ՀՅԴ-ն չի կիսում Երեւանի ոգեւորութիւնը ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների յայտարարութեան կապակցութեամբ


«ՀՅԴ-ն չի ընդունում նաեւ Մադրիդեան սկզբունքները»


Յունիս 28, 2010 17:07
Հ. Յ. Դաշնակցութիւն կուսակցութիւնը չի կիսում պաշտօնական Երեւանի ոգեւորութիւնը Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների յայտարարութեան կապակցութեամբ՝ ընդունւած «Մեծ ութնեակի» գագաթնաժողովի շրջանակներում, NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնել է ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը:
«Մենք չենք ընդունում այդ յայտարարութիւնը մի քանի պատճառներով: Առաջին հերթին, նրանում ոչ մի բառով չի յիշւում ադրբեջանական դիվերսիայի մասին, որ տեղի էր ունեցել այդ յայտարարութիւնից ընդամենը մէկ շաբաթ առաջ: Նման լռութիւնը Ադրբեջանին խթանում է նոր դիվերսիաների եւ Բաքւի կողմից դիտարկւում է որպէս իր գործողութիւնների խրախուսում»,- նկատել է Մանոյեանը: Բացի այդ, նա նշել է, թէ փաստաթղթում օգտագործւում է «օկուպացւած տարածքներ» արտայայտութիւնը, որը չի օգտագործւել նախագահների նախորդ յայտարարութեան մէջ: «Դա կարելի է դիտարկել որպէս հայկական կողմի վրայ ճնշում»,- հաւաստիացրել է Մանոյեանը:
Յայտարարութիւնն ընդունելի չէ ՀՅԴ-ի համար նաեւ այն պատճառով, որ յղում է արւում Մադրիդեան սկզբունքներին: «ՀՅԴ-ն չի ընդունում Մադրիդեան սկզբունքները»,- ասել է Մանոյեանը՝ նշելով, որ այդ սկզբունքները նպատակ ունեն Ադրբեջանին վերադարձնել իր կորուստները՝ իր իսկ նախաձեռնած պատերազմում:
Նշենք, որ նախագահների համատեղ յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է. «Մենք որպէս նշանակալի քայլ ենք դիտարկում եւ ողջունում ենք երկու կողմերից էլ այն փաստի ընդունումը, որ ամուր կարգաւորումը պէտք է հիմնւած լինի Հելսինկեան սկզբունքների եւ այն տարրերի վրայ, որոնք մենք առաջարկել էինք 2009թ. յուլիսի 10-ին Աքվիլայի գագաթնաժողովում արած մեր յայտարարութեան մէջ, որոնք վերաբերւել են Լեռնային Ղարաբաղին յարակից զբաղեցւած տարածքների վերադարձին, անվտանգութիւն եւ ինքնիշխանութիւն նախատեսող Լեռնային Ղարաբաղի միջանկեալ կարգավիճակին, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքին, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, որը յստակեցւելու է ապագայում իրաւական ուժ ունեցող կամարտայայտութեամբ, բոլոր տեղահանւածների եւ փախստականների վերադարձի իրաւունքին, ինչպէս նաեւ անվտանգութեան միջազգային երաշխիքներին, այդ թւում՝ խաղաղութեան պահպանման ուղղութեամբ»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: