Տարածաշրջանից դուրս գտնվւող սադրանքի հետևանք է՝ ասաց Իրանի դեսպանն ու չմասնաւորեցրեց


13:07 • 23.06.10
«Այդ բախումը, որ տեղի է ունեցել, կարելի է ասել, աւելի շուտ տարածաշրջանից դուրս գտնւող սադրանքի հետևանք է»,– այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց Հայաստանում Իրանի իսլամական հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Սէյեդ Ալի Սաղաեանը՝ անդրադառնալով յունիսի 18–ին արդրբեջանական կողմի իրականացրած դիվերսիային, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և նոյնքան էլ վիրաւոր։
Հարցին, թէ ո՞ւմ նկատի ունի դեսպանը տարածաշրջանից դուրս գտնւող սադրանք ասելով, դեսպան Սաղայեանը պատասխանեց. «Ես նկատի չունեմ որևէ երկիր կամ ուժ, այլ այն գործօնները, որոնք կարող են կրել արտաքին բնոյթ»։
Ցաւակցելով զոհերի հարազատներին՝ Հայաստանում Իրանի դեսպանը կրկին ընդգծեց պաշտօնական Թեհրանի մօտեցումը ԼՂ հակամարտութեան կարգաւորման առնչութեամբ՝ նշելով. «Մենք մշտապէս այն կարծիքն ենք եղել, որ ցանկացած հակամարտութիւն և բախում չի նպաստում որևէ երկրի և ժողովրդի, և մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերեալ մշտապէս եղել է այն, որ ցանկացած հակամարտութեան լուծում միայն պէտք է լինի խաղաղ բանակցային ճանապարհով»։
Անդրադառնալով պատերազմի վերսկսման հաւանականութեանը՝ Հայաստանում ԻՀԻՀ արտակարգ և լիազօր դեսպանը պատասխանեց, որ իրենք «վստահաբար բացառում են պատերազմի վերսկումը»։ Դեսպանը նաև ներկայացրեց իրենց դիրքորոշումը՝ կապւած այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը ցանկանում է ԼՂ խնդիրը ներկայացնել որպէս միջկրօնական բնոյթի խնդիր։ Սէյեդ Ալի Սաղայեանը վերահաստատեց Իրանի պաշտօնական դիրքորոշումը հարցի շուրջ՝ ընդգծելով, որ իրենք բազմիցս արտայայտել են իրենց անհամաձայնութիւնը նման մօտեցամանը, ինչի մասին տեղեակ է նաև պաշտօնական Երևանը։
ԼՂ հակամարտութեամբ զբաղւող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձևաչափի փոփոխութեան առնչութեամբ Հայաստանում ԻԻՀ դեսպանը յայտարարեց, որ դա Ադրբեջանի և Հայաստանի խնդիրն է, սակայն Իրանը կարող է շատ լաւ դերակատարում ունենալ այդ հարցում՝ հաշւի առնելով նրա սերտ շփումները տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների հետ։

Tert.am

0 Պատգամ: