Ցեղասպանութիւնը Ժխտող Էրդողանը՝
Սպիտակ Տանը Անարժան Հիւր


Յարութ Սասունեան

«Կալիֆորնիա կւրիէր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 6-8 Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում վիրաւորական յայտարարութիւններ է արել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ: ԱՄՆ նախագահ Օբաման Սպիտակ տանը Էրդողանին հիւրընկալելու փոխարէն պէտք է նրան «persona non grata»՝ անցանկալի անձ յայտարարէր:

Էրդողանը մի շարք անարգալից դիտողութիւններ և ժխտողական յայտարարութիւններ է արել Վաշինգտոնում իր հինգ հրապարակային ելոյթների ընթացքում՝ PBS հեռուստատեսութիւնում, Ուիլարդ հիւրանոցում, Ջոնզ Հոպկինզի համալսարանում, SETA-DC թուրքական վերլուծական կենտրոնում և գերմանական «Մարշալ» հիմնադրամում:
Դեկտեմբերի 8-ին PBS հեռուստատեսութիւնում Չառլի Ռոզի հետ ունեցած իր մէկժամեայ հարցազոյցի ժամանակ Էրդողանը բարձրացրեց Հայկական հարցը՝ հաստատելով, որ վերջերս իր կառավարութիւնը «Հայկական եկեղեցի» է վերանորոգել Վան քաղաքում, առանց բացայայտելու, որ Վանայ լճի Ախթամար կղզում գտնւող Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացւել է ոչ թէ որպէս աղօթատուն, այլ որպէս մշակութային տեսարժան վայր զբօսաշրջիկներին գրաւելու նպատակով: Իրօք, թուրքական իշխանութիւնները թոյլ չտւեցին խաչ տեղադրել եկեղեցու գմբէթին:
Էրդողանի յոխորտացող յայտարարութիւնները դրդեցին Չառլի Ռոզին Հայոց Ցեղասպանութեան հարցը մեղմօրէն բարձրացնել. «Ի՞նչ է անհրաժեշտ որպէսզի ... որքա՞ն պատմական ապացոյցներ են դեռ հարկաւոր ցեղասպանութեան վերաբերեալ»:
Հարցն Էրդողանին հունից հանեց, և նա ատելութեամբ լի յայտարարութիւններ ժայթքեց Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ. «Ես շատ յստակ կարող եմ ասել, որ մենք ցեղասպանութիւնը չենք ընդունում: Դա բացայայտ սուտ է: Ես մարդկանց հրաւիրում եմ ապացուցելու դա ... Իրականում այդպիսի բան հնարաւոր չէ, դա կեղծիք է»: Սրանք նոյն մարդու ամօթալի խօսքերն են, ով պնդում էր, թէ Դարֆուրում ցեղասպանութիւն չի եղել, քանի որ Սուդան կատարած իր այցի ընթացքում նման ոճրագործութեան ոչ մի հետք նա չի տեսել:
Ի պատասխան Չառլի Ռոզի այն հարցին, թէ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ նախագահ Օբաման արծարծել է Հայոց Ցեղասպանութեան հարցը, Էրդողանը դրական պատասխան է տւել, աւելացնելով, որ այդ հարցը բարձրացւել է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման համատեքստում. «Թուրքիան էր, որ նախաձեռնեց այդ կարգաւորման գործընթացը:
Թուրքիան էր, որ ռիսկի դիմեց: Մենք ինքնավստահ ենք: Այն, ինչ ակնկալում ենք կարգաւորման այս գործընթացում՝ առաջընթացն է: Եւ շատ կարևոր է, որ մենք շարժւենք այդ ուղղութեամբ, և Ղարաբաղի հարցն էլ լուծւի Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Այնտեղ բռնազաւթում է տեղի ունեցել: Այս խնդիրը պէտք է լուծենք ... Եւ, եթէ այն դրական զարգացումները, որն ակնկալում ենք տեղի չունենան, ապա չեմ կարծում, որ մեր խորհրդարանում այդ հարցի քննարկումներում դրական արդիւնք կստանանք»:
Ելոյթ ունենալով Ջոնզ Հոպկինզի համալսարանում, Էրդողանը հպարտօրէն հաւաստիացրեց, որ իր «նախնիները երբէք ցեղասպանութիւն չեն իրականացրել»: Հարցն այն չէ, թէ անձամբ Էրդողանի նախնիները մասնակցել են Հայոց Ցեղասպանութեանը, քանզի մեղսագործ թուրքերի պակաս չի զգացւել: Էլ աւելի կարևոր է, որ վարչապետ Էրդողանը նախընտրեց դառնալ այս հրէշաւոր ոճրագործութիւնների մեղսակիցը՝ մասնակցելով դրանց պարտակմանը:
Չնայած Էրդողանի և Օբամայի միջև դիւանագիտական բոլոր հաճոյախօսութիւնների փոխանակմանը, ակնյայտ էր երկու ղեկավարների հանդիպման լարւածութիւնը: Համաձայն լրատւամիջոցների հաղորդագրութիւնների, նաև հաստատւած Սպիտակ տան աղբիւրների կողմից՝ նախագահ Օբաման բացայայտօրէն ասել է Էրդողանին, որ եթէ թուրքական խորհրդարանը խելամիտ ժամկէտում չվաւերացնի Հայ-թուրքական արձանագրութիւնները, ապա ԱՄՆ-ի Կոնգրէսը կարող է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման որոշում ընդունել:
Երկու ղեկավարները բախւեցին նաև մի քանի հիմնական հարցերի շուրջ ունեցած իրենց տարաձայնութիւնների պատճառով. Աֆղանստան լրացուցիչ զօրք ուղարկելու Թուրքիայի դժկամութիւնը, Իսրայելի հետ կապերի վատթարացումը, Հիւսիսային Կիպրոսի շարունակւող բռնազաւթումը, Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների բացայայտ անտեսումը, եւ...:
Էրդողանի յոյժ կարևոր այցի ընթացքում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյն անսպասելիօրէն հրաժարական տւեց՝ Սպիտակ տանը հանդիպումը ոչ պատշաճ կազմակերպելու պատճառով արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլու հետ ունեցած վիճաբանութիւնից յետոյ: Այս խայտառակ անակնկալը խիստ անյարմար կացութեան մէջ գցեց վարչապետին:
Թուրքիա վերադառնալուն պէս Էրդողանը կանգնեց լուրջ քաղաքական ճգնաժամի և քրդաբնակ քաղաքների փողոցներում արիւնալի բախումների առջև, որոնք ծնունդ էին առել Սահմանադրական դատարանի կողմից քրդական «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեան (DTP) գործունէութեան արգելման պատճառով: Դատարանը քրդական կուսակցութեան երկու անդամներին վտարել էր խորհրդարանից, իսկ միւս 19 անդամները հրաժարական էին տւել՝ ի նշան բողոքի:
Ամօթալի է, որ Հայաստանի ղեկավարները Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Էրդողանի վիրաւորական յայտարարութիւնները վճռականօրէն դատապարտելու փոխարէն շարունակում են խօսել Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման մասին:
Ամերիկայի հայերը նոյպէս անհոգ գտնւեցին՝ չարտայայտելով իրենց զայրոյթը: Վաշինգտոնում Էրդողանը պէտք է բախւէր վիթխարի հանրաւաքների և բողոքի ցոյցերի: Ցաւօք սրտի, լռութիւնը ցեղասպանութեան ժխտումը դարձնում է թոյլատրելի գործելակերպ:

0 Պատգամ: