Friday, June 25, 2010

ԱԼԻԵՒԸ ԱՌԻԹ Է ՏԱԼԻՍ

ԱԼԻԵՒԸ ԱՌԻԹ Է ՏԱԼԻՍ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել է այդ երկրի զինուժի 92-ամեակին նւիրւած զօրավարժութեանը եւ ելոյթ ունեցել զինծառայողների առջեւ:
Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Իլհամ Ալիեւը նշել է իր ղեկավարութեամբ երկրի տնտեսական եւ ռազմական ոլորտներում յաջողութիւնների մասին: Նա նշել է, թէ ներկայում Ադրբեջանի ռազմական բիւջէն կազմում է 2,150 միլիոն դոլար, ինչն աւելի է Հայաստանի բիւջէից: Նրա խօսքով, ադրբեջանական բանակը տարեց տարի աւելի է ուժեղանում եւ յագենում ժամանակակից միջոցներով: Մենք հետայսու էլ պէտք է մեծացնենք ռազմական կարողութիւնը, ասել է Ալիեւը:
Խօսելով Ադրբեջանի յաջողութիւնների մասին, նա ասել է, թէ կարեւորագոյն խնդիրը հողերի ազատագրումն է: Նա ասել է, թէ Հայաստանն անտեսում է միջազգային հանրութեան ջանքերը` լուծելու Ղարաբաղի խնդիրը: Եւ այս պայմաններում "Ադրբեջանի առջեւ նոր խնդիրներ են առաջանում` կամ շարունակել բանակցութիւնը, եւ մենք պատրաստ ենք դրան, սակայն պայմանով` որ այն արդիւնք պէտք է ունենայ, կամ էլ ընտրել այլ ճանապարհ: …Մենք երբէք չենք ժխտել ռազմական լուծման ճանապարհը: Խաղաղ բանակցութիւնը շարունակւում է մօտ 20 տարի, սակայն ոչ մի արդիւնք չկայ: Ադրբեջանի ժողովրդի համբերութիւնն անսահման չէ", ասել է Ալիեւը:
Նա կրկին նշել է, որ իրենց խնդիրն ամէն գնով երկրի տարածքային ամբողջականութիւնը վերականգնելն է, եւ զինւած ուժերն ամէն պահի պէտք է պատրաստ լինեն կատարել գերագոյն գլխաւոր հրամանատարի հրամանը:
Ալիեւն ասել է, թէ իրենք աչք չեն դնում ուրիշների տարածքի վրայ, թէեւ Հայաստանը ստեղծւել է ադրբեջանական հողերի վրայ:
Նա նշել է, թէ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հնարաւորութիւնների տեսակէտից անդունդ է, որը ժամանակի ընթացքում խորանալու է, եւ Ադրբեջանը պէտք է մոբիլիզացնի իր բոլոր ռեսուրսներ:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա դա ադրբեջանական հող է, ասել է Ալիեւը: Նրա խօսքով, կայ Խանքենդի, իսկ Ստեփանակերտ չկայ, այդ անունը վերցւել է բոլշեւիկ եւ բանդիտ Ստեփան Շահումեանից: Նրա խօսքով, հայերը Ղարաբաղում սկսել են բնակւել 19-րդ դարից, եւ ԽՍՀՄ փլուզման նախօրէին մեծամասնութիւն են եղել: Սակայն մենք կը վերադառնանք այնտեղ, եւ պէտք է պատրաստ լինենք ցանկացած տարբերակի, ասել է Ալիեւը:



«Լրագիր»

0 Պատգամ: