Saturday, April 10, 2010

Սերժ Սարգսեան.–

Սերժ Սարգսեան.–
«Ես մօտալուտ պատերազմի վտանգ չեմ տեսնում, բայց պատերազմը մեզ յանկարծակիի չի բերի»
«Հայաստանում, ցաւօք սրտի, կան լրատւամիջոցներ, որոնք ուղղակի հայերէն են թարգմանում ադրբեջանական պրոպագանդան»


18:24 • 09.04.10
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն այսօր Տաւուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է պատերազմի վերսկսման հնարաւորութեանը։
«Երբ չի՞ եղել պատերազմի վտանգ, կարո՞ղ էք ինձ ասել։ Մենք գտնւում ենք մի սահմանամերձ մարզում, և այստեղ մարդկանց հարցրէք՝ ե՞րբ չի եղել այդպիսի վտանգ։ Այդպիսի վտանգ եղել է 95–ին, 2000–ին, 2005–ին և այդպիսի վտանգ, այո, կայ նաև այսօր, և այդպիսի վտանգ լինելու է, մինչև մեր տարածաշրջանում չհաստատւի խաղաղութիւն և կայունութիւն։ Ուղղակի մեր ժողովրդի համար այդ վտանգը շատ թէ քիչ առարկայական է դառնում հիմնականում երկու դէպքում՝ երբ ադրբեջանցիները, այլ մեթոդ չունենալով, սկսում են յոխորտալ, այսպիսի միլիտարիստական պահւածք դրսևորել, չգիտեմ, թէ դրա հիմքը ինչն է կազմում, որովհետև ես այսօր չեմ տեսնում նրանց գերազանցութիւնը մեր նկատմամբ, և երկրորդ՝ այն պարագայում, երբ մեր ներքին քաղաքական կեանքում որոշ ուժեր փորձում են այդ հանգամանքը շահարկել»։
Նախագահը նշել է նաև, որ Հայաստանում, ցաւօք սրտի, կան լրատւամիջոցներ, որոնք ուղղակի հայերէն են թարգմանում ադրբեջանական պրոպագանդան։ «Կան լրատւամիջոցներ մեր երկրում, որոնց նպատակը կարծես թէ մեր ժողովրդին սարսափի մէջ պահելն է։ Ամօթ է ասել, բայց երբ Երևանում լոյս տեսնող թերթը փորձում է համեմատութեան մէջ դնել հայ և ադրբեջանցի զինւորին և փորձում է ադրբեջանցի զինւորի առաւելութիւնը ցոյց տալ, ես չեմ հասկանում այդպիսի մարդկանց։ Ես չեմ հասկանում այն լրագրողին, այն լրատւամիջոցին, ովքեր դիմում են տարբեր մարդկանց և ասում, որ պատերազմ է լինելու, կամ էլ ասում են՝ դուք իշխանութիւն էք, ուրեմն իշխանութիւնը պէտք է այդ պատերազմը վարի»,– նշել է նա։
Ըստ Սերժ Սարգսեանի, դա մարդկային տեսակի հարց է։ «Ես վստահ եմ, որ ընդդիմութիւնում, չեզոք մարդկանց մէջ կան այնքան մարդիկ, որ, Աստւած մի արասցէ, եթէ վաղը այդպիսի մի բան լինի, նրանք լինելու են առաջին շարքերում, և իշխանութիւնում կան մարդիկ, ովքեր, երբ այդպիսի մի բան լինի, ճողոպրելու են։ Մենք անցել ենք այդ ճանապարհը մի անգամ, այնպէս որ մարդկային տեսակի խնդիր է։ Ոչ, ես մօտալուտ պատերազմի վտանգ չեմ տեսնում, թէև յիշում եք, որ ես բազմաթիւ առիթներով յայտարարել եմ, որ պաշտպանութեան նախարարը մշտապէս պէտք է ենթադրի, որ հէնց վաղը ռազմական գործողութիւններ կարող են սկսւել։ Դրա համար մեր պաշտպանութեան նախարարը, մեր պաշտպանութեան նախարարութեան ղեկավարութիւնը առաւօտից մինչև ուշ գիշեր աշխատում են, այդ թւում նաև այստեղ՝ Տաւուշում։ Մեր բանակը մարտունակ է, և եթէ նորից եմ կրկնում, Աստւած մի արասցէ, այդպիսի բան լինի, մենք յանկարծակիի չենք գայ»։

Tert.am

0 Պատգամ: