Հայաստանի ազգային արխիւը բաց է բոլոր ցանկացողների համար
18:07 • 09.04.10
«Ազգային արխիւը բաց է բոլոր ցանկացողների, ինչպէս Հայաստանի, այնպէս էլ այլ երկրների քաղաքացիների համար»,- այսօրւայ ասուլիսին ասաց արխիւի տնօրէնի տեղակալ Էդգար Յովհաննիսեանը՝ հերքելով թուրքական կողմի յայտարարութիւնները, թէ իբր հայկական արխիւը հասանելի չէ փաստաթղթերի հետ ծանօթանալու համար։
Յովհաննիսեանը միևնոյն ժամանակ նշեց, որ 2005 և 2009թթ. Հայաստան են այցելել թուրք պատմաբաններ, ովքեր մէկական ամիս շարունակ աշխատել են Ազգային արխիւում պահւող փաստաթղթերի հետ, մասնաւորապէս, Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ փաստաթղթերի։
Խօսելով երկու երկրների պատմական հարցերի ուսումնասիրմամբ զբաղւող ենթայանձնաժողովի ստեղծման մասին` Յովհաննիսեանը մէջբերեց նախագահ Սերժ Սարգսեանի խօսքերը, որոնց համաձայն Հայոց Ցեղասպանութեան փաստը չի կարող լինել քննարկումների առարկայ։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հանդէպ պահանջատիրութեան հարցին, Ազգային արխիւի տնօրէնի տեղակալը նշեց. «Իւրաքանչիւր Հայ գիտի, թէ ինչ է կորցրել»։ Սակայն, ըստ նրա, պահանջատիրութիւնը պաշտօնական ձևակերպման կարիք ունի։ Այսպիսով, գլխաւոր նպատակը Ցեղասպանութեան միջազգային ճանաչումն է, ինչը կը յանգեցնի Թուրքիայի կողմից ընդունման, իսկ յետոյ նաև փոխհատուցման։

Tert.am

0 Պատգամ: