Հայաստանը կը կատարի Արցախի առջև ստանձնած պարտաւորութիւնները


14:16 • 10.04.10
Հայաստանը կը կատարի իր բոլոր ծրագրերը և պարտաւորութիւնները, մասնաւորապէս, պետական բիւջէից վարկային միջոցներ ԼՂ-ին տրամադրելու հարցով: Այս մասին այսօր Ստեփանակերտում Արցախի և Հայաստանի կառավարութիւնների համատեղ նիստին յայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Նա վստահեցրեց, որ Հայաստանը 100 տոկոսով կը կատարի ֆինանսական օժանդակութիւնը ԼՂ-ին:
Տիգրան Սարգսեանը նաև նշեց, որ չնայած այն բանին, որ Հայաստանը 2009թ. եղել է ծանր տնտեսական վիճակում, իր բոլոր ծրագրերն ու պարտաւորութիւնները ԼՂ հարցով ամբողջութեամբ կատարել է:
ԼՂ վարչապետ Արա Յարութիւնեանն իր հերթին նշեց, որ Ստեփանակերտում կայացող իւրաքանչիւր միջկառավարական հանդիպումից յետոյ ԼՂ սոցիալ-տնտեսական կեանքում դրական տեղաշարժ է տեղի ունենում:
Խօսելով 2009թ. տնտեսական վիճակի մասին` Արա Յարութիւնեանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղն անցած տարի արձանագրել է 13,1 տոկոս տնտեսական աճ: Աճի ցուցանիշներն արձանագրւել են տնտեսութեան բոլոր հիմնական ճիւղերում (արդիւնաբերութիւն, շինարարութիւն, գիւղատնտեսութիւն, ծառայութիւնների և սպասարկման ոլորտ):
Արա Յարութիւնեանը նշեց, որ անցեալ տարի հարկեր-ՀՆԱ յարաբերակցութիւնը կազմել է 20,8 տոկոս, բիւջէի սեփական եկամտային մասը նախորդ տարւայ համեմատ աճել է 11 տոկոսով` կազմելով շուրջ 20 միլիարդ դրամ: Այս տարւայ առաջին եռամսեակում հարկային մուտքերը պետբիւջէ կազմել է 4 միլիարդ դրամ. այս ցուցանիշը 2009թ. առաջին եռամսեակի համեմատ աճել է 20,9 տոկոսով: Արցախի վարչապետը վստահեցրեց, որ այս տարի հարկային եկամուտները պետական բիւջէ կը լինեն ծրագրւածից աւելի:

Tert.am

0 Պատգամ: