ՀՅԴ պատգամաւոր.–

Իշխանութիւնները տապալել են

սոցիալական սահմանադրութեան

կոնցեպցիան


17:49 • 28.12.10
2010-ը Հայաստանի համար բացասական սպասումների և հասարակական ճգնաժամի տարի էր: Նման համոզմունք յայտնեց ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեանն այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի` «Հայաստան 2010. անորոշութեան տարի» զեկոյցի հրապարակման ժամանակ:
Ըստ պատգամաւորի՝ Հայաստանն անցնող տարում չի կարողացել յաղթահարել ֆինանսատնտեսական ճգնաժամը տնտեսական օլիգարխիկ բնոյթի քաղաքականութիւն վարելու պատճառով: Համաշխարհային մրցունակութեան զեկոյցի համաձայն՝ Հայաստանը 98-րդն է 139 երկրների շարքում, ինչը խօսում է Հայաստանում մրցունակութեան մտահոգիչ մակարդակի վրայ լինելու մասին, յետընթաց է բիզնեսի վարման մէջ:
Աւելին` իշխանութեան տնտեսական քաղաքականութեան պատճառով 2011 թ. արտաքին պարտքը կկազմի 4 միլիարդ դոլար, իսկ սա նշանակում է, որ ՀՀ իւրաքանչիւր քաղաքացու պարտքն արտաքին աշխարհին լինում է 40 դոլար: «Պէտք չէ տնտեսական խորը ճգնաժամի հիմնական պատճառը երկրում կապել միայն արտաքին մարտահրաւէրների հետ, այստեղ ակնառու է, որ ՀՀ կառավարութիւնը չունի լծակներ վերահսկելու երկրի տնտեսական ոլորտը, իսկ ձւի և պանրի շուկայում վերջին իրադարձութիւնները նոյն այդ քաղաքականութեան ամենապարզ օրինակներն են: Իսկ կառավարութեան` խորհրդարան ներկայացրած բիւջէի օրինագծում դրսևորւում է գործադրի մերկութիւնը տնտեսական քաղաքականութեան մէջ:
Լ.Գալստեանի խօսքով, կառավարութեան կանխատեսումներով 2012թ-ին աղքատութեան ցուցանիշը պէտք է լինի 12, իսկ ծայրայեղ աղքատութեանը` 1.6 տոկոս, մինչդեռ աղքատութիւնը երկրում արդէն 34,5 տոկոսի շրջանում է: «Իշխանութիւնները տապալել են սոցիալական սահմանադրութեան կոնցեպցիան` իրենց վարած անյաջող քաղաքականութեամբ»,- աւելացրեց նա:
Tert.am

0 Պատգամ: