Թուրքերը հօ խիա՞ր չեն, որ ամէն դարում փոխւեն
«copy-paste-ը չի աշխատում»

16:24 • 24.06.10
Կառավարման մասնագէտ Յարութիւն Մեսրոբեանի խօսքով՝ պէտք չէ խորանալ՝ հասկանալու համար, թէ թուրքերն ու ադրբեջանցիները ինչու են Հայաստանի հետ վատ վարւում. «պէտք է ուղղակի պատմութիւն իմանալ»։
«Եթէ մենք ուշադիր հետևենք 1-1,5 տարի հնչող մտահոգութիւններին, պարզ կդառնայ, որ հիմա մենք քաղում ենք այն, ինչի մասին զգուշացւել էր։ Ես գտնում եմ, որ ֆուտբոլային դիւանագիտութեամբ պէտք է ֆուտբոլի ուղղութիւնը ուժեղացնել, իսկ դիւանագիտութեամբ՝ դիւանագիտական։ Պէտք չէ խառնել՝ ֆուտբոլի ժամանակ դիւանագիտութիւն խաղալ, դիւանագիտութեան ժամանակ՝ ֆուտբոլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագէտը։
Ըստ նրա՝ Հայ-թուրքական և Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների վատացման երկու գլխաւոր պատճառ կայ։ Առաջինն այն է, որ երբ քաղաքականութեան մէջ սկսում ես յայտարարել խաղաղասէր ցանկութիւններ և խօսում փոխզիջումների մասին, հակառակորդն սկսում է մտածել՝ իսկ կարո՞ղ եմ ես այս պայմաններում մի քիչ աւելի շատ ունենալ։
«Մենք սկսեցինք ամբողջ աշխարհով մէկ գոռալ-գոչել, որ 21-րդ դարում ուրիշ թուրքեր են, այդ հեքիաթներն սկսեցինք տարածել։ Դէ պարզ է՝ թուրքերը հօ խիա՞ր չեն, որ ամէն դարում փոխւեն։ Նրանք այնպիսին են, ինչպիսին կան։ Բնական է, որ գիշատիչը մի սկզբունք ունի՝ երբ ինքը տեսնում է, որ դու սկսում ես զիջել, սկսում ես աղերսել և ինչ-որ խաղաղասէր կոչեր անել, ինքը կուզենայ աւելի շատ։ Մենք ինչ որ պէտք էր պրոտոկոլներով զիջել էինք և զարմանում էինք, թէ թուրքերն ինչո՞ւ չէին վաւերացնում։ Պէտք չէ զարմանալ, որովհետև նրանք մտածում էին՝ մեր ուղղութեամբ զիջել են, մի հատ էլ ադրբեջանի ուղղութեամբ թող զիջեն, մենք էլ քթներս կխոթենք Ղարաբաղի հարցի մէջ»,- բացատրեց նա։
Մեսրոբեանի խօսքով՝ լարւածութիւն ստեղծող երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանում տարէցտարի ներքին թուլացում է արձանագրւում թէ՛ տնտեսական, թէ՛ այլ ոլորտներում. «Իսկ գիշատիչը մի լաւ յատկութիւն ունի, դրա համար էլ ինքը գիշատիչ է և սովից չի մահանում. ինքն զգում է դիմացինի թուլութիւնը։ Այս երկու պատճառները բերում են նրան, որ լարւում է իրավիճակը»։
Ըստ նրա՝ հակառակորդի հետ պէտք է խելացի քաղաքականութիւն վարել։ «Պարտադիր պայման չէ, որ ով սկսի պատերազմը, նա էլ կպարտւի։ Եկէք, հազար ներողութիւն, մանկամիտ մտքերի գիրկը չընկնենք։ Նոյն տրամաբանութեամբ ասենք՝ քանի որ Կոզովոյի անկախութիւնն ընդունել են, Ղարաբաղինն էլ կընդունեն։ Տեսնում էք՝ չեն ընդունում։ Հետևաբար այս copy-paste-ը չի աշխատում»։

Tert.am

0 Պատգամ: