Նոյն յոգնած տեքստը՝ գումարած օկուպացման մեղադրանքը.

Հ. Յ. Դ. Հայ Դատի Յանձնախմբի Արձագանքը

«Նախագահներ իրենց յայտարարութիւնում պէտք է խստօրէն դատապարտէին յունիսի 18–ին Մարտակերտի շրջանում ադրբեջանցիների իրականացրած յարձակումը»

12:24 • 28.06.10
Հ. Յ. Դ. Հայ Դատի ամերիկեան Յանձնախումբը տարածել է յայտարարութիւն, որում սուր քննադատութեան է ենթարկում Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և Ռուսաստանի նախագահների համատեղ յայտարարութիւնը Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ՝ բնութագրելով այն որպէս «կապիտուլացիայի նոյն այն հին ու ծեծւած կոչերից մէկը՝ ուղղւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդին»։«Նախագահներ Օբաման, Սարկոզին և Մեդվեդևն իրենց յայտարարութիւնում պէտք է խստօրէն դատապարտէին յունիսի 18–ին Մարտակերտի շրջանում ադրբեջանցիների իրականացրած յարձակումը»,– յայտարարել է Հայ Դատի Ամերիկեան Յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համփարեանը։
«Փոխարէնը նրանք արեցին կապիտուլացիայի նոյն այն հին ու ծեծւած կոչերից մէկը՝ ուղղւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդին։ Նրանց համատեղ յայտարարութիւնը ևս մէկ անգամ ներկայացնում է այն միակողմանի բանաձևը, որով Ղարաբաղին ստիպում են անել ծայրայեղ վտանգաւոր և իր անվտանգութեան տեսանկիւնից անդառնալի զիջումներ՝ անորոշ և պարտադիր ուժ չունեցող խոստման դիմաց, թէ դրա կարգավիճակը կարող է որոշւել անորոշ մի գործընթացով, անորոշ մասնակիցների կողմից և ապագայի ինչ–որ անորոշ պահի»,– ասել է Համփարեանը։
Նրա խօսքով՝ նախագահների այդ յայտարարութիւնն էլ աւելի վիրաւորական է դարձնում նրանց հնչեցրած մեղադրանքը տարածքների օկուպացման մասին։
Հայ Դատի Ամերիկեան Յանձնախումբը նկատում է, որ երեք նախագահների վերջին յայտարարութիւնը գրեթէ չի տարբերւում 2009թ. յուլիսի 10–ի յայտարարութիւնից՝ տարբերութեամբ, որ այս անգամ աւելացել է տարածքների օկուպացման մեղադրանքը։

Tert.am

0 Պատգամ: