Թուրքական իշխանութիւնները որոշել են Պոլսոյ փոխպատրիարքի ընտրութեան թոյլտւութիւն տալ


Յունիս 30, 2010 14:49
Պոլսոյ Հայոց Պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի առողջական խնդիրների պատճառով առաջացած ճգնաժամը կարծես լուծում է գտել։ Թրքական իշխանութիւնները որոշել են, որ աւելի յարմար է ընտրել փոխպատրիարք։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 6 ամիս առաջ Ստամբուլի նահանգապետի միջոցով Թուրքիայի ներքին գործերի նախարարին ուղղւած Պոլսոյ պատրիարքարանի հոգեւոր խորհրդի եւ նախաձեռնող խորհրդի դիմումները քննարկւել են թուրքական կառավարութեան կողմից, եւ Հայոց պատրիարքարան է ուղարկւել համապատասխան գրութիւն։
Պոլսոյ հայոց պատրիարքարան ուղարկւած գրութեան մէջ նշւել է. «Անհրաժեշտ է, որ ներկայիս Մեսրոպ 2-րդ պատրիարքը ցմահ մնայ պատրիարքական աթոռին, քանի որ մէկ անձ կարող է կրել պատրիարքի տիտղոսը։ Նոր պատրիարք կամ համապատրիարք ընտրելու փոխարէն աւելի յարմար է ընտրել փոխպատրիարք»,-նշւել է գրութեան մէջ։
Նշենք, որ Պոլսոյ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում իրականացնել իր պարտականութիւնները։ Սակայն, ըստ կանոնադրութեան, Պոլսոյ պատրիարքը ընտրւում է ցմահ։ Այս պայմաններում, Պոլսոյ Հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհուրդը դիմել էր թուրքական իշխանութիւններին՝ համապատրիարք ընտրելու թոյլտւութեան խնդրանքով։ Իր հերթին պատրիարքարանի նախաձեռնող խումբը եւս դիմել էր, սակայն նոր պատրիարք ընտրելու խնդրանքով։ Այս ամէնը Ստամբուլի հայ համայնքում յանգեցրել էր լուրջ տարաձայնութիւնների։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: