ: Մի խօսքով՝ մեր նոր կեանքը Քրիստոսի կեանքին պէտք է նմանւի:Ահա՛ թէ ինչու իւրաքանչիւր մարդ այսօր հարց պէտք է տայ ինքն իրեն, թէ ո՛ւր է Քրիստոսը՝ մեր կեանքում:Ամանորի այս օրերում ազգովի պէտք է հարց տանք՝ որքանո՞վ Քրիստոսի ներկայութիւնն զգացւում է մեր կեանքում, որքանո՞վ փնտրում ու վստահում ենք Նրան:
* * *
Մարդը եսակենտրոն, ինքնակենտրոն էակ չէ. նա պէ՛տք է մտածի իր նմանի մասին, ընկերոջ մասին, հարազատի մասին, տկարի մասին, հիւանդի մասին, կարօտեալի մասին եւ պէ՛տք է աղօթի նրանց համար, որպէսզի Աստւած նրանց քաջառողջ կեանք եւ հոգեկան խաղաղութիւն ու անդորրութիւն պարգեւի:Հարկ է նման հանգրւանում յիշել նաեւ մեզանից առյաւէտ բաժանւած բոլոր ննջեցեալներին եւ աղօթել նրանց հոգիների խաղաղութեան համար:
Նրանք, ովքեր անցեալ տարի մեզ հետ էին ու այսօր չկան:Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը 2011 թւականը հռչակել է Հայ մանուկի տարի: Արդարեւ, մի նոր աշխատանքի տարի է բացւել մեր բոլորի առաջ: Մանուկները միշտ վաղւայ յոյսն են, ապագան են:
Եթէ ուզում ենք, որ մեր ընտանիքները առողջ լինեն, մեր դպրոցները լուսաւոր լինեն, մեր եկեղեցիները պայծառ լինեն, մեր հայրենիքը հզօր լինի ու մեր ազգը գոյատեւի, պէտք է հոգատար լինենք մանուկների նկատմամբ՝ միշտ Քրիստոսի պատգամին հետեւելով. «Թոյլ տւէք այդ մանուկներին, որ ինձ մօտ գան, մի արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Երկնքի Արքայութիւնը»: (Մտթ. 19:14) Հետեւաբար՝ խնամե՛նք, դաստիարակե՛նք (հոգեւոր, բարոյական մշակութային եւ ազգային արժէքներով), պաշտպանե՛նք եւ գուրգուրա՛նք՝ յատուկ սէր տածելով մեր մանուկների նկատմամբ:Թող Ամանորը մի նոր լուսաւոր ճանապարհ բացի իւրաքանչիւր հայի եւ յատկապէս իւրաքանչիւր հայ մանուկի համար:
Ձեզ բոլորին մաղթում եմ առողջութեամբ, երջանկութեամբ, յաջողութեամբ եւ բարիքներով լեցուն մի տարի:Շնորհաւոր Նոր տարի եւ Ս. Ծնունդ:
26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,
2010ՆՈՐ ՋՈՒՂԱ
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment