Սուրբ Յարութեան տօնն ազդարարւում է այսօր՝ եկեղեցիներում մատուցւող Ճրագալոյցի Պատարագով

13:57 / 03.04.2010
Սուրբ Յարութեան տօնը Հայ եկեղեցու համար առանցքային նշանակութիւն ունի. այն 35 օրւայ շարժականութեամբ է եւ հաշււում է գարնան գիշերահաւասարին յաջորդող լուսնի լրման մօտակայ կիրակի օրը։
Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման պարզաբանումներով հանդէս եկաւ Արարատեան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիւ տէր Յակոբ Խաչատրեանը։
Նշելով, որ Սուրբ Յարութեան տօնն այս տարի նշւում է ապրիլի 4-ին, նա յիշեցրեց, որ Զատկի տօնն իրականում սկսւում է այսօր՝ եկեղեցիներում մատուցւող ճրագալոյցի Պատարագի արարողութեամբ. «Երեկոյեան ժամերգութեան աւարտից յետոյ 49 օր շարունակ պահքի մեջ գտնւող մարդկանց եւ ոչ միայն նրանց համար խորանից մոմեր են իջեցւում, որոնցից հաւատացեալները վառում են իրենց ճրագները եւ դրանք տանում իրենց տները,- տեղեկացրեց Տէր Յակոբ քահանայ Խաչատրեանը,- հետեւաբար Սուրբ Յարութեան տօնը „Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի“ բառերով ազդարարւում է արդէն այսօր երեկոյեան»։
Անդրադառնալով Զատկի սեղանին դրւող կերակուրներին, այն է՝ ներկած հաւկիթ, ձուկ, չամչով փլաւ եւ տապակած կանաչիներ, հոգեւոր հովիւը ընդգծեց, որ դրանք, թեթեւ եւ հեշտ մարսելի լինելով, նպատակ ունեն չծանրաբեռնել պահքից դուրս եկողի ստամոքսը. «Ինչ վերաբերում է Սուրբ Յարութեան տօնին ձուն կարմրով ներկելուն, ապա Գրիգոր Տաթեւացու կողմից դա բացատրւում է հետեւեալ կերպ. կարմիր գոյնը խորհրդանշում է Քրիստոսի արիւնը, որը նա յեղեց մեզ՝ բոլոր մեղաւորներիս համար, ձւի սպիտակուցը՝ ջուրն է, դեղնուցը՝ երկրագունդը, իսկ ձուն ամբողջութեամբ խորհրդանշում է ողջ աշխարհը։ Իսկ բրնձով փլաւի միջի չամիչները խորհրդանշում են այն քիչ հաւատացյալներին, ովքեր կը փրկւեն Քրիստոսի երկրորդ գալստեան ժամանակ»,- տեղեկացրեց նա՝ միեւնոյն ժամանակ յաւելելով, որ թիւր է այն կարծիքը, թէ ննջեցեալներ ունեցող ընտանիքները չպէտք է ձուն կարմիրով ներկեն։
Նրա խօսքով, իր մէջ յատուկ խորհուրդ է պարունակում նաեւ «ձու կռւեցնելը». «Ձու խաղալը մարդու՝ իր նմանների հետ տօնի ուրախութիւնը կիսելու խորհուրդն ունի»,-ամփոփեց նա։
Նշենք, որ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կոչւում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստւած: Յիսուս Քրիստոսի խաչելութիւնից եւ մահից յետոյ` երեկոյեան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցնում են խաչից եւ դնում վիմափոր գերեզմանի մէջ՝ այն փակելով մեծ քարով: Երեք օր յետոյ` կիրակի առաւօտեան, իւղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Յակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գալիս են գերեզման՝ անուշաբոյր իւղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսնում են, որ քարայրի մուտքի քարը հեռացւած է, իսկ գերեզմանը` թափուր:
Յարութեան լուրը կանայք աւետում են առաքեալներին, որից յետոյ Յիսուսը երեւում է նրանց:
Նշենք, որ ՀՀ կառավարութեան որոշմամբ Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղաւար տօներին, այդ թւում՝ Զատկին, յաջորդող օրերը մեռելոց օրեր են եւ յայտարարւած են ոչ աշխատանքային։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: