Էրդողանը վերահաստատում է Ղարաբաղեան
նախապայմանը



10:43 • 28.06.10
Կանադայի Տորոնտօ քաղաքում կայացած «Մեծ քսանեակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքական լրատւամիջոցների փոխանցմամբ` 1 ժամ 15 րոպէ տևած հանդիպման ընթացքում Օբաման և Էրդողանը հիմնականում քննարկել են Քրդստանի բանւորական կուսակցութեան (PKK), Իրանի միջուկային խնդրի, ինչպէս նաև «Ազատութեան տորմիղի» և իսրայէլական բանակի զինւորների միջև տեղի ունեցած միջադէպը:
Սակայն թուրքական Hurriyet օրաթերթը, վկայակոչելով սեփական անանուն աղբիւրները, գրում է, որ մօտ 1 ժամ 30 րոպէ տևած Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկւել է ինչպէս Հայ-թրքական յարաբերութիւնները, այնպէս էլ Ղարաբաղեան հիմնախնդիրը:
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, ընդգծելով, որ առանց Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հնարաւոր չի լինելու առաջընթաց ապահովել Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացում, յայտարարել է.
«Հակառակ այն բանին, որ մինչև օրս չենք ստացել 2005թ. արւած պատմաբանների համատեղ յանձնաժողով ստեղծելու առաջարկութեան պատասխանը, մենք վճռական ենք յարաբերութիւնների կարգաւորման հարցում: Միւս կողմից պէտք է հասկանալ, որ եթէ առաջընթաց չգրանցւի Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում, հնարաւոր չի լինելու առաջ տանել Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը»:

Tert.am

0 Պատգամ: