Ե՞րբ և որտե՞ղ է լինելու Հայերի Նիւրնբերգը


«Հայկական Նիւրնբերգում պէտք է պատասխան տային այսօրւայ Թուրքիայի այն ղեկավարները, որոնց ՀՀ նախագահը անւանում է
«խիզախ գործընկերներ»
13:14 • 12.04.10
«Վերջերս Հայաստանի նախագահը խօսեց հայկական Նիւրնբերգից. «Իսկ ե՞րբ և որտե՞ղ է լինելու հայկական Նիւրնբերգը»:
Մինչև այսօր ի՞նչ են արել ՀՀ ղեկավարութիւնն ու քաղաքական ուժերն այդ Նիւրնբերգին հասնելու համար»,- այսօրւայ ասուլիսում նման հարցադրում արեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրէն Արմէն Այւազեանը:
Այւազեանի խօսքով՝ բացի հայերից ոչ ոք էլ Հայ Դատով չի զբաղւելու: Սակայն այդ ուղղութեամբ անկախութեան տարիներին որևէ աշխատանք չի կատարւել:
«Աւելի ստոյգ` արւել է ճիշտ հակառակը. հայկական Նիւրնբերգում պէտք է պատասխան տային այսօրւայ Թուրքիայի այն ղեկավարները, որոնց ՀՀ նախագահը անւանում է «խիզախ գործընկերներ»: Այսօրւայ Թուրքիան է ցեղասպան Օսմանեան կայսրութեան լիիրաւ իրաւայաջորդը»,- նշեց բանախօսը:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի` հայերին արտաքսելու վերաբերեալ յայտարարութիւններին` Այւազեանն ասաց, որ Հայաստանի ղեկավարութիւնը դրանց համարժէք պատասխան չտւեց: Փոխարէնը յայտարարւեց, որ Հայաստանը չի նահանջելու Հայ-թրքական յարաբերութիւններ հաստատելու գործընթացից և պատրաստ է վաւերացնել արձանագրութիւնները:
«Շատ կտրուկ պատասխան պէտք է տրւէր Թուրքիային, սակայն ընդամէնն ասւեց, որ այդ յայտարարութիւնները 15 թիւն են յիշեցնում: Եթէ դա 15 թիւն է յիշեցնում, ուրեմն Թուրքիան թշնամի է, որից պէտք է զգուշանալ և ոչ թէ փորձել յարաբերութիւններ հաստատել»,- ընդգծեց մասնագէտը: Նա կարծում է, որ Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիներին պէտք է կոչ անել լքել այդ երկիրը:
Ըստ մասնագէտի` Հայաստանը Թուրքիայի հետ պէտք է յարաբերութիւններ հաստատի միայն այն դէպքում, եթէ այդ երկիրը կատարի երկու պայման` ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը և դադարեցնի ԼՂ հարցում աջակցել Ադրբեջանին: «Հայաստանը պէտք է պայմաններ դնի, որովհետև զոհը մենք ենք»:
Այւազեանը նաև նշեց, որ Թուրքիան տեսնում է, թէ ինչպէս են Հայաստանի վրայ գործադրած իր ճնշումներն «աշխատում»: Ըստ նրա` Թուրքիայի վրայ նոյնպես միջազգային ճնշում է գործադրւում, սակայն այդ երկիրը հզօր է և կարող է դիմակայել ճնշումներին:
Ըստ Այւազեանի` այս խնդիրների առաջացման գլխաւոր պատճառը Հայաստանում ռազմավարութեան բացակայութիւնն է:

Tert.am

0 Պատգամ: