Հայ զինծառայողները չեն տուժել Աֆղանստանում խաղաղապահ ուժերի եւ թալիբների միջեւ բախումներում

12:59 / 03.04.2010
Աֆղանստանում խաղաղարար առաքելութիւն իրականացնող Հայ զինւորականների շրջանում` թալիբների հետ Քունդուզ նահանգում բախումների հետեւանքով, նախնական տւեալներով, զոհեր կամ տուժածներ չկան:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշել է Հայաստանի պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Սէյրան Շահսուվարեանը:
Նա նշել է, որ հայ զինւորականները Քունդուզում ապահովում են միայն քաղաքի օդանաւակայանի անվտանգութիւնը: Իսկ բախումները տեղի են ունեցել Չախար-դարայ տեղանքում, որ տեղակայւած է աֆղանական այդ քաղաքում գերմանական ռազմաբազայի անմիջական հարեւանութեամբ:
Նշենք, որ երէկ երեկոյեան Աֆղանստանի Քունդուզ նահանգում գերմանացի զինծառայողների գնդակներից զոհւել են վեց աֆղանցի թալիբներ: Deutsche Welle-ի տւեալներով, թալիբների հետ մարտերում զոհւել են գերմանացի երեք, ծանր վիրաւորւել 5 զինւորներ:
Յիշեցնենք, որ Հայաստանի զինւած ուժերի խաղաղարար բրիգադի ստորաբաժանումը փետրւարի 14-ից ծառայութիւն է իրականացնում աֆղանական այդ նահանգում, գերմանական զօրամիաւորման կազմում: Նրանք Աֆղանստան են ժամանել Գերմանիայից, որտեղ մինչ այդ մասնակցել են նախապատրաստական վարժանքներին:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: