Արցախում պատերազմի հնարաւորութեան մասին

Արա Պապեան
Ես համաձայն եմ բազմիցս արտահայտւած այն տեսակէտին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իլհամ Ալիեւի քաղաքականութիւնն առաւելապէս պայմանաւորւած է ներքին գործօններով: Իլհամը, ինչպէս նրա հայրը, պատկանում է քաղաքական այն գործիչների թւին, որոնց համար միակ սրբութիւնն իշխանութիւնն է՝ այդ կարգ ավիճակից ածանցւող հսկայական գումարներ գրպանելու հնարաւորութեամբ:
Հետեւաբար, այդ տեսանկիւնից էլ պէտք է քննենք Արցախի ճակատում Ալիեւի կողմից պատերազմ սանձազերծելու հնարաւորութիւնը:Իւրաքանչիւր պատերազմ լուրջ եւ անկանխատեսելի հետեւանքներ է պարունակում ցանկացած իշխանութեան համար: Իլհամ Ալիեւը, կարծում եմ, չի մոռացել, որ Ադրբեջանում իշխանափոխութիւնները միշտ էլ տեղի են ունեցել Արցախում կրած ռազմական պարտութիւնների պատճառով: Արդեօ՞ք ներկայումս Ալիեւն ունի պատերազմում հայկական կողմին ջախջախիչ պարտութեան մատնելու երաշխիք: Համոզւած եմ, որ ոչ: Աւելին, հաւանականութիւնը, որ պատերազմի դէպքում Ադրբեջանը տարածքային նոր կորուստներ կունենայ, շատ աւելի մեծ է: Փորձենք նաեւ հասկանալ՝ ի՞նչ գին է վճարելու Ադրբեջանը Արցախի ճակատում ենթադրեալ յաղթանակի դէպքում: Եթէ մինչեւիսկ պատկերացնենք անհնարինը՝ ասենք ադրբեջանական զինուժին յաջողւի ոչնչացնել հայկական բանակը (անհնարին մի բան պաշտպանական դիրքերում գտնւող բանակի դէպքում) եւ տեղահանել արցախաբնակ ողջ հայութեանը (իրողութիւն է, որ այս պատերազմը ոչ միայն բանակների միջեւ է, այլեւ ժողովուրդների), ի՞նչ վիճակում է յայտնւելու Ադրբեջանը: Ի լրումն տասնեակ հազարաւոր նոր զոհերին, Ադրբեջանը յայտնւելու է տնտեսական բացարձակ կործանման եզրին: Ադրբեջանը որպէս պետութիւն այսօր գոյատեւում է զուտ նաւթի եւգազի արտահանման շնորհիւ: Դրանց գումարներով է, որ այսօր Ադրբեջանը զինւում է եւ պարբերաբար յոխորտում է Արցախի եւ Հայաստանի դէմ: Այսինքն, նաւթահանքերը, նաւթամուղերը, գազատարները եւ նման այլ ենթակառոյցները, ռազմական նշանակութեան օբյեկտներ են, հետեւաբար՝ միանգմայն օրինական թիրախներ: Միթէ՞ պարզ չէ, որ պատերազմի առաջին իսկ ժամերի ընթացքում դրանցից միայն ծխացող մետաղակոյտեր կմնան: Պէտք է նաեւ ընդգծել, որ Ադրբեջանը չի կարող ձեռնարկել համարժէք քայլեր, քանի որ Հայաստանի տնտեսութիւնն իր բոլոր թերութիւններով հանդերձ, անհամեմատ պակաս խոցելի է, քանի որ մենք չունենք 2-3 օբյեկտ, որոնց ոչնչացումը կյանգեցնի արտահանութեան, հետեւաբար բուն եկամուտի, 90%-ի ոչնչացմանը: Բացի այդ, Ալիեւը ոչ միայն սեփական ժողովրդի, այլեւ արտասահմանեան այն բոլոր ընկերութիւնների առջեւ է պատասխանատւութիւն կրում, որոնք հսկայական ներդրումներ են կատարել վերոնշեալ ոլորտում եւ որոնցից շատերը դեռեւս հետ չեն բերել իրենց ներդրած գումարները: Ալիեւի ինչի՞ն է պէտք պատերազմը: Բաքւի էմիրն իր համար նստած կթում է մի ողջ երկրի ընդերքը եւ նոյն այդ երկրի ժողովրդի մեծ մասին, որն է այդ երկրի հսկայական հարստութեան իրաւական սեփականատէրը, պահում է հետին աղքատութեան մէջ: Մոլագար յայատյացութիւնը Ալիեւին պէտք է գողացած իշխանութիւնը պահելու եւ գղոնը պահպանելու համար:Քանի որ Ալիեւը գող է, որովհետեւ իշխանութեան գողն էլ գողն է, ապա նրա սիրտը միշտ էլ դող է: Հետեւաբար, պատերազմը խիստ անհաւանական համարելով հանդէրձ, լիովին այն չեմ բացառում: Լարւած իրավիճակում պատերազմները կարող են ծագել նաեւ ինքնաբերաբար: Սակայն որպէս մտածւած քաղաքականութիւն կարծում եմ, որ Ալիեւը միայն մի դէպքում կգնայ արկածախնդրութեան (ուրիշ բառով դա հնարաւոր չէ կոչել), երբ Ալիեւի դիրքերն Ադրբեջանում այնքան թուլացած լինեն, որ կասկածի տակ դրւի կեղծիքի եւ խաբեութեան ճանապարհով հերթական անգամ իշխանութիւնը զաւթելու Ալիեւի հնարաւորութիւնը: Այսինքն, Բաքւի էմիրութիւնում բոլոր քաղաքական զարգացումները պէտք է դիտարկել Ալիեւների հարստութիւնը (այս բառի երկու իմաստով) պահպանելու տեսանկիւ-նից:Երբ պատերազմն Իլհամ Ալիեւի համար դառնայ իշխանութիւնը պահելու միակ ճանապարհը, նա կգնայ դրան: Սակայն, քանի որ ներկայումս Ադրբեջանումգրեթէ իսպառ բացակայում է որեւէ ընդդիմութիւն, ապա չեմ կարծում, որ էմիրը որեւէ մէկից դոյզն իսկ վտանգ է զգում: Այսօր Իլհամ Ալիեւն ինքը շահագրգռւած չէ ադրբեջանական բանակի ո՛չ յաղթանակով եւ ո՛չ էլ պարտութեամբ: Արեւելքում չեն ներում պարտւած էմիրներին, միեւնույն ժամանակ Արեւելքում ոչինչ այնքան վտանգաւոր չէ բռնակալի համար, որքան յաղթանակ տեսած բանակի զինւորն ու զօրավարը:


Արա Պապեան
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար
21 հունիսի, 2010թ.

0 Պատգամ: