Վահան Յովհաննիսան.–
Անվտագութեան գօտին Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է

«Այս յայտարարութիւնների դինամիկան մեզ համար նպաստաւոր չէ»,

«Բոլոր թարգմանական հնարքները, որոնք արւել են, հաւանաբար` մեր հասարակութեանը հանգստացնելու համար, անընդունելի ժուլիկութիւն են»

Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ յայտարարութիւնը` Արցախի հիմնահարցի կարգաւորման վերաբերեալ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը «առանձնապէս քննարկելու պատճառ չունի, քանի որ դրանցում շարադրւած են Մադրիդեան սկզբունքները»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը, ով ընդգծեց. «Մադրիդեան սկզբունքներին դէմ արտայայտւել ենք վաղուց և դրանք համարում ենք անընդունելի, իսկ այս փաստաթուղթը գալիս է հաստատելու մեր ամենալուրջ կասկածները»:
Անդրադառնալով յայտարարութեան անգլերէն բնօրինակի և ռուսերէն թարգմանութեան տարբերութիւններին, որի հիման վրայ է կատարւել հայկական թարգմանութիւնը` Վ. Յովհաննիսեանը նշեց, որ «բոլոր թարգմանական հնարքները, որոնք արւել են, հաւանաբար` մեր հասարակութեանը հանգստացնելու համար, անընդունելի ժուլիկութիւն են. ես չգիտեմ` ովքե՞ր են հեղինակներն այդ խաբէութեան, բայց որ խաբէութիւն է ` ակնյայտ է»: Իր ձեռքի տակ ունենալով յայտարարութեան անգլերէն բնօրինակի տեքստը` պատգամաւորը թւարկեց բոլոր այն անընդունելի դրոյթները, որոնք տեղ են գտել փաստաթղթում:
«Փաստօրէն, զիջումը, որն ընկալվում է հայկական կողմից, շոշափելի է, այն տարածք է, որն ի վերջոյ պատահական չի ազատագրւել»,- ընդգծեց Վ. Յովհաննիսեանն ու յաւելեց. «Ենթադրենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (Արցախի) շուրջ գոյութիւն չունենային ազատագրւած տարածքները կամ անվտանգութեան գօտին, ուրեմն բոլոր յարձակումները, զինադադարի խախտումները կը կատարւէին ուղղակի հայկական գիւղերի վրայ և զոհերը կդառնային խաղաղ բնակիչները, ուրեմն` այդ անվտագութեան գօտին ուղղակի անհրաժեշտ է»:
Ըստ Վ. Յովհաննիսեանի` կարող է Հայաստանին առաջարկւել անվտանգութեան գօտին զիջել` Արցախ-Ադրբեջան պայմանագրի դիմաց, որի համաձայն` Ադրբեջանն այլևս յարձակումներ չի գործի Արցախի վրայ:
«Զինադադարի մասին պայմանագիր այսօր էլ կայ, որը հէնց այն փաստաթուղթն է, որը պէտք է հեռու պահի ադրբեջանական և հայկական կողմին կրակոցներից, ռազմական գործողութիւններից և որևէ տեսակի պրովոկացիաներից: Կայ այդ պայմանագիրը` այն պահու՞մ է հեռու Ադրբեջանին: Ո’չ: Ուրեմն թղթի վրայ գրւած պայմանագրերը չեն, որ ապահովելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութիւնը, այլ միայն այդ անվտանգութեան գօտին, որը մեզանից պահանջում են անյապաղ յանձնել»,- մանրամասնեց Վ. Յովհաննիսեանը:
Փոխարէնը, պատգամաւորի խօսքով, առաջարկւում է Արցախի կարգավիճակի լուծում` «այն էլ մեզ խոստանում են միջանկեալ կարգավիճակ»: Այս առիթով Վ. Յովհաննիսեանը նշեց, որ Հայաստանի իշխանութիւնների կողմից նախկինում բացատրւում էր, թէ «այդ միջանկեալ կարգավիճակը անկախութիւնն է, սակայն յայտարարութիւնում ուրիշ բան է ասւում` միջանկեալ կարգվիճակը Արցախին տրամադրում է անվտանգութեան երաշխիքներ և ինքակառավարում»:
«Ի՞նչ բան է ինքնակառավարումը, սա ինքնորոշում չի, ինքնուրոյնութիւն չի»,- հարցադրեց Վ. Յովհաննիսեանն ու պատասխանեց. «Իւրաքանչիւր գիւղ ինքնակառավարւող է, և գիւղերը, որոնք ընտրում են իրենց սեփական գիւղապետերին ու աւագանուն, համարւում են ինքնակառավարւող: Եթէ այդ ինքնակառավարման մասին է գնում խօսքը` իհարկէ մեզ համար ընդունելի չէ»:
Վ. Յովհաննիսեանի դիտարկմամբ` փաստաթղթում չի նշւում նաև, թէ ու՞մ կամարտայայտութեան արդիւնքում է հաստատւելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վերջնական կարգավիճակը, ինչը, ըստ նրա, Ադրբեջանին իր օգտին շահարկելու հնարաւորութիւն է տալիս»:
«Եւ վերջինը` Ակվիլայում իսկապէս ասւած էր, որ ի թիւս այլ խնդիրների, հիմնարար սկբունքները նախատեսում են ԼՂ շրջապատող տարածքաների վերադարձը Ադրբեջանի վերահսկողութեան տակ, որն արդէն ընդունելի չէ, ապա այս վերջին յայտարարութեան մէջ այդ տարածքներն անւանւում են ոչ թէ շրջապատող, այլ` «գրաւեալ, օկուպացւած» տարածքներ, ինչը նշանակում է, որ այս յայտարարութիւնների դինամիկան մեզ համար նպաստաւոր չէ»,- կարծում է Վ. Յովհաննիսեանը:
Պատգամաւորն, ամփոփելով իր խօսքը` նշեց, որ իր համար անհասկանալի է, թէ յայտարարութեան մէջ «մեր արտաքին գործերի նախարարութիւնը ո՞ր կէտն է ողջունելի համարում»: Ըստ Վ. Յովհաննսիեանի` «ժամանակն է արդէն, որ մեր հասարակութիւնը մտածի` ընդունելի՞ են արդեօք այս հիմնարար սկզբունքները և կարելի՞ է թոյլատրել, որ մեր իշխանութիւնները ստորագրեն այդ սկզբունքների տակ, թէ` ոչ»:



ԱՅՍՕՐ, 13:32
Aysor.am


0 Պատգամ: