Նորաոճ ծրագրեր` «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի շրջանակներում


«Ինչպէս ամէն տարի, այս տարի ևս «Ոսկէ ծիրան» միջազգային փառատօնի մեկնարկը տրւելու է ծիրանի օրհնութեամբ, որն այս տարի անցկացւելու է Ս. Զօրաւոր եկեղեցում` յուլիսի 11-ին` 15:00-ին»,- յայտնեց «Ոսկէ ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատօնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Յակոբեանը:
Վ. Յակոբեանը նշեց, որ 11-ի երեկոյեան` ժ. 19:00-ից ակսած «Մոսկւա» կինոթատրոնի յարակից Շարլ Ազնաւուրի հրապարակում կը կազմակերպւի փոքրիկ համերգային ծրագիր, որին կը յաջորդի փառատօնի պաշտօնական բացումը:
«Այս տարի մենք ունենք այն, ինչ վաղուց ցանկանում էինք ունենալ. այս տարի մենք նախատեսում ենք կինոերաժշտութեան ջազ փառտօն, որը փառատօնի օրերին երեկոյեան ժամերին կհնչի Շարլ Ազնաւուրի անւան հրապարակում»,- տեղեկացրեց Վ. Յակոբեանը:
Փառատօնի շրջանակներում ջազ փառատօնի անցկացման կազմակերպիչը կլինի ջազմէն Լևոն Մալխասեանը: Ծրագիրը մրցութային ձևաչափում է իրականացւելու և փառատօնի աւարտին ընտրւելու են լաւագոյն կատարողները:
Վ. Յակոբեանը յայտնեց նաև, որ այժմ բանակցութիւններ են ընթանում ևս երկու նորաոճ ծրագրերի իրականացման ուղղութեամբ: Այսպէս` փառատօնը նախատեսում է փառատօնի օրերին երեկոյեան ուշ ժամերի` սկսած 23:00-ից, ֆիլմերի բացօթեայ ցուցադրութիւններ կազմակերպել Երևանի Սիրահարների այգում: Բացի այդ` նախատեսւում են նաև ակումբային ցուցադրութիւններ, որոնք, հաւանաբար, կիրականացւեն Ուլիխանեան ակումբում:
Տեղեկացնենք նաև, որ այս տարի փառատօնի շրջանակներում իրականացւող յետահայեաց ցուցադրութիւնների ծրագիրը տեղի կունենայ Ա. Բաբաջանեանի անւան ֆիլհարմոնիկ համերգասրահում: Այստեղ կանցկացւեն նաև ռեժիսոր Հենրիկ Մալեանի 85 և օպերատոր Ալբերդ Եավուրեանի 75-ամեակներին նւիրւած միջոցառումները, փառատօնի հիւրերի հետ հանդիպումները, ինչպէս նաև` վարպետութեան դասերը:
ԱՅՍՕՐ, 19:45
Aysor.am

0 Պատգամ: