Բրիւսելում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդակցութիւններում բացառւել է ԼՂ հիմնահարցի ռազմական լուծումը

14:49 / 10.12.2009
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնից յայտնում են, որ հայկական պատւիրակութիւնը գլխաւորել է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչութեան ղեկավար, դեսպան Աւետ Ադոնցը, ԵՄ-ի պատւիրակութիւնը` ԵՄ նախագահութիւնը ներկայացնող, Քաղաքական եւ անվտանգութեան կոմիտէում Շւէդիայի դեսպան Օլոֆ Սկուգը:
Խորհրդակցութեան ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Եւրոպական Միութեան քաղաքական համագործակցութեանն առնչւող հարցեր: Հայաստանի ներքին զարգացումները քննարկելիս անդրադարձ է կատարւել համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցութեանը Հայաստանի տնտեսութեան վրայ եւ դրա հետեւանքների մեղմելուն ուղղւած ՀՀ կառավարութեան ջանքերին: Այս համատեքստում նշւեց, որ ԵՄ որոշում է ընդունել Հայաստանին յատկացնել 100 մլն. եւրօ մակրոտնտեսական օգնութիւն (35 մլն. եւրօ դրամաշնորհ եւ 65 մնլ. եւրօ վարկ):
Առաջին յատկացումներն իրականցնելու համար 2010թ. փետրւարին Հայաստան կը ժամանի ԵՄ առաքելութիւնը, որը կը քննարկի փոխըմբռման յուշագրի կնքման հարցը:
Կարեւորելով ներքաղաքական իրավիճակի բարելաւման ուղղւած ՀՀ իշխանութիւնների ձեռնարկած միջոցառումները` եւրոպական կողմը պատրաստակամութիւն է յայտնել շարունակելու աջակցութիւնը Հայաստանին՝ բարեփոխումների իրականացման հարցում:
Այս համատեքստում կարեւորւեց ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքը: Ողջունւեց մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցում Հայաստան-ԵՄ երկխօսութեան մեկնարկը:
Բացառելով հարցի ռազմական լուծումը` ԵՄ-ը վերահաստատեց իր աջակցութիւնը ԼՂ հիմնահարցի լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` հիմնւած Մադրիդեան առաջարկութիւնների վրայ:
Ողջունւել է Աթէնքում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ ընդունւած յայտարարութիւնը: ԵՄ վերահաստատեց իր աջակցութիւնը Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին` կարեւորելով արձանագրութիւնների արագ վաւերացումը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: