ԵԽԽՎ-ում շրջանառութեան մէջ է դրւել Հայաստանի կողմից իր պարտաւորութիւնները չկատարելու մասին փաստաթուղթ


13:04 • 25.06.10
Եւրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տարբեր երկրներ ներկայացնող երկու տասնեակ խորհրդարանականների, այդ թւում Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան ներկայացուցիչ Զարուհի Փոստանջեանի նախաձեռնութեամբ շրջանառութեան մէջ է դրւել Հայաստանի կողմից իր միջազգային պարտաւորութիւնները չկատարելու մասին փաստաթուղթ:
Այսօր ԵԽԽՎ-ի պաշտօնական կայքէջում տեղադրւած փաստաթղթում, մասնաւորապէս, ասւած է, որ Հայաստանը չի կատարել Վեհաժողովի 2008 թ. 1609 բանաձևում ամրագրւած մի շարք պարտաւորութիւններ, այդ թւում` որևէ մէկը պատասխանատւութեան չի ենթարկւել մարտի 1-2-ի իրադարձութիւնների ժամանակ 10 անձանց սպանութեան համար, ընդդիմութեան ներկայացուցիչները շարունակում են մնալ անազատութեան մէջ, իշխանութիւնները հրաժարւում են քննել 2008 թ. մարտեան իրադարձութիւններում բանակի «ապօրինի» ներգրաւման հանգամանքները:
Ինչպէս յայտնում է «Ազատութիւն» ռադիոկայանը, փաստաթուղթը ստորագրողները նաև մտահոգութիւն են յայտնում ընդդիմութեան երեք ակտիւիստների նկատմամբ նոր հետապնդումների առնչութեամբ` նշելով, մասնաւորապէս, «Հայկական ժամանակ» թերթի թղթակից Անի Գէորգեանի դէմ յարուցւած գործը:
Փաստաթուղթը կոչ է անում Հայաստանի իշխանութիւններին բացայայտել և պատասխանատւութեան ենթարկել 10 անձանց սպանութեան համար մեղաւորներին, ազատ արձակել «քաղաքական շարժառիթներով» դատապարտւած բանտարկեալներին և թափանցիկ ու արժանահաւատ հետաքննութիւն անցկացնել մարտի 1-2-ի դէպքերում բանակի ներգրաւման առնչութեամբ:

Tert.am

0 Պատգամ: