Տիգրան Սարգսեանը մասնակցել է ԵւրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 25-րդ նիստին


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի գլխաւորած կառավարական պատւիրակութիւնը աշխատանքային այցով գտնւում է Սանտ Պետերբուրգում՝ Եւրասիական տնտեսական ընկերակցութեան (ԵւրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 25-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Կառավորութեան հաղորդակցութեան համաձայն, համաժողովի աշխատանքը լուսաբանող հայ լրագրողների հետ հարցազրոյցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսեանը կարեւորել է օրակարագի երկու կարեւոր խնդիր` Հակաճգնաժամային հիմնադրամի աշխատանքը եւ Ինովացիոն հիմնադրամի ձեւաւորումը, որոնց շուրջ արդէն իսկ ձեռք են բերւել կոնկրէտ պայմանաւորւածութիւններ:
«Մենք հաւաքագրել ենք ութ նախագծեր, որոնք ունեն ինտեգրացիոն բովանդակութիւն, եւ կարող ենք հակաճգնաժամային ծրագրի վարկային միջոցներից ակնկալիքներ ունենալ:
Դրանք շուրջ 500 միլիոն դոլարի հասնող ենթակառուցւածքային վարկային ծրագրեր են, որ ընդգրկում են էներգետիկայի, քիմիայի եւ այնպիսի այլ ոլորտներ, որոնք պարունակում են համագործակցութեան եւ ինտեգրացիայի միտումներ», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսեանը:
Հայաստանը ԵւրԱզԷՍ-ում ներկայանում է դիտորդի կարգավիճակով: Հարցին, թէ ինչո՞ւ Հայաստանը ԵւրԱզԷՍ-ի անդամ չէ, վարչապետը պատասխանել է, որ մենք ԵւրԱզԷՍ-ի պետութիւնների հետ ուղղակի սահման չունենք։
«Դիտորդի կարգավիճակը հնարաւորութիւն է տալիս, որպէսզի մենք այդ երկրների հետ խորացնենք եւ ընդլայնենք մեր բոլոր տեսակի յարաբերութիւնները: Ինչպէս նշեցի, 20 համաձայնագիր կայ, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին:
Մենք շահագրգռւած ենք այդ համաձայնագրերի մասնակիցը լինել եւ մեր յարաբերութիւններն ընդլայնել ԵւրԱզԷՍ-ի պետութիւնների հետ, որովհետեւ դա բխում է մեր տնտեսական, քաղաքական շահերից:
Դիտորդի կարգավիճակը մեզ հնարաւորութիւն է տալիս տեղեակ լինել, թէ ինչպիսի զարգացումներ են գնում ԵւրԱզԷՍ-ի ներսում։ Բնականաբար, դա նպաստում է, որպէսզի մենք, լինելով առաւել տեղեկացւած, օգտւենք ընձեռւող հնարաւորութիւնից»,- մանրամասնել է վարչապետը:

0 Պատգամ: