Վաղը երեկոյեան Երևանում ձեան

փաթիլներ կերևան



12:31 • 30.12.10
Հայաստանի լեռնային շրջանների բնակավայրերի բնակիչներն Ամանորը կդիմաւորեն ձիւնով, իսկ հովտային շրջաններում սպասւող տեղումները կլինեն անձևների տեսքով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կանխատեսում ներկայացրեց «Հայպետհիդրոմետ» ծառայութեան օպերատիւ հիդր–օդերևութաբանութեան բաժնի պետ Զարուհի Պետրոսեանը։
«Յատկապէս երեխաներին, որոնք շատ–շատ են սպասում ձեան, ասեմ, որ այս գիշեր՝ ժամը 3–4–ից սկսած հանրապետութիւնում տեղումներ կսկսւեն։ Լեռնային շրջաններում դրանք կսկսւեն ձեան տեսքով, այսինքն 1200–1300 մետր բարձրութիւններից վերև սպասւում է ձիւն, իսկ մայրաքաղաքի ցածրադիր վայրերում սպասւում է անձրև»,– ասաց Զարուհի Պետրոսեանը։ Նրա խօսքով, վաղը տեղումներն ընդհատումներով կշարունակւեն։ «Վաղը երեկոյեան՝ ժամը 23–24–ին, արդէն մայրաքաղաքում նոյնպէս կերևան ձեան փաթիլներ, բայց քանի որ գիշերային ջերմաստիճանը շատ ցածր չի, լուրջ ձիւն, կայուն ձեան ծածկոյթ մայրաքաղաքում՝ հովտային շրջաններում, պէտք չէ ակնկալել։ Ուղղակի կտեսնենք ձիւնը մայրաքաղաքում և Արարատեան դաշտավայրում»,– ասաց նա։
Պետրոսեանի խօսքով՝ յունւարի 1–ին՝ օրւայ երկրորդ կէսին, սպասւում է տեղումների դադար։ Ինչ վերաբերում է ջերմաստիճանին, մասնագէտը նշեց, որ դեկտեմբերի 31–ի լոյս յունւարի 1–ի գիշերը ջերմաստիճանը Երևանում կլինի 0–ին մօտ, իսկ յունւարի 2–ի գիշերը սպասւում է ջերմաստիճանի նւազում։ Մինչև յունւարի 6–7–ը տեղումներ չեն սպասւում, սակայն օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնւազի։
Հարցին, թէ առաջիկայում սառնամանիքներ սպասւո՞ւմ են, Զարուհի Պետրոսեանը պատասխանեց. «Այս տարւայ յունւարին ակնկալւում է նորմային մօտ ջերմաստիճան, նման յունւարներ շատ են եղել։ Յունւար ամսւայ կտրւածքով և առաջիկայ տասն օրերի ընթացքում շատ ցուրտ չի լինի։ 10–12 աստիճան ցուրտը բաւականին բնութագրական ջերմաստիճան է Արարատեան դաշտի և մայրաքաղաքի համար այս ժամանակահատւածում»։
Մասնագէտը նշեց, որ յունւարի 1–ի գիշերը մայրաքաղաքում սպասւող ձիւնը ցածր ջերմաստիճանի պատճառով կհալւի՝ վերածւելով սառոյցի։ «Այս երևոյթը մի վտանգ ունի, որ առաւօտւայ ժամերին գետինը սառչելու է և բաւականին վտանգաւոր է լինելու երթևեկութեան համար։ Այս իմաստով ես ուզում եմ բոլորի ուշադրութիւնը հրաւիրել այս հանգամանքի վրայ, որպէսզի յատկապէս վարորդներն ուշադիր լինեն»,– խորհուրդ տւեց «Հայպետհիդրոմետի» աշխատակիցը։

Tert.am

0 Պատգամ: