Յիշեցնենք, որ ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը նշեց, որ այն մարդիկ են մեղադրում իրեն Ղարաբաղի տարածքները յանձնելու համար, ովքեր ցանկանում էին Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնել։ Օրեր անց ՀՀԿ մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովը յայտարարեց, որ 1992թ. մարտի 5-ին «Комсомольская Правда»-ին Լևոն Տէր-Պետրոսեա՛նն է ասել, որ Ղարաբաղը պէտք է լինի Ադրբեջանի կազմում։ Այդ թեմային անդրադառնալով՝ Զուրաբեանը նշեց հետևեալը.
–Ինձ համար կարևոր են միայն դիւանագիտական փաստաթղթերը և դիւանագիտական դիրքորոշումները։ Ես կարող էի պատասխանել ձեր հարցին, դրա համար պէտք է բացայայտէի որոշ պետական գաղտնիքներ, ինչը չեմ անելու։ Դետալների մէջ չեմ մտնելու, բայց մի բան կարող եմ յստակ ասել։
Այդ ժամանակաշրջանում Տէր-Պետրոսեանի բոլոր յայտարարութիւններն ուղղւած են եղել ռազմական գործողութիւնների ինֆորմացիոն և քաղաքական ապահովմանը։ Աւելին, ես չեմ կարող ասել, բայց ուզում եմ նշել մի հանգամանք, որ մեր յայտարարութիւններով մենք ապահովել ենք յաղթանակներ։
Այսօրւայ ամպագոռգոռ յայտարարութիւններով, մասնաւորապէս նաև «Комсомольская Правда»-ի հրապարակման մէջբերումով այսօրւայ իշխանութիւնները փորձում են ապահովել նրանց պարտութիւնը, ստեղծել նրանց պարտութեան ինֆորմացիոն ապահովումը։
Ի դէպ, օրեր առաջ ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանեանը յայտարարեց, որ միակ մարդը, ով արդէն 10 տարի է՝ խօսում է «Комсомольская Правда»-ի այդ համարի մասին, ՀՀ ներկայիս փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանն է։
-Բազմիցս ասել է, ես նրան բազմիցս յորդորել եմ այդ «Комсомольская Правда»-ի օրինակը բերել, տալ ինձ։ Նա այդ բանը չի արել. հաւանաբար կերել է այդ միակ օրինակը։ Նման բան ես չեմ լսել, տեսել։ Թող հրապարակեն, տեսնենք,- յորդորեց Ա. Արզումանեանը։
Սակայն ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբեանը փաստօրէն չպնդեց, որ Շաւարշ Քոչարեանն այդ միակ օրինակը կերել է՝ ասելով.
-Ես թերթերն ուտելու հետ կապւած որևէ յայտարարութիւն չեմ ցանկանում մեկնաբանել։ Դա իմ ոլորտը չի։
Արէգնազ Մանուկեան
7օր
0 Պատգամ:
Post a Comment