Պատգամ՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան
տօների կապակցութեամբ
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
Սիրելի հայրենակիցներ,Մարդկութեան պատմութիւնը հարստանում է եւս մէկ տարով՝ յիշողութիւններին աւանդելով բազում իրադարձութիւններ, որոնք երբեմն անցնող ժամանակաշրջանների կրկնութիւնն են, երբեմն էլ իրենց իւրայատկութիւններով տարբերւում են նախորդ տարիների անցուդարձերից:
Տարեմուտին մեզանից իւրաքանչիւրը փորձում է ամփոփել իր օրակարգում եղածը, գնահատականներով հաստատագրել կատարած եւ չկատարած աշխատանքները եւ մտովի ընդառաջ գնալ յաջորդ՝ նոր տարւան՝ լաւ գիտակցելով, որ իւրաքանչիւր նորը պէտք է իր ձեռքբերումների պաշարով գերազանցի նախորդին եւ սրբագրի անցնող տարւայ բացթողումները: Տարին հարուստ էր հայ-իրանական յարաբերութիւնների բովանդակային ձեռքբերումներով, ինչը մեզ յուսադրում ու գօտեպնդում է նոր՝ աւելի համարձակ քայլեր ձեռնարկելիս:
Մեր երկկողմ յարաբերութիւնների զարգացմանը նպաստեցին յատկապէս բարձր մակարդակի փոխայցելութիւնները, որոնց ընթացքում ամրագրւում եւ օրակարգային հարց են դառնում մեր տնտեսութեան համար կարեւորագոյն նախագծեր եւ ծրագրեր: Անցնող տարւայ ընթացքում ունեցանք մարդկային անդառնալի կորուստներ: Ունեցանք նաեւ մեր կամքից անկախ հնարաւորութիւնների ու ժամանակի ահռելի կորուստ՝ բացթողում:Անշուշտ, մեզ վիճակւած չէ դատաւորի կեցւածքով գնահատել նախորդ շրջանի մեր ձեռքբերումները, յաջողութիւնները, բացթողումները:
Վիճակւած չէ ըմբռնել կորուստների հասցրած վնասն ու հետեւանքները: Մենք միայն պէտք է դասեր քաղենք անցեալից աշխատելով չկրկնել սխալներն ու բացթողումները:
Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ օգտւել «Ալիք»-ի միջոցով ձեզ պատգամ յղելու բացառիկ հնարաւորութիւնից‘ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան աշխատակազմի եւ անձամբ իմ անունից շնորհաւորելու Ամանորի ու Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ, մաղթել Ձեր առջեւ ծառացած բոլոր դժւարութիւնները յաղթահարելու հաստատակամութիւն, նորանոր յաջողութիւններ եւ յաղթանակներ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼԵԱՆ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆ
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment