Գերմանիայի Հայ համայնքն ՀՀ մշակութային օժանդակութեան կարիքն ունի


Գերմանիայում հայապահպանութեան խնդիրները լուծելու համար Հայ համայնքը Հայաստանից հոգևոր-մշակութային աջակցութիւն է ակնկալում:
Այս մասին յայտարարել է գերմանահայոց հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանը` նախօրէին Բեռլինի Բրանդենբուրգեան դարպասների հարևանութեամբ գտնւող «Ադլոն» հիւրանոցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ ունեցած հանդիպման ընթացքում:
Յիշեցնենք, որ ՀՀ նախագահը պաշտօնական այցով գտնւում է գերմանիայում, որի շրջանակներում էլ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հոգևոր առաջնորդը, խօսելով հայ համայնքի մասին, յայտնել է, որ նախկինում գաղթականներ չընդունող պատճառով Գերմանիայում հայկական համայնք սկսւել է ձևաւորւել միայն 20-րդ դարի երկրորդ կէսին, և մուտքի հնարաւորույիւնների ազատականացումից յետոյ, հետևել է հայերի զանգւածային ներգաղթի երեք ալիք` 60-ականներին Թուրքիայից, 70-ականներին` Իրանից ու մերձաւորարևելեան երկրներից, իսկ 88-ի երկրաշարժից ու Արցախեան գոյամարտի տարիներին` նաև Հայաստանից: Արդիւնքում վերջին յիսուն տարիների ընթացքում Գերմանիայում ձևաւորւել է մօտ 50 հազարանոց Հայ համայնք, որն այսօր արդէն ունի աշխարհասփիւռ հայկական գաղթօջախներին բնորոշիչները` տասնեակ համայնքային կառոյցներ ու կազմակերպութիւնները, որոնք գործունէութիւն են ծաւալում ամենատարբեր ոլորտներում` կրթութիւն, մշակոյթ, քաղաքականութիւն, գիտութիւն, ազգապահպանութիւն և այլն:
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանը, անդրադառնալով այսօր համայնքի առջև ծառացած խնդիրներին, նշել է, որ հայապահպանութիւնը համայնքի հիմնական խնդիրն է` «Ձուլման սպառնալիքի դամոկլեան սուրը կը սաւառնի մեր գլխին»: Հէնց այդ մարտահրաւէրը յաղթահարելու համար անհրաժեշտ է, որ հայրենիքը անհրաժեշտ հոգևոր-մշակութային օժանդակութիւն ցուցաբերի:
«Դուք ճիշտ էք, և մենք պատասխանատւութիւն են զգում Սփիւռքի յարատևման համար»,- ի պատասխան յայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, ով նաև նշել է, որ հէնց այդ նպատակով է ստեղծւել Սփիւռքի նախարարութիւնը:
Հայկական համայնքներին Հայաստանի օժանդակութեան վերաբերեալ ՀՀ նախագահը նշել է, որ «ամէն ինչ չէ, իհարկէ, որ արւում է սպասւած չափով, սակայն պետութիւնը եղած հնարաւորութիւններն օգտագործում է առկայ բազմաթիւ հիմնախնդիրների շարքում Սփիւռքում հայապահպանութեան խնդիրների լուծմանը նպաստելու համար»: Երկրի ղեկավարը տեղեկացրել է, որ նախօրդ օրը հէնց այդ հարցերը քննարկել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ընդգծել. «Մենք պէտք է բազմապատկենք մեր ջանքերը»:
Տեղեկացնենք նաև, որ Սրբազան հայրը ՀՀ նախագահի հետ հանդիպման մեկնարկում բոլորի անունից ողջունել է Հանրապտութեան ղեկավարին և վստահութիւն յայտնել, որ նախագահ Սարգսեանի առաջին պաշտօնական այցը Գերմանիա յաջող արդիւնքներ կգրանցի:

22.06.2010, 11:50
Aysor.am

0 Պատգամ: