Որտե՞ղ կանցկացնեն Նոր Տարին

համաշխարհային առաջնորդները



18:10 • 30.12.10
Մարոկօ, Եգիպտոս, Հաւայեան կղզիներ. սրանք արևմտեան տէրութիւնների առաջնորդների համար ծննդեան տօներն անցկացնելու ամենագրաւիչ երկրներն են։
Ինչպէս տեղեկացնում է РБК–ն, տաք երկրներ մեկնած առաջնորդների թւում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։
Անցեալ հինգշաբթի Ֆրանսիայի նախագահը իր ընտանիքի հետ միասին Ծննդեան տօներին մեկնել էր Մարակէշ՝ Մարոկօի հին մայրաքաղաք։ Պարզւել է, որ այս երկրին նախապատւութիւն են տալիս ֆրանսիացի առաջատար շատ քաղաքական գործիչներ։ Ծննդեան տօնի արձակուրդներն այնտեղ է անցկացնում նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։
ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման կնոջ, երեխաների և նոյնիսկ սիրելի շան հետ ծննդեան տօներին նոյնպէս մեկնել է ծովափ։ Իհարկէ, դրա համար նա ստիպւած չէր երկրից դուրս գալ. Օբաման իր 10-օրեայ հանգիստը անցկացնում է Հաւաեան կղզիներում։ Կղզիներից մէկում նա մեծացել է, և այնտեղ մինչև այժմ ապրում են նրա հարազատները։ Հաւայեան կղզիները ԱՄՆ նախագահի ամենասիրելի հանգստեան վայրերից մէկն է, և նա բազմիցս Սուրբ Ծնունդն այնտեղ է անցկացրել։ Սովորաբար Սպիտակ տան ղեկավարի ընտանիքը հանգստանում է Հոնոլուլուից ոչ հեռու գտնւող փոքր քաղաքում վարձակալած շքեղ դղեակում։
Գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ նոյնպէս ընտրել են ծովը և արևը։ Այսպէս, երկրի փոխկանցլեր Գիդո Վեստերվելեն կմեկնի Եգիպտոս։ Իսկ գերմանական գլխաւոր տիկին Անգելա Մերկելը եւրոպացի իր տղամարդ գործընկերներից աւելի սպորտային է գտնւել, և սովորականի նման մեկնել է շւէյցարական Ալպեր լեռնադահուկային սպորտով զբաղւելու։ Արձակուրդների միւս մասը տիկին Մերկելը և նրա ամուսինը աւանդաբար անցկացնում են գերմանական Ուկկերմարկի ամառանոցում։
Միւս քաղաքական գործիչները չեն պատրաստւում բնակավայրից շատ հեռանալ։ Այսպէս, Իսպանիայի վարչապետ Խոզէ Լուիս Սապատերոն Սուրբ Ծնունդը նշել է Մադրիդում ընտանիքի հետ և այնտեղ էլ պատրաստւում է անցկացնել Նոր Տարին։ Էստոնիայի նախագահ Հենդրիկ Իլվեսը և վարչապետ Անդրուս Անսիպը նոյնպէս տօներն անցկացնում են հայրենիքում։ Ըստ ուկրաինական ԶԼՄ–ների՝ երկրի նախագահ Վիկտոր Եանուկովիչը Նոր տարին և ուղղափառների Սուրբ Ծնունդը կանցկացնի Ուկրաինայում իր մեծ ընտանիքի հետ։


Tert.am

0 Պատգամ: