«Ադրբեջանը կարծես Թուրքիային է յանձնել Արցախեան հակամարտութեան լուծման ողջ պատասխանատւութիւնը»

13:24 / 17.04.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար վաշինգտոնեան այցը ծառայեց որպէս պատշաճ հնարաւորութիւն՝ թուրք-ադրբեջանական դաշինքի հակահայկականութիւնը նորովի ընդգծելու համար:
NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան Ազգային ռազմավարական հետազոտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն Վահրամ Տէր-Մատթէոսեանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում Սարգսեան-Էրդողան հանդիպումից յետոյ թուրքական քաղաքականութեան նոր ելեւէջները:
Ըստ փորձագէտի՝ Թուրքայի վարչապետի ու արտգործնախարարի վաշինգտոնեան ելոյթները եւ նրանց հանդիպումների վերաբերեալ արւած մեկնաբանութիւնները լայնօրէն սփռւեցին միջազգային լրահոսերում` գործադրւած մեծագոյն ջանքերի շնորհիւ: «Հետեւաբար, առկայ է բաւական շոշափելի տեղեկոյթային դաշտ՝ Թուրքիայի իշխանութիւնների վերաբերմունքում նկատւած փոփոխութիւններն ըմբռնելու եւ դրանք նորովի մեկնաբանելու համար: Վարչապետ Էրդողանի այցի շարժառիթների մասին բազմաթիւ կարծիքներ հնչեցին, սակայն անտեսւեց այն հանգամանքը, որ Էրդողան-Ալիեւ զոյգը չէր կարող հանդուրժել, եթէ նախագահ Սարգսեանը միայնակ այցելէր Վաշինգտոն եւ այնտեղ լսելի դարձներ բացառապէս հայկական տեսակէտը: Էրդողանի համար Վաշինգտոնեան այցը ծառայեց որպէս պատշաճ հնարաւորութիւն թուրք-ադրբեջանական դաշինքի հակահայկականութիւնը նորովի ընդգծելու համար»,- նկատեց Տէր-Մատթէոսեանը եւ յաւելեց. «Վաշինգտոնեան հանդիպումների յաջորդ եզրակացութիւնը Էրդողանի աճող պատասխանատւութեան զգացումն է Ադրբեջանին տրւած խոստումների նկատմամբ: Ադրբեջանը կարծես Թուրքիային է յանձնել Արցախեան հակամարտութեան լուծման ամբողջ պատասխանատւութիւնը։ Նա փնովում է Մինսկի խմբի համանախագահներին եւ դրանով իսկ փորձում է աջակցել Մինսկի խմբի ձեւաչափը վերանայելու Անկարայի նկրտումներին»:
Փորձագէտի կարծիքով՝ միւս եզրայանգումը, որը կարելի է կատարել, առնչւում է այն օրինաչափութեանը, որ Անկարան իւրաքանչիւր տարւայ ապրիլի 24-ի նախօրէին առաւել մեծ ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի նախագահի կողմից ցեղասպանութիւն բառի արտասանումը կանխելու ուղղութեամբ: «Եթէ տարիներ առաջ թուրք բարձրաստիճան պաշտօնեաները լռում էին այդ մասին, ապա վերջին մի քանի տարւայ ընթացքում նրանց կանխարգելիչ ջանքերն ու դրանց կարճաժամկէտ ազդեցութեան մասին բողոք-պնդումներն առաւել քան ակնբախ են»,- ասաց փորձագէտը:
«Եւ վերջին, թերեւս առաւել կարեւոր դիտարկումներից մէկը, առաջնային ու երկրորդային նախապայմանների լեզւով խօսելու Անկարայի նորացւած վարքագիծն էր: Եթէ փորձենք շարադրել Էրդողանի ու Դաւութօղլուի կողմից արւած նախապայմանների շարքը եւ տրամաբանութիւնը, ապա այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ թուրքերը ուղղորդւում են „ինչքան շատ նախապայման, այնքան լաւ“ սկզբունքով: Եւ դա արւում է՝ ի յեճուկս Հայաստանի իշխանութիւնների կողմից առաւել յաճախակի դարձած պնդումների, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների յարաբերութիւններ հաստատել Անկարայի հետ: Ահա այսպիսին է թրքական կրկնւող ու նորայայտ նախապայմանների մօտաւոր շարքը. Հայ-թքական յարաբերութիւններում Արցախեան հիմնահարցը չի կարող անտեսւել, Հայաստանը պէտք է դադարեցնի Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը, Հայաստանը պէտք է դադարեցնի միջնորդաւորւած կերպով Թուրքիայի վրայ ճնշումների գործադրելու պրակտիկան, Հարաւային Կովկասում պէտք է հաստատւեն ոչ թէ միակողմանի այլ բազմակողմ լուծումներ, Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցումը կը լինի փխրուն, եթէ տարածաշրջանում միւս խնդիրներն անտեսւեն, ՀՀ Սահմանադրական դատարանը պէտք է վերանայի Յունւարի 18-ի որոշումը, Արցախը պէտք է դուրս բերի իր զօրքերն առնւազն երկու ազատագրւած շրջաններից` Ակնից (նախկին Աղդամ) եւ Վարանդայից (նախկին Ֆիզուլի) եւ այլն:
Այսպիսով, Վաշինգտոնում կրքերն այնքան բորբոքւեցին, որ եթէ մինչեւ ապրիլի 24-ը մենք ականատես չլինենք որեւէ կտրուկ շրջադարձի, ապա վաշինգտոնեան հանդիպումները կարող են յիշւել որպէս Հայ-թրքական բարդ գործընթացը նւազագոյնի հասցնելու պատճառներից մէկը»,- ամփոփեց Վահրամ Տէր-Մատթէոսեանը:



Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: