Շատ կարևոր է, որ այդ հայելին ծուռ չլինի.

Սերժ Սարգսեանը շնորհաւորել է

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին


14:17 • 28.12.10
Նոր Տարւայ և Սուրբ Ծննդեան տօների առթիւ Սերժ Սարգսեանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելութեան է հրաւիրել զանգւածային լրատւութեան միջոցների ներկայացուցիչներին:
Շնորհաւորելով լրագրողներին գալիք տոների կապակցութեամբ` նախագահը, մասնաւորապէս, ասել է.
«Յարգելի լրագրողնե՛ր և լրատւամիջոցների ներկայացուցիչնե՛ր,
Շնորհաւորում եմ ձեզ Նոր Տարւայ և Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ: Ուրախ եմ այս աւանդական հանդիպման և Հայաստանի Հանրապետութեան Նախագահի նստավայրում ձեզ ընդունելու համար:
Ընդհանուր առմամբ, անցնող տարին բաւականին արդիւնաւէտ էր ձեր աշխատանքի տեսանկիւնից: Տարին նաև առանձնացաւ հիմնականում առողջ քաղաքական բանավէճով, և շատ յաճախ այդ բանավէճի ակտիւ մասնակիցները նաև մեր լրատւամիջոցներն էին: Շատ լրատւամիջոցներ կարողացան պատւով կատարել իրենց առաքելութիւնը և չդառնալ գործիք ինչ-ինչ հարցերի լուծման համար: Մաղթում եմ, որ գալիք տարում էլ մեր երկրի լրագրողներից մեծ համարձակութիւն չպահանջւի որևէ հասարակայնօրէն կարևոր ասելիք բարձրաձայնելու համար: Դա ես դիտում եմ, ոչ միայն ձեր` իբրև պրոֆեսիոնալների, այլև մեր ողջ հասարակութեան հասունութեան չափանիշ:
Մէկ անգամ ևս պիտի շեշտեմ, որ մենք բացարձակապէս տրամադրւած չենք կոծկելու պետական համակարգում կամ հասարակութեան մէջ առկայ թերութիւնները, և այդ հարցում շարունակում ենք ունենալ ձեր աջակցութեան կարիքը: Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիւ ու անաչառ աշխատանքը, որպէսզի Հայաստանի հասարակութիւնը, ողջ պետական համակարգը, ամենատարբեր կառոյցներն ու գործիչները կարողանան լրատւութեան հայելու մէջ տեսնել իրենց իրական պատկերը: Շատ կարևոր է, որ այդ հայելին ծուռ չլինի, իսկ ներկայացւած պատկերն էլ` աղճատւած: Վստահ եմ, որ ձեր առողջ դատողութիւնը, ձեր ինքնակազմակերպումը և ինքնակարգաւորումը թոյլ կտան լուծումներ գտնել նաև այդ ոչ հեշտ խնդրի համար:
Մենք պէտք է շարունակենք մնալ քաղաքական հանդուրժողականութեան, փոխադարձ յարգանքի և տարբեր` անգամ իրարամերժ ուժերի երկխօսութեան և, ինչո՞ւ չէ, համագործակցութեան ջատագովը: Կեղծիքը, սադրանքը, վիրաւորանքը և պիտակաւորումը խոչընդոտում են երկխօսութեանը, խափանում դրա հնարաւորութիւնն իսկ: Այդ պատճառով կրկին յօրդորում եմ ձեզ մասնագիտական պարտականութիւնները կատարելիս լինել անաչառ և համակողմանի: Ներկայ Հայաստանի իրականութեան ամբողջական ու առարկայական պատկերը նաև մեր երկրի ժամանակագրութիւնն է: Այս առումով ձեր օբյէկտիւութիւնն ու օպերատիւութիւնը թանկ են ոչ միայն ներկայի, այլև ապագայի տեսանկիւնից:
Յարգելի՛ լրագրողներ,
Ի դէմս ձեզ` շնորհաւորում եմ Հայաստանի լրագրողներին ու մեր լրատւամիջոցների բոլոր աշխատակիցներին, միաժամանակ շնորհակալութիւն յայտնում կատարած աշխատանքի համար:
Համոզւած եմ, որ 2011 թւականը լինելու է համագործակցութեան, վերընթաց զարգացման և առաջընթացի տարի: Թող նոր տարին յաջողութիւն բերի ձեր գործերին և ձեռնարկումներին, խաղաղութիւն ու երջանկութիւն` ձեր ընտանիքներին:
Շնորհաւո՛ր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ»:


Tert.am

0 Պատգամ: