Հրազդանի ջրերը վտանգաւոր են առողջութեան համար


Յունիս 21, 2010 17:17
Ամենատարբեր հիւանդութիւններից եւ վարակներից զերծ մնալու համար հանգստեան սեզոնի ողջ ընթացքում Հրազդան գետի ջրերում լաւ է ընդհանրապէս չլողանալ։ NEWS.am -ի թղթակցի հետ բացառիկ զրոյցում նման նախազգուշացմամբ հանդէս եկաւ ՀՀ առողջապահութեան նախարարութեան պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչութեան շրջակայ միջավայրի եւ կոմունալ հիգիենայի վարչութեան պետ Այիդա Պետիկեանը։
Նրա խօսքով, բնակչության հակահամաճարակային անվտանգութեան ապահովման նպատակով իրենց տեսչութիւնը հանգստի գօտիների սահմանւած կէտերում պարբերաբար բաց ջրամբարների ջրի որակի հետազոտութիւններ են անցկացւում։ «Հաշւի առնելով այն հանգամանքը, որ հանգստի ամենաբուռն սեզոնը սկսւում է մայիսից եւ շարունակւում մինչեւ հոկտեմբեր, պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչութիւնը հսկողութիւնն իրականացնում է հէնց այդ ամիսներին՝ կատարելով ջրերի մանրէաբանական, սանիտարաքիմիական եւ մակաբուծաբանական հետազոտութիւններ»,- տեղեկացրեց Այիդա Պետիկեանը՝ յաւելելով, որ լողանալու սեզոնին ջրի որակի ստուգման աշխատանքերը եւ նմուշների հետազոտութիւններն առաւել յաճախակի են դառնում։
Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչութեան շրջակայ միջավայրի եւ կոմունալ հիգիենայի վարչութեան պետի հաւաստիացմամբ իրենք նմուշառման կէտեր ունեն նաեւ Հրազդան գետի ռեկրեացիոն գօտու հատւածներում, որտեղ էլ քաղաքացիները կազմակերպում են իրենց հանգիստը։ «Հրազդան գետի մասով հետազոտութիւններն արդէն իսկ սկսւել են։ Դրանց հիման վրայ ամէն տարի մենք համապատասխան գրութիւններ ենք ուղարկում տեղական ինքնակառավարման մարմիններին եւ ոստիկանութեան բաժիններին, որպէսզի գետի ջրերում լողալն արգելւի։ Պատճառն այն է, որ լաբորատոր հետազոտութիւնների արդիւնքներում պարբերաբար արձանագրւում են շեղումներ»,- նշեց մասնագէտը՝ յատկանշական համարելով, որ Հրազդան գետի ջրի վիճակը վատանում է մանաւանդ շոգ եղանակներին։ «Որքան օդի ջերմաստիճանը բարձրանում է, այնքան աւելի նպաստաւոր պայմաններ են ստեղծւում, որպէսզի ջրում մանրէներն աւելի ակտիւ զարգանան։ Եթէ մայիսին ջրի որակի վատացման դէպքերը համեմատական կարգով աւելի քիչ են լինում,ապա ամառւայ ամիսներին դրանց թիւը զգալիօրէն աճում է։ Փաստօրէն ստացւում է, որ ամենաշոգ օրերին Հրազդան գետի ջուրը լողալու համար պիտանի չէ։ Սակայն, ինչպէս յայտնի է, բաց ջրամաբարները նաեւ ինքնամաքրման յատկութիւն ունեն»,- յուսադրեց շրջակայ միջավայրի եւ կոմունալ հիգիենայի վարչութեան պետը։
Հարցին, թէ ի՞նչ հնարաւոր հիւանդութիւններով կարող են վարակւել քաղաքացիները, եթէ անտեսեն պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչութեան զգուշացումները եւ շարունակեն լողալ Հրազդանի ջրերում, Այիդա Պետիկեանը պատասխանեց։ «Առաւել վտանգաւոր է, եթէ մարդիկ լողալիս գետի ջուր կուլ տան։ Այդ դէպքում աղտոտւած ջուրը կներթափանցի աղեստամոքսային տրակտ՝ առաջացնելով մի շարք խնդիրներ։ Պակաս վտանգաւոր չէ նաեւ այն, որ մարդիկ յաճախ, գետի ջրով են լւանում իրենց հետ քաղաքից դուրս տարած միրգը կամ բանջարեղէնը»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ առաւել վտանգաւոր է գետի ջրերում սառեցւած ձմերուկ ուտելը։ «Մարդիկ մտածում են, որ վարակը չի կարող թափանցել ձմերուկի մէջ, սակայն մոռանում են, որ նրա մակերեսին կպած դանակը կպչում է նաեւ միջուկին»,- յիշեցրեց Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչութեան շրջակայ միջավայրի եւ կոմունալ հիգիենայի վարչութեան պետը։ Նրա խօսքով, Հրազդանում լողանալը կարող է յանգեցնել նաեւ մաշկային բազմաբնոյթ հիւանդութիւնների։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: