Քուրդ Առաջնորդ.–
Թուրքիան Մի Տարէք Քաոսի, Հակամարտութեան, Ներքին Հակամարտութեան Ուղիով




16:04 / 12.12.2009
Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումից յետոյ, որով փակւում է քրդական «Ժողովրդավարական հասարակութիւն» (DTP) կուսակցութիւնը, լրագրողների առաջ յայտարարութեամբ է հանդէս եկել տւեալ կուսակցութեան առաջնորդ Ահմեդ Թուրքը։
«Մենք աշխատել ենք, որ մեր գաղափարները արտայայտենք թուրք ժողովրդին, մեր ժողովրդին։ Այսինքն մեր գաղափարները կիսել ենք ձեր հետ։ Այսօր մեր վերջին մամուլի ասուլիսն է։ Գիտէք, որ երկու օր առաջ Բուրսայում 19 հանքափոր կորցրեցինք։ Այս երկրում աշխատողները, թօշակառուները իրօք անտերութեան են մատնւած։ Երկու եւ կէս տարի է ինչ խորհրդարանում ենք եւ անընդհատ պաշտպանել ենք խաղաղութիւնը։
Ուզում եմ կրկնել ժողովրդի ասած խօսքը. „Արիւնը՝ արիւնով չեն լւանում“։ Խաղաղութեան հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել։ Մեր կուսակցութիւնը այդ ցաւը եւ տառապանքը վերացնելու համար ջանքեր է թափել։ Այսօր խաղաղութիւն ցանկացողներին ահաբեկիչներ հռչակեցին։
Սահմանադրական դատարանը քաղաքական որոշում ընդունելով՝ մեծ հարւած հասցրեց եղբայրութեան եւ խաղաղութեան մեր պատկերացումներին։ Սա իրաւական որոշում չէր, քաղաքական որոշում էր։ Ես, իհարկէ, չեմ ցանկանում վիճարկել Սահմանադրական դատարանի որոշումը։
Թուրքիայի խորհրդարանը զուրկ է երկխօսութիւնից, խնդիրների քննարկումներից։ Մենք ասում ենք, որ ազատւէք այդ իրավիճակից։ Եկէք խաղաղութեան, եղբայրութեան համար մի հնարաւորութիւն ստեղծենք։ Չնայած այս անօրինականութեանը՝ ես այսօր կոչ եմ անում այստեղից։ Խնդրում եմ, Թուրքիան մի տարէք քաոսի, հակամարտութեան, ներքին հակամարտութեան ուղով։ Պատմութիւնը ձեզ կը դատապարտի։
Մեր կուսակցութիւնը փակւեց եւ իհարկէ դա դեռ Թուրքիայում քննարկումների նիւթ կլինի։ Մենք ժողովրդավարական քաղաքականութեանը նշանակութիւն ենք տւել, եւ մեր ընկերները այս խնդրում յայտնել են իրենց վճռականութիւնը։ Մենք այսօրւանից խորհրդարանում չենք լինելու։ Բոլորը թող մտածեն այսօրւայ, վաղւայ օրւայ ու ապագայի մասին»,-յայտարարել է Թուրքիայի քրդական «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեան առաջնորդ Ահմեդ Թուրքը։
NEWS.am-ը յիշեցնում է, որ Թուրքիայում փակւում է քրդական «Ժողովրդավարական հասարակութիւն» (DTP) կուսակցութիւնը։ Թուրքիայի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 11-ի երեկոյեան, 4-օրեայ քննարկումներից յետոյ որոշում կայացրեց, որ յիշեալ կուսակցութիւնը պէտք է փակւի։ Թուրքիայի ՍԴ նախագահ Հաշիմ Քըլըչը յայտնել է, որ կուսակցութեան փակման որոշումը պայմանաւորւած է այդ կուսակցութեան՝ PKK-ի հետ կապեր ունենալու եւ Թուրքիայի անբաժանելիութեան սկզբունքին վնասներ հասցնելու հանգամանքներով։ Նրա խօսքով՝ «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեան ղեկավար Ահմեդ Թուրքը եւ իր բազմաթիւ այլ կուսակիցներ զրկւեցին քաղաքականութեամբ զբաղւելու իրաւունքից։ Բացի այդ, պետութիւնը կը բռնագրաւի յիշեալ կուսակցութեան գոյքը եւ այլ միջոցները։ Դեկտեմբերի 11-ի քննարկումը տեւել է 8 ժամ։
Նշենք, որ Թուրքիայի գլխավոր դատախազութիւնը տւեալ կուսակցութիւնը փակելու հայցը ներկայացրել էր 2007 թւականի նոյեմբերի 16-ին։ «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութիւնը մեղադրւում է Թուրքիայի մասնատմանը միտւած գործողութիւնների մէջ։ Հայցում պահանջւում է կուսակցութեան 221 անդամի զրկել քաղաքական գործունէութեան իրաւունքից։ Հայցադիմումում ներկայացւած է 141 պատճառ, որի համար անհրաժեշտ է փակել յիշեալ կուսակցութիւնը։
Քրդական «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեան փակման համար անհրաժեշտ էր, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի 11 անդամներից 7-ը կողմ քւէարկէին։
Նշենք, որ յիշեալ կուսակցութեան անդամները թուրքական խորհրդարանում պարբերաբար հանդէս են գալիս հայերի օգտին յայտարարութիւններով։ Օրինակ, այդ կուսակցութեան երիտասարդ պատգամաւոր Սելահեթին Դեմիրթաշը Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական ստորագրւած արձանագրութիւնների քննարկումների ժամանակ մեղադրեց Թուրքիայի իշխանութիւններին՝ հայերի կոտորածները դասագրքերում չզետեղելու եւ դրա փոխարէն սխալ տեղեկութիւններ տալու մէջ։
«Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեան ղեկավարի պապը, ըստ «Էրգէնեկոնի» գործով ձերբակալւած նախկին յատուկ ջոկատային Իբրահիմ Շահինի, եղել է Հայ, ով 1925 թւականին հալածանքներից խուսափելու համար փոխել է ազգանունը։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: